Նյու Յորքում ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները


Նյու Յորքում ՀՀ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները

  • 12-10-2016 16:18:04   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները: 
ՀՀ փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանն առանձնանում է բիզնես միջավայրի ազատականացման աստիճանով և Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով մեր երկիրը 189 պետությունների շարքում 35-րդ տեղն է զբաղեցնում, իսկ բիզնես հիմնադրելու ցուցանիշով՝ 5-րդն է: 
 
ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին ու դրա առանձնահատկություններին, կառավարման համակարգին, ինչպես նաև տեղեկություններ է փոխանցել երկիր մուտքի անցագրերի, հասանելի տրանսպորտի, հաղորդակցային և էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ։
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե «Ինչո՞ւ Հայաստան»` Վաչե Գաբրիելյանը մատնանշել է մի քանի պատճառներ Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար: Հատուկ շեշտադրվել են այն օգուտներն ու հնարավորությունները, որոնք հնարավոր են դարձել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության, Եվրամիության GSP+ և ԱՄՆ-ի հետ GSP առևտրային ռեժիմի առկայության, Վրաստանի և Իրանի հետ համագործակցության արդյունքում։
Վաչե Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար բարեփոխվում են հարկային և մաքսային ոլորտները: Իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված Հարկային օրենսգիրքը արտոնություններ է սահմանում ներդրողների ու գործարարների համար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play