Բացահայտվել են ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից յուրացում և կեղծիք կատարելու դեպքեր. հարուցվել է քրեական գործ


Բացահայտվել են ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից յուրացում և կեղծիք կատարելու դեպքեր. հարուցվել է քրեական գործ

  • 04-10-2016 14:59:55   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու վերաբերյալ տվյալներ:
 
Մասնավորապես՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության տեսուչները տարբեր քաղաքացիների նկատմամբ ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար 100 հազ. ՀՀ դրամ տուգանք նախատեսող վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ են կազմել և հիշյալ փաստաթղթերը փոխանցել են ՀՀ ճանապարհային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Տ. Օ.-ին, որը իր իրավասության սահմաններում, հիշյալ արձանագրությունների հետ կապված վարչական գործընթացը սահմանված կարգով իրականացնելու փոխարեն, այդ քաղաքացիներից առձեռն վերցրել է 100.000-ական ՀՀ դրամ գումար, այնուհետև քաղաքացիների անունից վարչական իրավախախտման արձանագրություններում նշված տուգանքների մուծման ժամկետները 6 ամսով երկարացնելու համար կեղծ դիմումներ է գրել, որից հետո արձանագրություններին կցել է մուծման կեղծ կտրոններ՝ ցույց տալով, թե, իբր, հիշյալ քաղաքացիներն իրականում վճարումներ են կատարել բանկի համապատասխան մասնաճյուղում, սակայն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացրել է հիշյալ գումարները:
 
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական կեղծիք և պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ  մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
 
լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Իրավունք