Վանաձորի «դավաճանը». երեք ուժերը որոշել են բոյկոտել Ավագանու նիստը


Վանաձորի «դավաճանը». երեք ուժերը որոշել են բոյկոտել Ավագանու նիստը

  • 12-10-2016 17:43:17   | Լոռու մարզ  |  Վերլուծություն

Լուսավոր Հայաստան, Հայկական վերածնունդ եւ ԲՀԿ կուսակցությունները պատրաստվում են բոյկոտել Վանաձորի քաղաքային ավագանու նիստերը, «դավաճաններին» բացահայտելու համար:
 
Արդեն հայտնի է, որ «դավաճան» համարվում են նրանք, ովքեր հոկտեմբերի 10-ին Վանաձորի քաղաքապետի ընտրությանը քվեարկել են ՀՀԿ թեկնածուի օգտին, թեեւ երեք ուժերը ստորագրել էին երկրորդ տեղում գտնվող Լուսավոր Հայաստան կուսակցության թեկնածուի օգտին քվեարկելու հուշագիր:
Երեք ուժերը ունեն 18 մանդատ, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն` 15: Սակայն, Լուսավոր Հայաստանի թեկնածուն քաղաքապետի ընտրությանը ստացավ 14 ձայն, իսկ ՀՀԿ թեկնածուն`19: Այդպիսով, երեք ուժերի ներկայացուցիչներից չորսը քվեարկել են ՀՀԿ-ականի օգտին: Երեքն էլ հավաստիացնում են, որ «դավաճանը» իրենք չեն, իրենցից չէ:
Գտնելու համար, թե ով է «դավաճանը», երեք ուժերը որոշել են բոյկոտել Ավագանու նիստը: Ըստ տրամաբանության, ՀՀԿ-ին քվորում ապահովելու համար հարկ կլինի դիմել այդ երեքի օգնությանը, առնվազն նրանցից որեւէ մեկի: Եվ ով օգնի ՀՀԿ-ին, կպարզվի, որ նա է օգնել նաեւ ՀՀԿ քաղաքապետի թեկնածուին, քանի որ ի տարբերություն քաղաքապետի ընտրության, քվորումի պարագայում ամեն ինչ լինելու է բաց ռեժիմում:
Բավական պարզ, հստակ տրամաբանություն է:
 
Բայց, կա մի հարց: Ինչքանո՞վ են երեք ուժերը վստահ, որ հենց այդ 4-ն են եղել «դավաճանները»: Կարո՞ղ է նրանցից որեւէ մեկը հավաստիացնել, որ իրենց 18 մանդատից հենց այդ 4-ն էին «դավաճանականը», որն էլ օգտագործել է ՀՀԿ-ն: Նրանք բացառու՞մ են, որ ՀՀԿ-ն այսպես ասած ունի եւս 4 կամ 5 «դավաճան» իրենց շարքերում, որոնք ենթակա են ՀՀԿ ճնշմանը կամ ՀՀԿ հետ գործարքին: Այսինքն, քաղաքապետի ընտրության հարցում ՀՀԿ-ն դիմել է մի «քառյակի» օգնության, քվորումի հարցով կամ այլ հարցերով կարող է դիմել այլ «քառյակի», «եռյակի» կամ «հնգյակի», այդպիսով ստեղծելով բավական խաբուսիկ իրավիճակ:
Օրինակ, քվորումի հարցը բաց քվեարկությամբ կարող է լուծվել ենթադրենք, պայմանականորեն, ԲՀԿ երեք ներկայացուցչի օգնությամբ: Դա ինքնաբերաբար նշանակու՞մ է, դրանից ինքնաբերաբար բխու՞մ է, որ հենց նրանք են եղել ՀՀԿ թեկնածուի օգտին չորս քվեարկողներից երեքը: Կա՞ երաշխիք, որ ՀՀԿ-ն ավելի վաղ չի մտածել այդ հնարավոր «բացահայտման» մասին եւ նախապես հավասարապես չի բաշխել իր «ռեսուրսը» այդ երեք ուժերում:
Չէ՞ որ մինչ քաղաքապետի քվեարկությունը, այդ երեք ուժերը հավաստիացնում էին, որ բացառվում է «առնետների» առկայությունը: Պարզվեց, որ կան` չորսը: Հետեւաբար, թերեւս չի կարող երաշխավորված լինել նրանց հավաստիացումը, թե «առնետները» հենց այդ չորսն էին եւ վերջ:
 
 
Աներկբա է, որ «դավաճանների» հայտնաբերումը, բացի փոխադարձ մեղադրանքներից, չի բերելու ոչնչի: Հայաստանի ներքաղաքական կյանքում բացահայտվել են ավելի մեծ մասշտաբի «դավաճանություններ», որոնք խոշոր հաշվով չեն բերել բեկումնային վերադասավորումների:
Առաջին հերթին այն պատճառով, որ քաղաքական կյանքի, պայքարի արդյունավետությունը կախված չէ «դավաճան»-«հերոս», «ազնիվ»-«անազնիվ» փնտրտուքի արդյունավետությունից: Հակառակը, երբ բանը հասնում է այդպիսի փնտրտուքի, դա արդեն իսկ անարդյունավետ, անհեռանկար, երկարաժամկետ ռազմավարություն չպարունակող գործընթացի վկայություն է:
 
Հետեւաբար, այստեղ կա Հայաստանի քաղաքական կյանքի եւ «մշակույթի» համար նշանակությամբ շատ ավելի ընդգրկուն եւ խորը խնդիր, քանի որ Հայաստանում ընդդիմադիր դաշտից եկող ներքաղաքական նախաձեռնությունները մշտապես հանգել են «դավաճանների» փնտրտուքի եւ «մերկացման» «անհրաժեշտության»:
Վանաձորի շրջանակում երեք ուժեր հանդես եկան քաղաքական նախաձեռնությամբ` գործակցելու հուշագրով: Անկախ այդ ուժերի հանդեպ վերաբերմունքից, որ կա հանրային տարբեր մակարդակներում, կա կոնկրետ քաղաքական նախաձեռնություն, որն առաջին փուլում չի տվել արդյունք:
Ինչպես վարվել հետագայում: Գտնվում է ամենահեշտ եւ Հայաստանի համար ավանդական լուծումը` փնտրել «դավաճաններին»: Տարբերակ է, որով Հայաստանի քաղաքական կյանքում ընդդիմությունն արահետը տրորում է արդեն երկու տասնամյակ:
Դա գայթակղիչ արահետ է, առավել եւս, երբ Հայաստանում ընդհանրապես հասարակական գիտակցությունը պատմագրական հենքով կառուցված է «հերոսների» եւ «դավաճանների» տրամաբանությամբ:
Իսկ չարժե՞ արդյոք փորձ անել դուրս գալ այդ արահետից: Օրինակ, խնդիր դարձնել ոչ թե «դավաճանի» բացահայտումը, այլ ստեղծված իրավիճակում նախաձեռնությունը առաջնային տրամաբանությամբ շարունակելու տարբերակը` ՀՀԿ դեմ արդյունավետ գործունեության խնդիրը, թեկուզ ստեղծված պայմաններում:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play