«Լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից». ՀՀԿ պատգամավորի առաջարկը՝ խոսքի ազատության դեմ


«Լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից». ՀՀԿ պատգամավորի առաջարկը՝ խոսքի ազատության դեմ

  • 05-10-2016 16:49:47   | Հայաստան  |  Հասարակություն
aravot.am.Այս պահին խորհրդարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածության հարցն է քննարկվում:
 
ԿԸՀ անդամի թեկնածու Սեյրան Շահսուվարյանն իր ելույթում ասաց, ԿԸՀ-ում իր խնդիրն է պատրաստել որակյալ լրագրողներ, ինչպես ՊՆ-ում էր. «Եթե ընտրվեմ, պարտավորվում եմ գոնե մինչեւ ապրիլ 100 պրոֆեսիոնալ կադրեր պատրաստել: Բոլորդ եք տեղյակ, որ մեր լրատվամիջոցները պատրաստ չեն»: Նա պատմեց, որ լրագրողները գնում են հարցազրույցի, մամուլի ասուլիսների՝ բացարձակ անտեղյակ լինելով, թե ինչի համար եւ ուր են եկել:
 
 ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը միացավ ԶԼՄ-ների դեմ բողոքին. «Ես հանրաքվեից հետո հարց բարձրացրեցի, որ այն լրատվամիջոցները, որոնք բացարձակ հակաքարոզչությամբ էին զբաղվում, ենթարկվեին պատասխանատվության: Կարծես որեւիցե նման պատասխանատվություն ես չեմ լսել, որ ենթարկվեն նման մեկնաբաններն ու ԶԼՄ-ները: Կարծում եմ, ձեր մոտեցումն է պետք, որ օրենքում պատժաչափերը խստացնենք, թեկուզ լրատվամիջոցներին զրկենք լիցենզիաներից: Առաջիկայում քանի որ ունենք համապետական ընտրություններ, բացառենք լրագրողի կամ լրատվամիջոցի նման դրսեւորումները»:
 
Սեյրան Շահսուվարյանը պատասխանեց. «Արդեն 25 տարի այդ հարցն օրակարգում է, եւ այսօր լուծում չունի: Լրատվամիջոցները խոսքի ազատության տակ ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ գրում են: Ես չեմ հիշում որեւէ մի դեպք, որ մի լրագրող մինչեւ այսօր պատասխան տված լինի իր արածի համար: Բացարձակ ստի համար պատասխան տված լինի: Անգամ վերցնելով գումար, հրապարակելով որոշ բաներ, որոնցից ինքն էլ անտեղյակ է, չեն էլ փորձում գոնե երկրորդ կողմին լսել»: Նա ասաց, որ հարյուրավոր լրագրողների է խնդրել, աղաչել, որ մյուս կողմին էլ լսեն: Պարոն Շահսուվարյանն ասաց, որ լուծումն օրենսդիր մարմինը պետք է տա. «Եթե կկարողանաք մի այնպիսի օրենք ընդունել, որ մարդը պատասխան տա իր արածի համար, այն ժամանակ երեւի ամեն ինչ իր տեղը կընկնի: Քանի դեռ պատասխանատվության զգացում չունեն՝ ինչ ուզելու, գրելու են»:
 
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց, որ ազատ խոսքը, մամուլի, խոսքի ազատությունը մեր երկրի ժողովրդավարական նվաճումների մեջ ամենաարժեքավորներից մեկն է. «Իհարկե, կան նեգատիվ երեւույթներ, խնդիրներ կան, որ պետք է կարգավորենք, բայց ոչ երբեք սահմանափակենք խոսքի ազատությունը»: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play