Վանաձորում քաշքշոցի գինը այն մանդատներն են, որոնք տրվեցին ՀՀԿ-ի թեկնածուին.Ստյոպա Սաֆարյան


Վանաձորում քաշքշոցի գինը այն մանդատներն են, որոնք տրվեցին ՀՀԿ-ի թեկնածուին.Ստյոպա Սաֆարյան

  • 12-10-2016 18:20:17   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանը

 

- Պարոն Սաֆարյան, Վանաձորում հանրապետական թեկնածուի հաղթանակն անակնկա՞լ էր, թե կանխատեսելի էր։
 
- Ամենասկզբում, երբ շատերս ուզում էինք, որ Լուսավոր Հայաստանը փորձի վերցնել իշխանությունը Վանաձորում, թերևս հասկանում էինք ռիսկայնության աստիճանը՝ նկատի ունենալով այդ կուսակցությունների և անցյալը, և հնարավոր վարքագիծը, բայց քանի որ ցավալիորեն այլ քաղաքական ուժեր չանցան նվազագույն շեմը՝ ի դեմս ՔՊ-ի, Լուսավոր Հայաստանին ոչինչ չէր մնում, քան կամ ընդամենը ձեռնապահ մնալ որևէ քաղաքական գործընթացից՝ Հանրապետականին հնարավորություն տալով ձևավորել մեծամասնություն, կամ ձեռնարկել նման գործընթաց՝ փորձելով ստանալ քաղաքապետի պաշտոնը, ՀՀԿ-ին Վանաձորում զրկելով իշխանությունից։ Կարծում եմ՝ ԼՀ-ն ճիշտ ճանապարհով գնաց, որովհետև այսպես թե այնպես նա ունի այն, ինչ ուներ ընտրությունների արդյունքում։ Այնպես չէ, որ ԼՀ-ն միամիտ էր, չգիտեր՝ ինչպիսի ռիսկեր կան։ Ի դեպ, իմ զրույցներն այդ կուսակցության անդամների հետ դրա ապացույցն են, որ շատուշատ զգուշավոր մոտեցում ունեին։ Իրենք ասում էին, որ պահին կգցեն, թող գցեն։ Իրականում ռիսկը շատ մեծ էր, այսպես թե այնպես այս միությունը երկար կյանք չէր ունենալու։ Դրա առավելագույն ժամկետը լինելու էր առաջիկա խորհրդարանական ընտրությունները։
 
 
 
- Ինչ արեց ԼՀ-ն. զրկեց բոլորին խուսանավելու հնարավորությունից՝ նրանց դեմ դնելով հուշագիր ստորագրելու առաջարկը։ Քանի որ հասարակական քննադատությունը հատկապես Վանաձորում չափազանց մեծացավ, որովհետև ստացվում էր, որ կա ՀՀԿ-ին իշխանությունից զրկելու հնարավորություն, բայց իրենց ընդդիմադիր հռչակած երկու կուսակցություններ չեն միանում, հետևաբար նրանք լուրջ կորուստներ կունենային։ Ես կարծում եմ՝ հենց սա ստիպեց նրանց միանալ հուշագրին։ Բայց քանի որ ՀՀԿ-ն իր առջև լուրջ նպատակ էր դրել չզիջել դիրքերը Վանաձոր քաղաքում, բնականաբար վարկաբեկման պրոցեսը պետք է տեղի ունենար առավել ռիսկային քաղաքական ուժերի վրա, և այս պարագայում տուժեցին ԲՀԿ-ն և ՀՎԿ-ն, որովհետև այն նախապայմանները, որոնք առաջ քաշվեցին հուշագրին միանալու համար, այն քրեական պատմությունը, որ ստեղծվեց Վանաձորում ՀՎԿ կուսակցության առաջին համարի շուրջ, թերևս չափազանց խոցելի էին դարձնում նրան, և ես կարծում եմ, որ Հեղինե Բիշարյանը պատահական չէր ԱԺ ամբիոնից հայտարարում, որ ծեծկռտուք չի եղել, եղել է քաշքշոց։ Կարծում եմ՝չչչն և կարծում եմ՝ ՀՎ կուսակցությունը մեծագույն սխալը թույլ տվեց։

 

- ՏԻՄ ընտրություններում իշխանությունը հաղթանակա՞ծ դուրս եկավ՝ հաշվի առնելով երկու քաղաքներում հաղթանակը։

 

- Կարծում եմ՝ իշխանությունը չափազանց թույլ է դուրս գալիս այս ամենից, քանի որ իշխանությունը բոլոր կողմերից, անկախ նրանից՝ ում հետ ինչ ստվերային գործարքների մեջ է, բոլոր կողմերից շրջապատվում է թշնամիներով, որովհետև նրա համար շատ դժվար է լինելու հաղթահարել այն ճգնաժամը, որն ի հայտ եկավ ամռանը և որի ռիսկերը տակավին վերացած չեն։ Հետևաբար խորհրդարանական ընտրություններից առաջ նման վարքագիծն ամենևին ՀՀԿ-ի օգտին չէ։ Մտածում էի՝ մի փոքր ավելի խելամիտ կգտնվեն, կհասկանան իշխանության մենաշնորհը զիջելու առավելությունները երկարաժամկետ կտրվածքով, բայց ցավալիորեն ստացվում է, որ ՀՀԿ-ն միանգամայն այլ կերպ է նայում գործընթացներին և նրան դա բացարձակապես հետաքրքիր չէ։

 

- Այսինքն՝ ՀՀԿ-ի համար կենաց մահու խնդի՞ր է որևէ քաղաք զիջելը։

 

- ՀՀԿ-ն, այո, ամեն մի մակարդակի իշխանությունը վեր է ածում կենաց մահու կռվի, բայց իրականում ինքը դրանից ավելի է տուժում, որովհետև սա թերևս բավական լուրջ հարված էր հենց իրենց թեկնածուին, որը անազնիվ եղանակով քվե ստացավ. բացահայտ քվե է գնվել, քաղաքական թիմերից մարդ է առնվել, և սա առաջին դեպքը չէ, բայց խարան է այդ թեկնածուի, նրա հեղինակության վրա, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանը սա լավ է ընկալելու, կամ նույն կերպ մանդատի գողությունը Գյումրիում։

 

- Կարծում եք՝ կբացահայտվի՞՝ ովքեր էին չորս հոգին, որ կողմ քվերակեցին Մամիկոն Ասլանյանին։

 

- Կարծում եմ՝ դա մեկ կարճ ճանապարհ ունի՝ սկսել Մամիկոն Ասլանյանի իմպիչմենտի գործընթացը, և նրանք, ովքեր չստորագրեն և չներգրավվեն, բնականաբար հենց նրանք էլ կողմ են քվեարկել ՀՀԿ թեկնածուին։ Ես առաջարկում եմ ԼՀ-ին սկսել այդ գործընթացը, վերջին ձեռնոցը նետել, եթե Հեղինե Բիշարյանը զայրանում է, անբարոյական անվանում կողմ քվեարկածներին, ակնարկներ է անում՝ գնդակը նետելով ԲՀԿ-ի դաշտ, թող ստորագրեն. կամ իրենք պետք է հստակ դարձնեն, որ կոալիցիոն հուշագիրը գոյություն չունի, կամ իրենք մեծամասնություն են, այդ դեպքում ինչու չեն ուզում վերցնել քաղաքապետի պաշտոնը։ Եթե տեղի է ունեցել սարսափելի բան, եթե գտնում են, որ դա ԼՀ-ից է, թող ՀՎԿ-ն առաջինը հանդես գա։ Թող իրենք և ԲՀԿ-ն նախաձեռնեն իմպիչմենտի գործընթաց և համոզեն, որ այդ չորս ձայնը ԼՀ-ից են։ Եվ այդ դեպքում իմանանք ԼՀ-ից ինչ ենք պահանջում։ Թե չէ կանգնել են սպասում են, որ Մամիկոն Ասլանյանը գա իրենց գրկի և համբուրի, որ ի՞նչ անեն։ Ռեակցիան պետք է լիներ այն, որ բոլորով հենց տեղում պետք է հայտարարություն անեին, որ սկսում են իմպիչմենտի գործընթաց և որ մեծամասնությունն իրենցն է։ Ինչու մյուսները հայտարարություն չեն արել։

 

- Պարոն Սաֆարյան, հետաքրքիր իրավիճակ է Գյումրիում, ավագանու ընդդիմադիր անդամները բոյկոտում են ավագանու նիստերը և դատական ճանապարհով են գնում։ Արդյոք սա ճի՞շտ տարբերակ է։

 

- Եթե  իրենք գտնում են, որ ԸՕ կամայական մեկնաբանություն է տեղի ունեցել և տեղի է ունեցել մանդատի գողություն, իհարկե պետք է դատական վիճարկում անեն։ Ճիշտն ասած ես չգիտեմ՝ իրենց ստրատեգիայում ինչ նշանակություն ունի բոյկոտը։ Այս պահին ես չեմ կարող գնահատական տալ։ Մեկ բան կարող եմ ասել, որ եթե իսկապես գտնում են, որ օրենք է խախտվել, ուրեմն, այո, դատական ճանապարհով պետք է խնդիրը բարձրացվի։ Իսկ դրան հընթացս բոյկոտ թե մասնակցություն պետք է լինի՝ դժվարանում եմ այս պահին ասել։ Թերևս առժամանակ հետո իրենք պետք է ասեն, թե ինչ տվեց բոյկոտը իրենց և ինչ կտար, եթե չբոյկոտեին:

 

- Եթե ամփոփենք իշխանության գործողությունները վերջին ՏԻՄ ընտրություններից հետո, ստացվում է՝ այն, ինչ հայտարարում էր Սերժ Սարգսյանը իրական փոփոխությունների մասին, իմիտացիա՞ է։
 

- Դուք շատ մեղմ եք բնորոշում, գործող իշխանությունը ճիշտ հակառակ բանն է անում: Սերժ Սարգսյանը խոսում է քաղաքական և տնտեսական բարեփոխումների մասին, երբ խոսում էր նոր սահմանադրության համաձայն կուսակցական համակարգը կայացնելու մասին, կներեք, օրը ցերեկով ՀՀԿ-ն մարդ է առել, այն ՀՀԿ-ն, որը ասում էր, որ բարեփոխումները անում է ուժեղ  ընդդիմություն ունենալու համար, ինքը սակայն, այդ ուժեղ ընդդիմությանը խարխլել է։ Էլ ինչպե՞ս հավատաս այդ ճռճռացող բառերին, բարեփոխումներ, չգիտեմ ինչեր, ճիշտ հակառակն է անում։ Սա ցույց է տալիս իշխող կուսակցության դեմագոգիայի և պոպուլիզմի մակարդակը։ 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ