«Պաատա Բուրչուլաձե՝ պետություն ժողովրդի համար». Կուսակցություն առանց նախընտրական ծրագրի


«Պաատա Բուրչուլաձե՝ պետություն ժողովրդի համար». Կուսակցություն առանց նախընտրական ծրագրի

  • 04-10-2016 12:31:41   | Վրաստան  |  Քաղաքական

Վրաստանի՝ Իններորդ համագումարի Խորհրդարանում տեղերի որոշակի քանակություն զբաղեցնելու հավակնող քաղաքական կուսակցություններից ևս մեկն է «Պաատա Բուրչուլաձե՝ պետություն ժողովրդի համար» կուսակցությունը։ Նախկին օպերային երգչի կողմից ղեկավարվող կուսակցությունը իր ստեղծման առաջին իսկ օրվանից գրավել է վրաց ընտրողի ուշադրությունը և սկսել է որոշակի ժողովրդականություն վայելել։ Մինչդեռ, անցած ամիսների իրադարձությունները (կասկածելի քաղաքական կուսակցությունների և քաղաքական գործիչների հետ միավորումը, որոնք ընդամենը մի քանի օր առաջ, ըստ էության, լքեցին Բուրչուլաձեի կուսակցությունը), բացասականորեն ազդեցին կուսակցության ինչպես վարկանիշի, այնպես էլ նրա կազմակերպվածության վրա։
 
Բոլոր վերափոխումներից հետո կուսակցությունը Վրաստանի Կենտրոնական Ըտրական Հանձնաժողովին է ներկայացրել 177 հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակը։ Կուսակցական ցուցակում նշված է պատգամավորի թեկնածուներ 3 հայի ազգանուն (Մելքոն Մակարյան, Շաքրո Այվազյան և Ալբերտ Կարապետյան) և 5 ադրբեջանական ազգանուն։ Հետաքրքիր է, որ թարմացված ցուցակում բացակայում է Թբիլիսիի հայաբնակ թաղամասերից մեկի մեծամասնության թեկնածու Էդգար Բարսեղյանը, որի ազգանունն առկա էր կուսակցության նախկին ցուցակում։
Ինչ վերաբերում է «Պաատա Բուրչուլաձե՝ Պետություն ժողովրդի համար» կուսակցության տեսությանը, ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացման հետ կապված հարցերի վերաբերյալ այստեղ չկա ո´չ պարզություն, ո´չ որոշակիություն։
«Պաատա Բուրչուլաձե՝ Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը փաստացիորեն 2016թ խորհրդարանական ընտրություններին մասնակցող միակ կուսակցությունն է, որը դեռևս ամբողջությամբ չի հրապարակել իր նախընտրական ծրագրի տեքստը։
Հարկ է նշել, որ դեռևս ընթացիկ տարվա հուլիսի վերջին «Պաատա Բուրչուլաձե՝ Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը հանդիպում էր կազմակերպել ազգային փոքրամասնությունների Համայնքների ներկայացուցիչների հետ։ Անցկացված հանդիպման ընթացքում ներկայացվել է կուսակցության ընդհանուր տեսությունը Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ։ Այդ հանդիպման ընթացքում կուսակցության ընդհանուր տեսությունը հավաքվածներին ներկայացրեց «Պաատա Բուրչուլաձե՝ Պետություն ժողովրդի համար» քաղաքական ուժի համահիմնադիրներից մեկը՝ Ագիթ Միրզոևը, որը համոզում էր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, որ հենց Բուրչուլաձեի կուսակցությունն է նպատակաուղղված աջակցելու երկրի ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը։
Մինչդեռ, հնչած խոստումները, այնպես, ինչպես նախընտրական ծրագիրը, մինչև օրս անհասանելի են մնում ընտրողի համար։ Ավելին, հատկանշական է այն փաստը, որ ինքը՝ Ագիթ Միրզոևը, որը մասնակցում էր կուսակցության՝ ազգային փոքրամասնությունների հարցերի շուրջ քաղաքական տեսլական ձևավորմանը, մի քանի օր առաջ հայտարարել է կուսակցությունից իր հեռանալու մասին։
«Պաատա Բուրչուլաձեի կուսակցությանն իմ անդամակցությունը պայմանավորված էր քաղաքական որոշումների ընդունման գործընթացում ազգային փոքրամասնությունների մասնակցությունն ապահովելու հարցում նրան աջակցելու ցանկությամբ։ Դա իմ առաջադրանքն էր։ Ցավոք, այսօր ես տեսնում եմ, որ այդ առաջադրանքն այդպես էլ չի իրագործվել։ Ես կուսակցության ծրագրի այն բաժնի հեղինակն եմ, որն ամիջականորեն վերաբերում էր քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում ազգային փոքրամասնությունների մասնակցությունն ապահովելուն։ Օգոստոսի կեսերից կուսակցության ներսում երկրի ազգային փոքրամասնություններին վերաբերող հարցերի հանդեպ հետաքրքրությունն աստիճանաբար մարեց։ Այսօր կարող եմ պնդել, որ այդ հարցերն ամբողջությամբ դուրս են մնացել կուսակցության աշխատանքի օրակարգից։ Պաատա Բուրչուլաձեն չկարողացավ ապահովել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը իր իսկ կուսակցության աշխատանքում։ Հենց այդ պատճառով, կարծում եմ, որ խոսել այն մասին, որ ապագայում նա կապահովի ազգային փոքրամասնությունների ներայացուցիչների մասնակցությունը երկրի ղեկավարման գործընթացներում,  ինձ համար անլրջություն է։
Ես չեմ ցանկանում Համայնքային կազմակերպությունների առջև պատասխանատու լինել կուսակցության տված անկատար խոստումների համար։ Այդ իսկ պատճառով ես որոշում ընդունեցի հանդես գալ Պաատա Բուրչուլաձեի կուսակցության կազմից հեռանալու մասին հայտարարությամբ», -հայտարարել է «Պաատա Բուրչուլաձե՝ Պետություն ժողովրդի համար» կուսակցությանը կից ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող խմբի արդեն նախկին ղեկավար Ագիթ Միրզոևը։
Վրաստանում Խորհրդարանական ընտրությունները կկայանան չորս օրից։
 
 
http://armenian-community.ge/News/2118
Նոյյան տապան  -   Քաղաքական