«Ամենակարևորը խաղաղության և կայունության պահպանումն է». Դավիթ Բաբայան


«Ամենակարևորը խաղաղության և կայունության պահպանումն է». Դավիթ Բաբայան

  • 07-10-2016 18:22:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Հարցազրույցներ

ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հակառակորդի սադրիչ գործողություններին, նշեց, որ իրավիճակը պետք է գնահատել համեմատության մեջ, և եթե համեմատենք վերջին մի քանի օրվա հետ, ապա հակառակորդի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի ավելացում է  նկատվում: Նա նշեց, որ Ադրբեջանի գործողությունները հատուկ պատճառով պայմանավորված չեն, այլ Ադրբեջանի էությունն է այդպիսին, քանի որ նրանց համակարգը ֆաշիստական է և հայատյաց:
 
«Բայց դրանից՝ էլի կան հանգամանքներ, որոնք ավելի են նպաստում Ադրբեջանի մոտ սրացումների նկատմանը: Առաջինը երկրի սոցիալտնտեսական իրավիճակն է, որը բավականին վատթարացել է, նույնիսկ իրենց ռազմական ծախսերն են կրճատել։ Լուրջ խնդիրներ կան տնտեսության տարբեր ճյուղերում, արդյունաբերությունն ընդհանրապես կանգնած է, և թմրամոլի պես ամբողջ տնտեսությունը նավթի հույսին է: Կան լուրջ դժգոհություններ բնակչության շրջանում՝ առավել ևս ապրիլյան պատերազմից հետո, քանի որ կրել են թե՛ մարդկային, թե՛ նյութական այդքան կորուստներ և չեն հասել իրենց արդյունքին: Դա դժգոհություն է առաջացրել բնակչության շրջանում»,- ասաց նա և նշեց, որ այդ դժգոհությունն ինչ-որ ձևով մարելու համար՝ Ադրբեջանի իշխանությունն արտաքին թշնամու կերպարն է սևացնում:
 
Դավիթ Բաբայանը նշեց, որ, մեծ հաշվով, սահմանին Ադրբեջանի այս գործողությունները սպասելի են: Ինչ վերաբերում է բանակցություններին,  ապա բանակցային սեղանի շուրջ, ըստ նրա, կան տեխնիկական բնույթի խնդիրներ՝ զինադադարի ռեժիմն ավելի լավ վերահսկելու առումով, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբերգում նախագահների հանդիպումների ժամանակ:
 
Ինչ վերաբերում է  ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել, բայց կարելի է տեսնել, եթե մարդիկ ընդունեին որոշակի համալիր լուծումներ, ԼՂՀ մամուլի խոսնակն ասաց, որ դա Ադրբեջանին ուղղված մեղադրանք  է:  «Իհարկե, նա ասել է երկու կողմերին, այսինքն՝ օգտագործել է դիվանագիտական լեզուն, բայց ենթատեքստից հասկանալի է, որ ուղղված է Ադրբեջանին: Այս իրավիճակում ամենակարևորը խաղաղության և կայունության պահպանումն է»,- ասաց նա:
 
Դիտարկմանը, թե երբ ասվում է երկու կողմին էլ, ինչպե՞ս եք մեկնաբանում, թե նկատի ունեն Ադրբեջանը, քանի որ հակառակ կերպ էլ կարող է Ադրբեջանը մեկնաբանել,  Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Ադրբեջանն այդ հայտարարությանն ավելի վատ արձագանքեց, իսկ հայկական կողմն ավելի զուսպ է որակավորման հարցում։ Սա նշանակում է, որ ուղերձը տեղ է հասել»:
 
Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վերանշանակմանը՝ Դավիթ Բաբայանը նշեց, որ դա ՀՀ ղեկավարության որոշելու հարցն է:
 
«Արտաքին քաղաքականությունը նախագահն է որոշում, և չեմ կարծում, որ նախարարի փոփոխությունը ազդելու էր գործընթացի վրա: Այն, որ Նալբանդյանը շարունակում է պաշտոնավարել, այստեղ էլ վատ բան չկա, որովհետև բնականոն զարգացում է,  մենք չպետք է այդ հարցերի վրա այդքան կենտրոնանանք»,- ասաց նա:
 
Ըստ Դավիթ Բաբայանի՝ պետք է ամեն ինչ անել, որ մեխանիզմների մշակման հարցում առաջընթաց լինի, և ամենակարևորն է՝ պահպանել կայունությունն ու խաղաղությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ