Ավարտվել է Սարի թաղում «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը.ՀՔԾ


Ավարտվել է Սարի թաղում «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը.ՀՔԾ

  • 05-10-2016 15:19:17   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
 
Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Տիգրան Ահարոնյանը նկատել է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող և իրադարձությունները տեսանկարահանող լրագրող Հ. Մովսիսյանին, կարծել է, թե լրագրողը տեսանկարահանում է իրեն, և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ, վիճաբանել է նրա հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Տ. Ահարոնյանը լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի:
 
Այս կերպ՝ Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
 
Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Տ. Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն