Սփյուռքի մտավոր ներուժը Հայաստանը պետք է որպես զարգացման միջոց օգտագործի. Իլոնա Տեր-Մինասյան


Սփյուռքի մտավոր ներուժը Հայաստանը պետք է որպես զարգացման միջոց օգտագործի. Իլոնա Տեր-Մինասյան

  • 09-10-2016 17:07:54   | Հայաստան  |  Հարցազրույցներ

26 տարի է, ինչ Հայաստանը հանդիսանում է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) անդամ երկիր: ՄՄԿ-ն առաջատար կազմակերպություն է միգրացիայի ոլորտում, որն աշխատում է կառավարական, միջկառավարական և ոչ կառավարական կառույցների հետ:Վերջինս Հայաստանում գործում է սկսած 1993 թվականից: ՄՄԿ-ն մեծապես նպաստել է Հայաստանում միգրացիայի կառավարման բարեփոխումների իրականացման գործին` օժանդակելով հիմքային հետազոտությունների անցկացմանը, տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև հանրային իրազեկման գործողություններին: ՄՄԿ-ը բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր է ստորագրել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ` ներառյալ «Արտոնությունների և անձեռնմխելիության համագործակցության համաձայնագիրը» (1994) և «Փոխըմբռնման հուշագիրը» (2001): Հայաստանում միգրացիայի, թրաֆիքինգի դեմ պայքարի և դրանց հետ կապված այլ հարցերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություն ստանալու նպատակով «Նոյյան Տապանի» թղթակիցը զրուցել է Միգրացիայի միջազգային կազմակերպության նախագահ Իլոնա Տեր-Մինասյանի հետ:
 
Արդյո՞ք Հայաստանում միգրանտների թիվը վերջին տարիների ընթացքում շատացել է աշխարհաքաղաքական և տնտեսական խնդիրների պատճառով: Ի՞նչ վիճակագրություն կարող եք ներկայացնել:
 
2013 թվականին, ՄՄԿ-ն համագործակցելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության և պետական կառավարման այլ մարմինների հետ, տնային հարցումներ է իրականացրել, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ 2007-2013թթ. ընկած ժամանակահատվածում ամեն տարի միջին հաշվով ավելի քան 35000 մարդ է լքել Հայաստանը: Արտագաղթի հիմնական պատճառները սոցիալ-տնտեսական են, ինչպես օրինակ եկամուտի պակասը, ավելի լավ հնարավորությունների որոնումն ու բարեկեցիկ ապագանի ձգտումը: Հարցումը ցույց է տվել նաև, որ Էմիգրանտների ավելի քան 80%-ը տղամարդիկ են:
 
Ո՞ր երկրներ են հայերը արտագաղթում և ի՞նչ պատճառներով: Ո՞ր ոլորտներում են նրանք աշխատում:
 
Հայաստանից արտագաղթողների մոտ 90%-ը գնում է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ): 2013 թվականից սկսած այս դինամիկան փոքր-ինչ փոփոխվել է (հատկապես Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո), սակայն ես դեռ կարծում եմ, որ արտագաղթողների հիմնական նպատակակետը մնում է Ռուսաստանի Դաշնությունը: Հայերը ՌԴ-ում աշխատում են շինարարության, առևտրի, արդյունաբերության, կրթության, գյուղատնտեսության ոլորտներում:
 
Կա՞ արդյոք Հայաստանում թրաֆիքինգ: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում այն վերացնելու համար:
 
Թրաֆիքինգի դեպքերի քանակի վերաբերյալ պաշտոնական վիճակագրութունը հասանելի է. 2013 թվականին գրանցվել է թրաֆիքինգի 17 դեպք, 2014 թ.-ին` 10 և 8 նոր դեպք 2015 թ.-ին: Հայաստանում արտագաղթը սերտորեն կապված է աշխատանքային միգրացիայի հետ, հետևաբար շատ կարևոր է բարելավել աշխատանքային թրաֆիքինգի դեպքերը հետաքննելու և կանխարգելելու միջոցները: Այս նպատակով ՄՄԿ-ն աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Զբաղվածության պետական գործակալությանը: ՄՄԿ-ն զարգացնում է նաև տեղեկատվության տրամադրման համակարգը, ինչը նպատակ ունի նվազեցնել արտագնա աշխատանքի մեկնող հայ միգրանտների խոցելիությունը արտասահմանում:
 
Վերջին մի քանի տարիներին մեր կազմակերպությունը շատ բան է արել դպրոցներում թրաֆիքինգ ասվածի վերաբերյալ կրթությունը ընդլայնելու և դպրոցական ծրագրում այդ հանցանքի վերաբերյալ տեղեկատվություն ներառելու, դեդուկտիվ նյութերը և դասավանդման մեթոդները զարգացնելու և, իհարկե, ուսուցիչներին վերապատրաստելու գործում:
 
Ո՞ր երկրներից են մարդիկ ներգաղթում Հայաստան:
 
Սիրիայում ընթացող բախումներից հետո այնտեղի հայերը սկսեցին Հայաստան վերադառնալ` ապահով միջավայր գտնելու ակնկալիքով: Ըստ Սփյուռքի նախարարության` մոտավորապես 20.000 ծագումով սիրիահայեր Հայաստան են եկել որոնցից միայն 17.000-ն է մնացել Հայաստանում:
 
Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը պատշաճ կերպով է ընդունում գաղթականներին և ապահովում է նրանց ապրելու նվազագույն պայմաններով:
 
Կարծում եմ Հայաստանն իր հնարավորությունների շրջանակներում սիրիահայերին անհրաժեշտ օգնություն տրամադրել է: Մենք տեղյակ ենք Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, գործազրկության բարձր մակարդակի և խոցելի խմբերին սահմանափակ քանակությամբ աջակցություն տրամադրելու մասին: Այս դժվարությունները կրկնապատկվում,եռապատկվում են սիրիահայերի համար: Օրինակ, շատ սիրիահայ ընտանիքներ բնակարան չունեն, ըստ այդմ ստիպված են տուն վարձել. և հետևաբար իրենց աշխատած սահմանափակ 100.000-120.000 դրամը ծախսում են բնակարանի վարձավճարի, կոմունալ ծախսերի և սննդի վրա: Սիրիացիներից շատերը կենտրոնացած են Երևանում, որտեղ ավելի շատ հնարավորություններ կարելի էր գտնել, բայց այդ հնարավորությունները կարծես թե սահմանափակվում են միայն ծառայությունների ոլորտով: Հայաստանում բիզնեսով զբաղվելը բարդ է սիրիացիների համար, քանի որ նրանք սովոր են մեծ շուկաներում աշխատելուն:
 
Արդյո՞ք «ուղեղների արտահոսքը» և հմուտ մարդկային ռեսուրսների արտագաղթը վնասում են հայկական աշխատաշուկային:
 
Ներկայիս էմիգրացիոն հոսքում բարձրագույն կրթություն ստացածների թիվը բավականին քիչ է`0.6%: Ուստի դժվար է խոսել ուղեղների հսկայական արտահոսքի մասին. ինչևէ, կարևոր է չմոռանալ, որ անդառնալի ուղեղների ատահոսք տեղի ունեցավ 1990-ական թվականների սկզբին, երբ Սովետական միությունը փլվեց, և շատ կրթված մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը, հնարավորությունները, եկամտի միջոցները: Այդ ժամանակ երկիրը կորցրեց կարևոր մտավոր և գիտական ներուժ, բազմաթիվ կրթված մարդիկ լքեցին երկիրը:
 
Այս խնդրի հետ կապված ՄՄԿ-ն մեկնարկել է մի ծրագիր, որը կոչվում է «Որակավորված քաղաքացիների ժամանակավոր վերադարձ»: Սա մի ծրագիր է, որն ուղղված է հայկական Սփյուռքում բարձր որակավորում ունեցող մասնագետներին, ովքեր ցանկություն ունեն գալու և կիսելու իրենց հմտություններն ու գիտելիքը Հայաստանում հիմնարկների, կազմակերպությունների և բիզնեսների հետ: Որոշ մասնագետներ հնարավոր է Հայաստանում մնան մի քանի շաբաթ, որոշները` մինչև 6 ամիս. շատ բան կախված է իրենց օգտակարությունից և հանձնարարության մեջ սահմանված նշանակետերից:
 
Որքա՞ն ժամանակ է իրականացնում եք այս ծրագիրը:
 
Մենք մոտ 3 տարի է, ինչ իրականացնում ենք այս ծրագիրը: Այդ տարիների ընթացքում Սփյուռքի ավելի քան 30 մասնագետներ եկել են Հայաստանում աշխատելու: Նրանցից մի քանիսը (մոտ 10 հոգի)`դասախոսներ Ֆրանսիայից, Գերմանիայից և եվրոպական այլ երկրներից, աշխատում էին բարձրագույն կրթության ոլորտում: Այդ հայտնի դասախոսները ժամանեցին Հայաստան կրթելու և իրենց գիտելիքն ու հմտությունները կիսելու հայ ուսանողների և երիտասարդ գործընկերների հետ: Սփյուռքի մի շարք մասնագետներ աշխատեցին առողջապահության, արվեստի, մշակույթի և այլ ոլորտներում: Այս մասնագետներին հյուրընկալող մի շարք հաստատություններ զգալի օգուտ ստացան նմանատիպ համագործակցությունից: Պետք է ասեմ, որ շատ բան կախված է հյուրընկալող հաստատություններից, նրանց պատրաստակամությունից, պատրաստվածությունից, Սփյուռքի մասնագետին հյուր ընդունելու անկեղծությունից: Այն հաստատությունների գերակշռող մեծամասնությունը, որոնց հետ մենք աշխատել ենք, չափազանց ընկալունակ էին Սփյուռքի աջակցության վերաբերյալ, և ՄՄԿ-ն շատ ջանք ծախսեց, որպեսզի պահպանի Սփյուռքի մասնագետների հետ կապը նաև ծրագրի սահմաններից դուրս: Ես հավատում եմ, որ այս ծրագրից առաջացած դրական փորձը և լավ պրակտիկան որոշ հիմքեր դրեց Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի կանոնավոր ներգրավման համար,որն այս պահին մեծապես բացակայում է, և Սփյուռքի մտավոր ներուժը անբավարար կերպ է օգտագործվում: Մեր առաջիկա գործողություններում մենք հույս ունենք աջակցելու Հայաստանի զարգացման գործում Սփյուռքի դերի ամրապնդմանը մտավոր ներուժի, գիտելիքի և հմտությունների արդյունավետ կիրառման միջոցով, որն անհրաժեշտ է երկրի տնտեսական և սոցիալական արդիականացման համար:
 
 
Սառա Մելքոնյան «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play