Ցանկացած անձ, ցանկացած երեւույթ լրագրության համար «հումք» է` հետաքրքիր պատմություն պատմելու համար. Արամ Աբրահամյան


Ցանկացած անձ, ցանկացած երեւույթ լրագրության համար «հումք» է` հետաքրքիր պատմություն պատմելու համար. Արամ Աբրահամյան

  • 06-10-2016 12:38:57   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Երբ խոսքը լրագրության մասին է՝ քաղաքականացված մոտեցումներն ինձ համար անընդունելի են:
 
Պրոֆեսիոնալիզմը պահանջում է, որ եթե դու չես հավանում, ասենք, Քոչարյանին կամ Ամալյանին, դու չպիտի խորշես նրանց հետ շփվելուց (եթե այդպիսի հնարավորություն է ստեղծվում), չպիտի լրահոսում ընտրես նրանց միայն բացասաբար բնութագրող տեղեկատվությունը եւ աչք փակես այն իրադարձությունների եւ երեւույթների վրա, որոնք այդ անձանց կարող են բնութագրել նաեւ դրական կողմից: Ցանկացած անձ, ցանկացած երեւույթ լրագրության համար «հումք» է` հետաքրքիր պատմություն պատմելու համար: Նույնը Պուտինը եւ Կրեմլի քաղաքականությունը. սխալ է, երբ դու հավաքում ես աշխարհում նրանց հասցեին հնչող հայհոյանքները (որոնց պակասը, բնականաբար, չկա) եւ չես ներկայացնում, օրինակ, Միխայիլ Լեոնտեւի կամ Անդրանիկ Միհրանյանի կարծիքը, որքան էլ համաձայն չլինես դրանց հետ: Հակառակը` երբ խոսքը կառավարության ձեւավորման մասին է, ապա քաղաքական բաղադրիչը շատ ցանկալի է: Տեխնոկրատը, մերիտոկրատը, վարձու աշխատողը չի կարող լիակատար պատասխանատվություն կրել իր հնարավոր ձախողումների համար: Նա կարող է ասել` «դուք ինձ վարձեցիք, ես ինձնից կախված ամեն ինչ արեցի, դե, չստացվեց, կներեք, ես գնացի իմ գործին»: Գերադասելի է, որ նա լինի քաղաքական թիմի անդամ, այդ թիմը ընտրություններից մի քանի տարի առաջ պետք է ձեւակերպի իր տեսլականը, տարիներ շարունակ քարոզի այն եւ հաղթելու դեպքում փորձի այն կյանքի կոչել: Այդ պարագայում պարտադիր չէ, որ էկոնոմիկայի նախարարը լինի տնտեսագետ, իսկ ֆինանսների նախարարը` ֆինանսիստ: Նրանք պետք է քաղաքական դեմքեր լինեն, որոնք վերոհիշյալ տեսլականը մտքում ունենալով՝ կվարձեն տնտեսագետների եւ ֆինանսիստների: Եթե այդ մասնագետները լավ չեն աշխատում, նրանց կարելի է փոխել այլ մասնագետներով: Սա, իհարկե, իդեալական տարբերակ է, որ միշտ չէ, որ հաջողվում է կիրառել, եւ այդպես է ոչ միայն Հայաստանում: Բայց մեր երկրում տեխնոկրատների, անկուսակցականների եւ արհեստավարժների մասին խոսվում է այն դեպքերում, երբ շատ մեծ է անվստահությունը իշխող կուսակցության հանդեպ: Հենց այդ պատճառով էլ, հավանաբար, առաջին նախագահը նշանակել էր ոչ ՀՀՇ-ական վարչապետներ Արմեն Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, կամ Սերժ Սարգսյանը` ոչ ՀՀԿ-ական վարչապետներ Տիգրան Սարգսյանին (որը, ճիշտ է, հետագայում դարձավ հանրապետական) եւ Կարեն Կարապետյանին: Դա, իհարկե, երկսայր զենք է. մի կողմից՝ լավ է, որ այդ մարդիկ որպես անկուսակցականներ բացասական էմոցիաներ չեն առաջացնում, մյուս կողմից` նրանք պետք է ստանան իշխող կուսակցության աջակցությունը, որը ոչ «յուրայինի» դեպքում կարող է եւ չլինել: Երկու երնեկ մի տեղ չի լինում:
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն