Ու՞մ է հավատալու ՀՀԿ «մեծամասնությունը»՝ ՀՅԴ-ի՞ն, թե Սերժ Սարգսյանին


Ու՞մ է հավատալու ՀՀԿ «մեծամասնությունը»՝ ՀՅԴ-ի՞ն, թե Սերժ Սարգսյանին

  • 07-10-2016 17:46:08   | Հայաստան  |  Վերլուծություն

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 7-ին ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարել է, որ պետք չէ շտապել եւ համարել, որ Վանաձորում քաղաքային իշխանությունը կանցնի ընդդիմությանը: Ռուստամյանն ասել է, որ քվեարկությունը լինելու է փակ գաղտնի եւ քաղաքապետի ընտրության հարցում միասնական դիրքորոշման մասին հայտարարած ԼՀ, ՔՎԿ եւ ԲՀԿ կուսակցությունները կարող է եւ չկարողանան ապահովել 17 ձայնը:
 
Միեւնույն ժամանակ, Արմեն Ռուստամյանը հայտարարել է, թե շատ կուզի, որ այդ 17 ձայնը նրանք ապահովեն, եւ իշխանությունը Վանաձորում անցնի ընդդիմությանը:
Արմեն Ռուստամյանի ցանկությունը շատ հասկանալի է եւ տրամաբանական, թեեւ ՀՅԴ-ն գտնվում է իշխող ՀՀԿ հետ կոալիցիայի մեջ, ու «դասական» տրամաբանությունը պետք է ենթադրեր, որ ՀՅԴ-ն հաջողություն պետք է ցանկանա ՀՀԿ թեկնածուին:
 
Սակայն, իրավիճակն այլ է, եւ ՀՅԴ ներկայիս ցանկությունը բխում է հենց այդ իրավիճակի տրամաբանությունից: Վանաձորի ընտրությանը ՀՅԴ-ն հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն այնքան, որ ունի ընդամենը երկու մանդատ: ՀՀԿ-ն ունի 13 մանդատ: Միասին կոալիցիան ունի 15 մանդատ: Երբ ԼՀ, ՔՎԿ եւ ԲՀԿ միանում են, նրանց ձայները դառնում են ավելի, քան ՀՀԿ-ՀՅԴ տանդեմի ձայնը: Ահա այդ իրավիճակն է այժմ, որը «սպառնում» է ՀՀԿ-ին:
Իսկ ՀՅԴ համար դա ըստ ամենայնի նպաստավոր, ցանկալի զարգացում է, քանի որ Դաշնակցությունը երեւի թե ակնկալում է, որ այդ դեպքում կբարձրացնի իր կշիռը կոալիցիայում, որն էապես թուլացել է կառավարության փոփոխության գործընթացով:
 
Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը փաստացի ՀՅԴ-ՀՀԿ կոլաիցիայի լուծարումն էր, ընդ որում թե ՀՅԴ, թե ՀՀԿ կշռի նվազեցմամբ, քանի որ Կարեն Կարապետյանի առաքելությունն առնչվելու է նաեւ ՀՀԿ-ում ուժերի հարաբերակցություն փոխելուն, «նոր ոգի» տալուն, ինչպես հայտարարել էր Սերժ Սարգսյանը:
ՀՅԴ-ն առաջին իսկ օրից արժանացավ նոր վարչապետի կոշտ վերաբերմունքին: Նոր կառավարության ձեւավորումն ու ընդհանրապես դրա տակ ձեւավորվող կառավարման հայեցակարգը վկայեցին, որ Սերժ Սարգսյանի համար ՀՅԴ-ն կորցրել է «պրակտիկ» նշանակությունը կամ դրա ահռելի մասը:
Փաստացի, Սերժ Սարգսյանի համար այդ «պրակտիկ» նշանակությունը կորցնում է նաեւ ՀՀԿ-ն ուժերի իր ներկայիս հարաբերակցությամբ, իր ներկայիս «մեծամասնությամբ»: Վանաձորի ընտրությունը նաեւ դրա ազդակներից մեկն է:
 
Եվ այդ իմաստով, Վանաձորի իրավիճակը ՀՅԴ համար էլ դառնում է կշիռը վերականգնելու շանսերից մեկը: Մի կողմից, ՀՅԴ-ն ՀՀԿ-ին հնարավորություն կստանա ասելու, թե ահա ինչ խնդիրներ կարող են լինել, եթե ՀՅԴ-ին ՀՀԿ-ն չի ապահովում անհրաժեշտ տոկոսներով: Իսկ այդ առումով ՀՀԿ-ն ՀՅԴ-ին իսկապես «անտեսել» էր: Գյումրիում օրինակ ՀՅԴ-ն ընդհանրապես չի հաղթահարել անցողիկ շեմը:
 
Մյուս կողմից, Շիրակի մարզպետը ՀՅԴ-ական է, կոալիցիոն քվոտայով այդ պաշտոնը փետրվարից հատկացվել է ՀՅԴ-ին: Այսինքն, ՀՅԴ-ն փաստորեն դրսեւորել է անկենսունակություն, այսինքն ՀՀԿ համար դառնում է «անպետք» նաեւ այդ իմաստով: Առավել եւս, որ ՀՀԿ ներկայիս «մեծամասնությունն» այժմ ունի իր խնդիրները, եւ անկենսունակ ՀՅԴ-ն բեռ է այդ մեծամասնության համար:
 
Ահա այդ համատեքստում, Վանաձորում ընդդիմադիր ուժերի հաջողությունը ՀՅԴ-ն երեւի թե դիտարկում է որպես ՀՀԿ մոտ իր նշանակալիության փաստարկ, հավանաբար հույս ունենալով, որ այն ծանրակշիռ կլինի, եւ ՀՀԿ «մեծանասնությունը» կհասկանա, որ առանց ՀՅԴ զրկվելու է իշխանությունից նաեւ համապետական մակարդակում:
 
Ու՞մ է հավատալու ՀՀԿ «մեծամասնությունը»՝ ՀՅԴ-ի՞ն, թե Սերժ Սարգսյանին, որը նախօրեին նոր կառավարության առաջին նիստը բացելով հայտարարել էր, որ «մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը»:
ՀՀԿ «մեծամասնությունը» Դաշնակցությա՞նը, թե Սերժ Սարգսյանին կհասկանա:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն