Ինչ գործոններից եւ ինչ սուբյեկտներից է կախված Հալեպից հայերի էվակուացիայի խնդիրը


Ինչ գործոններից եւ ինչ սուբյեկտներից է կախված Հալեպից հայերի էվակուացիայի խնդիրը

  • 06-10-2016 18:38:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Հալեպի հրթիռակոծումը նորից կյանքեր է խլել հայ համայնքից: Վերջին օրերին իրավիճակը Հալեպում խիստ լարվել է, իսկ դատելով Սիրիայի հարցում ԱՄՆ եւ Ռուսաստանի «բաժանումից», լարման միտումը ամենայն հավանականությամբ կարող է շարունակվել:
 
Ինչպես հայտնի է, Ռուսաստանը հայտարարել է Սիրիա Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգ առաքելու մասին, իսկ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ ահաբեկիչները օդանավեր կարծես թե չունեն, եւ դա հիմք է տալիս եզրակացնելու, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգը ոչ թե ահաբեկիչների, այլ արեւմտյան օդուժի դեմ է: ԱՄՆ պահանջում է Ռուսաստանից դադարեցնել Ասադի զորքի հետ միասին Հալեպի դեմ նախաձեռնված գրոհը այսպես կոչված չափավոր ընդդիմության դեմ: Քննարկվում է Ասադի բանակին հարվածելու հարցը:
 
Այդ դինամիկ եւ դրամատիկ զարգացումների ֆոնին լարված իրավիճակում ավելացել են զոհերը տեղի հայ համայնքի շրջանում: Ըստ տարբեր գնահատականների, Հալեպում մնացել է մոտ 10 հազար հայ: Հրապարակվում են տեղեկություններ, որ հիմնականում մնացել են այն ընտանիքները, որոնք չունեն հեռանալու ֆինանսական հնարավորություն:
Հատկապես ու՞մ հարվածներից է տուժում հայ համայնքը եւ զոհվում հայերը, դժվար է ասել: Արեւմուտքը մեծ թվով խաղաղ բնակչության սպանելու, հիվանդանոցները ռմբահարելու համար մեղադրում է Ռուսաստանին եւ Ասադի զինուժին: Ռուսաստանն Արեւմուտքին մեղադրում է ահաբեկիչներին տարբերակելու համար:
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ Հայաստանը քննարկում է հալեպահայերին Հայաստան տեղափոխելու հնարավորությունը: Բաղդասարյանը ասել է սակայն, թե դա բավական բարդ եւ ժամանակատար խնդիր է, քանի որ կախված չէ միայն Հայաստանից եւ կախված է բազմաթիվ գործոններից: Թե հատկապես ինչից կամ ումից, Բաղդասարյանը չի մանրամասնել:
 
Հայաստանն արդեն մի քանի օր օդանավով մարդասիրական բեռներ է տեղափոխում Հալեպ: Իսկ ի՞նչն է խանգարում նույն կերպ օդանավերով հալեպահայությանը տեղափոխել Հայաստան: Այստեղ խնդիրը աշխահքաղաքակա՞ն է, թե այսպես ասած ներհայկական:
Համենայն դեպս, որոշակի տարբերություն նկատվում է օրինակ Սիրիայում հայկական համայնքի ներկայացուցիչների դիրքորոշումներում: Օրինակ, Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանն Ազատության հետ զրույցում ասում է, թե եթե պատերազմ է, դա չի նշանակում, որ բնակչությունը անմիջապես պետք է թողնի ու հեռանա այն հողից, որտեղ ապրում է: Միաժամանակ, Դամասկոսի թեմից Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը խոսում է այն մասին, որ պետք էր կազմակերպել բոլոր ցանկացողների էվակուացիան:
Ընդ որում, չի բացառվում, որ սիրիահայ համայնքի այսպես ասած հոգեւոր կամ քաղաքական «վերնախավի» տարաձայնությունների, կարծիքների եւ շահերի բախումը մեծ ազդեցություն է ունեցել ընդհանրապես սիրիական խնդրում հայության ճակատագրի վերաբերյալ հայկական դիրքորոշման ձեւավորման հարցում, այդ թվում առանցքում Հայաստանի պետական դիրքորոշման մասով:
Վերջին հաշվով, ակնհայտ է, որ Հայաստանը Սիրիայի խնդրում սիրիահայության անվտանգության հետ կապված մոտեցումներում այդպես էլ չդրսեւորեց կազմակերպված համակարգված մոտեցում եւ արձագանքել սկսեց բավական ուշացումով: Ըստ էության, այստեղ ակնհայտ է թե արտաքին գործերի, թե Սփյուռքի նախարարությունների տապալումը, եւ միայն Սիրիայի խնդիրը թերեւս բավական էր, որ այդ երկու նախարարները չվերանշանակվեին իրենց պաշտոններում: Մինչդեռ տեղի ունեցավ լիովին հակառակը:
Դրան զուգահեռ, բավական բարդ է աշխարհքաղաքական կոնտեքստը: Հայաստանը կարողացավ Սիրիայի հարցում գոնե ապահովել որոշակի չեզոքություն, չանցնել որեւէ աշխարհքաղաքական բեւեռի կողմ, մասնավորապես Ռուսաստանի: Թեեւ, վերջին օրերին Սերժ Սարգսյանն արեց բավական ուշագրավ մի հայտարարություն: Նա Ռուսաստանին շնորհակալություն հայտնեց Սիրիայում մարդասիրական ջանքի համար եւ հայտարարեց, որ քննարկվում է այդ գործընթացում Հայաստանի եւ Սիրիայի հայկական համայնքի ներգրավման հարցը:
Այդպես էլ պարզ չդարձավ, թե հատկապես ում հետ եւ ինչ համատեքստում է այդ հարցը քննարկում Հայաստանը: Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն արեց, երբ Ռուսաստանն ու ԱՄՆ հայտարարել էին Սիրիայի հարցում հրադադարի վերաբերյալ կարեւոր համաձայնության մասին: Այդ ժամանակ դեռեւս ամեն ինչ ընթանում էր գործակցության ուղղությամբ: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանի հայտարարությունը հնչում է մի կերպ, իսկ արդեն ամերիկա-ռուսական համաձայնության տապալումից հետո եւ իրավիճակի լարման պարագայում այն հնչում է բոլորովին այլ կերպ:
Եվ այդ իմաստով հրատապ է հարցը, թե Սարգսյանի հայտարարությունն արդյոք ենթարկվել է փոփոխության, եւ Հայաստանն արդյոք կարողանում է պահպանել կարեւոր չեզոքությունը եւ հավասարապես զբաղվել հայկական համայնքի անվտանգության խնդիրներով:
Ահա այս ֆոնին էլ արդիական է Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունից բխող հարցը, թե ինչ գործոններից եւ ինչ սուբյեկտներից է կախված հայերի էվակուացիայի խնդիրը, ինչն է խանգարում դրան, կամ ով, եւ ո՞վ կարող է նպաստել այդ էվակուացիային, ում ազդեցության գոտում են գտնվում էվակուացիայի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն