Հոկտեմբերի 2-ին չի վճռվել 2017-ի հարցը. Մեկնաբան


Հոկտեմբերի 2-ին չի վճռվել 2017-ի հարցը. Մեկնաբան

  • 03-10-2016 16:09:54   | Հայաստան  |  Վերլուծություն

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Գյումրիի եւ Վանաձորի ավագանի-քաղաքապետերի ընտրությունը, որին հանրության քաղաքականապես աշխույժ մասը հետեւում էր մեծ հետաքրքրությամբ:
 
Բանն այն է, որ այդ ընտրությանը նախորդ տարիների համեմատ աննախադեպ աշխուժությամբ եւ տրամադրվածությամբ էին մասնակցում քաղաքական հիմնական ուժերը: Հայաստանի այլ քաղաքներում եւ համայնքներում էլ անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, սակայն հիմնական ուշադրությունը Վանաձորի եւ Գյումրու ուղղությամբ էր:
 
Այստեղ արդեն կան նախնական արդյունքները, որոնց համաձայն առաջատարը ՀՀԿ-ն է, որ Գյումրիում հանդես եկավ ոչ թե իր, այլ Բալասանյան դաշինք անվանումով: Բայց ՀՀԿ-ն ամենեւին բացարձակ առաջատար չէ, ինչպես նախկինում: Հայաստանի մեծությամբ երկրորդ եւ երրորդ քաղաքներում քաղաքապետ ունենալու համար ՀՀԿ-ն ունենալու է կոալիցիայի կարիք:
Բայց կոալիցիայի առումով էլ ՀՀԿ-ն փաստորեն ունի լայն ընտրություն, քանի որ Գյումրիում նրա հետ անցողիկ շեմը հաղթահարել են ԲՀԿ-ն, Հայկական Վերածնունդը՝ ՕԵԿ, Վարդան Օսկանյանի Համախմբումը եւ նորաստեղծ Գալա կուսակցությունը:
Թերեւս բացառելի է Համախմբումի եւ Գալայի տարբերակը: Երկուսն էլ հանդես են գալիս կոշտ ընդդիմության դիրքերից եւ առնվազն տարօրինակ կլինի, եթե կոալիցիա կազմեն ՀՀԿ հետ: Իսկ ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, չնայած հանդես են գալիս եւս կոշտ մոտեցումներով, սակայն դրանով հանդերձ ունեն ՀՀԿ հետ փափկելու հարուստ փորձ:
Կասկած չկա, որ Գյումրու ավագանում ՀՀԿ հետ կոալիցիայի հարցում նրանց առաջնային մոտիվացիան լինելու է ոչ թե քաղաքը, կամ ոչ այնքան քաղաքը, որքան խորհրդարանի ընտրության 5 տոկոսի շեմը, եւ կոալիցիայի հարցը լուծվելու է թերեւս հենց այդ հիմքով:
Վանաձորում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերության հավակնորդներից առաջինը բնականաբար ՀՅԴ-ն է, որի հետ ՀՀԿ-ն արդեն դե յուրե կոալիցիայի մեջ է: Դրանից բացի, Վանաձորի ավագանում էլ կա ԲՀԿ-ն, եւ կա ՕԵԿ-ը:
Բոլոր դեպքերում, այն փաստը, որ ՀՀԿ-ն որեւէ տեղ չի կարողացել ապահովել բացարձակ հաղթանակ, արդեն իսկ խոսում է որոշակի նոր իրավիճակի մասին: Մյուս կողմից, այդ հանգամանքը հարաբերականորեն է հնարավոր ասել նորություն, քանի որ ՀՀԿ-ն վաղուց է գրեթե բացահայտ ցույց տվել, որ չունի բացարձակ հաղթանակի ակնկալիք, ընդ որում համապետական մասշտաբով: Դրա վկայությունն էր թե փետրվարյան կոալիցիան ՀՅԴ հետ, որն այլ բան չէր, քան խորհրդարանի ընտրության պահեստային տարբերակ, թե 2015 թվականին դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հեռուստահարցազրույցը Սահմանադրության հանրաքվեից առաջ:
Այդ տեսանկյունից, Գյումրիի ու Վանաձորի ընտրությունը պարզապես ավելի վաղ ստեղծված իրավիճակի առաջին արձանագրումն էր:
Այստեղ առաջ է գալիս մյուս հարցը, որը թերեւս ամենից շատն է հուզում, կամ ամենաշատ հուզող հարցերից էր ՏԻՄ ընտրության այս ինտրիգի համատեքստում. արդյոք  այդ ընտրությունը հնարավոր է համարել 2017-ի ապրիլին տեղի ունենալիք ԱԺ ընտրության փոքր մոդել կամ պատկեր:
Ընդհանուր տրամաբանությամբ եւ տրամադրության առումով՝ այո, բայց կոնկրետ արդյունքի, քաղաքական ուժերի դասավորության, շանսերի, այդ արդյունքն արձանագրելու մեխանիկայի առումով՝ ոչ:
Վանաձորի եւ Գյումրու ընտրություններն անգամ իրարից են եղել ակնհայտորեն տարբեր, ինչի մասին կարող է լինել խոսքը համապետական մասշտաբի առումով: Մյուս կողմից, ուրվագծվել է համապետական մասշտաբի դեպքում այդ երկու խոշոր քաղաքների տեսակարար կշռի ընդհանուր մի պատկեր, որն իհարկե կարեւոր նշանակություն կունենա 2017-ի համար, բայց ոչ վճռորոշ:
Այլ կերպ ասած, հոկտեմբերի 2-ին ամենեւին չի վճռվել 2017-ի հարցը կամ պատկերը, բայց փորձարկվել է տրամաբանությունը, որ առնվազն իշխանությանը, իշխող համակարգին հայտնի ու պարզ էր դեռեւս մեկ-երկու տարի առաջ: Եվ այդ իմաստով, թվում է, որ իշխանությունն այդ տրամաբանությունը փորձարկել է իր համար համեմատական հաջողությամբ:
Ներիշխանական ռեսուրսների սպառման, դրա հետեւանքով ներքին դիմակայության, բաժանարար գծերի բազմազանության եւ ընդգծվածության պայմաններում իշխանությունը կարողացավ համակարգը տանել սահուն ապակենտրոնացման եւ այդ տրամաբանությամբ կառավարելի մրցակցության պայմաններում լիցքաթափել իրավիճակն ու անցկացնել Երեւանից հետո մյուս երկու խոշոր քաղաքների իշխանության ձեւավորման գործընթացը:
Անկասկած է, որ համապետական ընտրությանը կիրառվելու են բազմաթիվ այլ եւ նոր գործիքներ, սակայն անկասկած է նաեւ, որ գործընթացը լինելու է «կառավարելի ապակենտրոնացման» տրամաբանության մեջ, որն ըստ էության Սերժ Սարգսյանի նոր զենքն է ընթացիկ սոցիալ-քաղաքական  իրավիճակում:
Այդ տեսանկյունից, նկատելի է, որ ՏԻՄ ընտրությանը ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը նոր տրամաբանության շրջանակում կարողացան որոշակիորեն վերակազմակերպել սեփական գործունեությունը եւ ինչ որ իմաստով բարձրացնել մրցունակությունը: Սակայն մրցունակությունը բարձրացել է ավելի շատ միմյանց, քան իշխանության հանդեպ: Եվ այդ իմաստով, Գյումրիից եւ Վանաձորից հետո ընդդիմադիր դաշտի մասով բաց է մնում հարցը, թե կարո՞ղ են արդյոք այդ ուժերը, մրցակցային պոտենցիալի բարձրացմամբ հանդերձ, մնալով այդ տրամաբանության մեջ, 2017-ին ընդառաջ ոչ միայն միմյանց դեմ լուրջ խնդիրներ առաջացնեն, այլ նաեւ՝ իշխող համակարգի համար:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play