«Այբ» դպրոցը ճանաչվել է Գյոթե ինստիտուտի գործընկեր դպրոց


«Այբ» դպրոցը ճանաչվել է Գյոթե ինստիտուտի գործընկեր դպրոց

  • 10-10-2016 14:19:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հոկտեմբերի 10-ին «Այբ» դպրոցում կայացավ «Այբ» դպրոցի և Գյոթե ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն: Հուշագիրը հավաստում է, որ «Այբ» դպրոցը այսուհետ հանդիսանում է Գյոթե ինստիտուտի գործընկեր դպրոց` «Դպրոցներ. ապագայի գործընկերներ» (PASCH) նախաձեռնության շրջանակում:
 
PASCH-ը մի ցանց է, որում ներառված են աշխարհի 1800-ից ավելի դպրոցներ, որոնցում գերմաներենին հատուկ ուշադրություն է հատկացվում: Նախաձեռնությունն իրականացնում է Գյոթե ինստիտուտը՝ Գերմանիայի արտգործնախարարության, Արտասահմանյան դպրոցների կենտրոնակայանի (ZfA), Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) և ԳԴՀ երկրամասերի մշակույթի և կրթության նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայության (PAD) հետ համատեղ: 
 «Ես տպավորված եմ «Այբ» դպրոցով: Այն մի դպրոց է, որն ինձ կրկին ցույց է տալիս, թե ինչպիսի մեծ ներուժ է թաքնված Հայաստանում: Դեսպանությունն անչափ ուրախ է PASCH նախաձեռնության շրջանակներում Գյոթե ինստիտուտի և «Այբ» դպրոցի ապագա համագործակցության համար՝ ուղղված գերմաներենի ամրապնդմանը: Վստահ եմ, որ այս համատեղ նախագիծն անչափ օգտակար կլինի»,- նշեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
 «Ճանաչվելով գործընկեր դպրոց՝ մենք դառնում ենք գերմաներենի որակյալ և խորացված ուսուցում ապահովող հաստատություն, և մեր աշակերտները ընդլայնում են Գերմանիայի Դաշնությունում իրենց կրթությունը շարունակելու հնարավորությունները: Այսօր գերմաներենի իմացությունը օրակարգային է դարձել, քանի որ գերմանալեզու կրթությունը ապահովում է եվրոպական տնտեսությունը որակյալ մասնագիտական ներուժով, ինչը հանդիսանում է վերջինիս զարգացման կարևորագույն նախադրյալը»,- նշեց «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:
 
 «Այբ» դպրոցն ընտրելով՝ մենք PASCH ցանցում ներգրավել ենք մի գերժամանակակից դպրոց, որն իր դասավանդման մեթոդաբանական և մանկավարժական հայեցակարգերով Հայաստանում փարոսի գործառույթ է կատարում: Այն, որ դպրոցի այս հեռագնա առաքելությունը կապված է գերմաներենի հետ, կարևոր է ո՛չ միայն «Այբ»-ի համար.  դրանով երկարաժամկետ հեռանկարներ են բացվում Հայաստանի նաև մյուս դպրոցներում գերմաներենի զարգացման համար»,-  ընդգծեց դասավանդման փորձագետ, Հայաստանում Վրաստանի Գյոթե ինստիտուտի ներկայացուցիչ Յուլիա Քրամերը:
 
Արարողությանը ներկա էին Գյոթե ինստիտուտի փոխտնօրեն Գերլինդե Մասուդին, Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մեսրոպ քահանա Արամյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play