Ծայրահեղ ընդդիմադիր՝ Բաղրամյան 26-ից. Արամ Աբրահամյան


Ծայրահեղ ընդդիմադիր՝ Բաղրամյան 26-ից. Արամ Աբրահամյան

  • 12-10-2016 16:01:42   | Հայաստան  |  Վերլուծություն

«Առավոտ». Վիկտոր Դալլաքյանը լավ, արդյունավետ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքը նրա տարերքն էր, եւ նրա հեղինակած մի քանի որակյալ օրենքներ մինչ օրս ապացուցել են իրենց կենսունակությունը:
 
2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա չվերընտրվեց: Դրանից պետք չէր ողբերգություն սարքել եւ տարիների ընթացքում քեն պահել իր ընտրատարածքում հաղթած պատգամավորի վրա, փորձել նրանից վրեժ լուծել եւ վարկաբեկել: «Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ. մի անգամ չի ստացվել, մեկ ուրիշ անգամ կստացվի, կամ թեկուզ ոչ մի անգամ էլ չստացվի՝ կյանքում բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր կան: Բայց ոչ՝ քաղաքական գործչի բնավորության անբաժանելի մասն է կազմում նարցիսիզմը, որն այդ «մասնագիտության տեր» մարդկանց մոտ արտահայտվում է այս կամ այն չափով, բայց պարտադիր պետք է լինի: Բացի այդ, «բարձր շրջանակներում» շփվելը, ծառայողական մեքենան, քարտուղարուհին, այս կամ այն հարցով «վերեւներին» միջնորդելը՝ նոմենկլատուրային կյանքի այդ տարրերից դժվար է հրաժարվել: Եվ Վիկտոր Դալլաքյանը որոշել էր չորս տարի «հավաքել» այդ հաճելի քարերը՝ ստանձնելով բարձր պաշտոն նախագահի աշխատակազմում: Չորս տարի նա սուսուփուս նստած էր այդ տաքուկ անկյունում, բայց մի օր արթնացավ եւ հանկարծ պարզեց, որ այն իշխանությունը, որին նա ծառայում է, լեգիտիմ չէ, որ երկրում ծաղկում է կոռուպցիան, որ բարձր է աղքատության տոկոսը եւ այլն, եւ այլն: Բնականաբար, հարց է ծագում՝ ինչպես էր նա չորս տարի լուռումունջ աշխատում մի մարդու մոտ, որին, իր խոսքերով, պետք է զոլավոր շորեր հագցնել: Պատասխան. չէի աշխատում, ձեւ էի անում, որ աշխատում եմ, գնում-գալիս էի գործի եւ աշխատավարձ էի ստանում: Եթե այդպես է, ապա՝ ավելի վատ. Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գոնե ժողովրդի մատից տարբեր փշեր էր հանում (չնայած ինչի՞ համար է պետք Ազգային անվտանգության խորհուրդը՝ ես, ճիշտն ասած, մինչեւ հիմա չհասկացա): Բայց այդ՝ «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը Վիկտոր Դալլաքյանին, հավանաբար, ձանձրացրել է, եւ նա որոշել է դարձյալ պատգամավոր դառնալ: Այստեղ կա երկու տարբերակ. կամ մտնել ՀՀԿ ցուցակ, կամ դառնալ ընդդիմադիր: Առաջին տարբերակում, որքան հասկանում եմ, պարոն Դալլաքյանին երաշխիքներ չտվեցին: Մնում է ընդդիմադիրի ճանապարհը: Բայց «ստարտային պայմաններն» այդ գործչի համար չափազանց վատն են՝ Բաղրամյան 26-ից նոր դուրս եկածի շուրթերից սովորական ընդդիմադիր հռետորաբանությունը համոզիչ չի հնչում: Ոչինչ, ինչպես ասում են՝ փորձը փորձանք չի: Եթե այս հոդվածը գրելուց հետո ինձ հետ որեւէ բան պատահի, դրա ուղիղ պատասխանատվությունն է կրում Դոնալդ Թրամփը:  
 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն