«Բիշարյանը թող իր ստեղծագործական տարողություններն ուրիշ բնագավառում դրսեւորի».Ծեծի ենթարկված հոգևորական


«Բիշարյանը թող իր ստեղծագործական տարողություններն ուրիշ բնագավառում դրսեւորի».Ծեծի ենթարկված հոգևորական

  • 05-10-2016 17:17:11   | Լոռու մարզ  |  Հասարակություն
Արդեն Armtimes.com-ը տեղեկացրել էր, որ երեկոյան Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՎԿ ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծի է ենթարկել Հայ-Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին: Armtimes.com-ի հետ զրույցում Ռաֆայել Գրիգորյանը մանրամասներ պատմեց դեպքի մասին.
 
«Երեկոյան 21:00-ին մոտ, դուռը բացվեց, ներկայացավ Արկադին, խաչակնքվեց ու ասեց առանձին ուզում եմ զրուցել, դուրս եկա, տեսա 10-15 տղաներ են: Ասեց՝ իրենք էլ են հավատացյալներ, բայց ուզում եմ երկուսով խոսենք, սենյակում առանձնացանք մի տղա էլ մտավ, դուռը փակեց, ու սկսվեց ամեն ինչը: Հայհոյում էր ու գլխիս հարվածում, այնքան ուժեղ էր, որ առաջին հարվածից հետո համարյա էլ բան չեմ հասկացել»,- պատմեց Ռաֆայել Գրիգորյանը:
 
Հարցին՝ այդ ընթացքում ի՞նչ էր ասում, առհասարակ որեւէ խնդիրներ ունեցե՞լ եք իր հետ, զրուցակիցն ասաց.
 
«Ասում էր՝ ինձ պետք է ձայնդ տայիր, ինչի՞ ես ուրիշին քվեարկել: Մինչեւ ընտրությունները իր աջակիցներից օրացույցներ էին բերել էստեղ իր նկարով, ես թույլ չտվեցի, որ եկեղեցում քարոզչություն լինի: Ինձ թվաց էդ մասին է եկել խոսելու, բայց ոչինչ չասեց, միայն ասում էր ինձ պետք է ձայն տայիր ու սեռական բնույթի ամենաայլանդակ հայհոյանքներն էր հնչեցնում»:
 
Ռաֆայել Գրիգորյանի խոսքով՝ փեսան ու աղջիկն են առաջինն օգնության հասել՝ մինչ ոստիկանների գալը, ոստիկանների գալուց հետո էլ տեղափոխվել է հիվանդանոց.
 
«Ճնշումս շատ բարձրացավ, երկու տարբեր հիվանդանոցներում բուժզննման են ենթակվել, այսօր եւս,  արդյունքները դեռ պարզ չեն»,- ասաց Գրիգորյանը՝ ասելով, որ հարվածները հիմնական գլխի շրջանում է ստացել, մարմնական վնասվածքներ որպես այդպիսին չունի:
 
«Ըստ երեւույթին իմացել է, որ ձայն չեմ տվել իրեն ու որոշել է պատժել: Անընդհատ սպառնում էր, ասում էր՝ չես ապրելու, կզացրած եմ պահելու»,- պատմեց Գրիգորյանը:
 
Ինչ վերաբերում է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքերին, որ ոչ թե ծեծ է եղել, այլ՝ «քաշքշուկ», Հայ-Ավետարանական եկեղեցու առաջնորդն ասաց.
 
«Բիշարյանը թող իր ստեղծագործական տարողություններն ուրիշ բնագավառում դրսեւորի, էստեղ անհաջողության կհասնի: Դա բացարձակ սուտ է, իմ կյանքում երբեք որեւէ մեկին չեմ քաշքշել, հայհոյել կամ կռվել»:
 
Արկադի Փելեշյանն այսօր հայտնաբերվել է ոստիկանության կողմից եւ բերման ենթարկվել: Ահազանգի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է սկսվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play