Առանց Ծառուկյանի՝ նոր կառավարության թիկունքը հնարավոր չի լինելու լավ ծածկել.Մեկնաբան


Առանց Ծառուկյանի՝ նոր կառավարության թիկունքը հնարավոր չի լինելու լավ ծածկել.Մեկնաբան

  • 14-10-2016 16:08:40   | Հայաստան  |  Վերլուծություն

Հոկտեմբերի 14-ին Երեւանում ՀԱՊԿ Վեհաժողովին մասնակցելու համար Հայաստան ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին օդանավակայանում դիմավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանն ու Լուկաշենկոն օդանավակայանից հեռացել են միեւնույն ավտոմեքենայով:
Վաղուց է հայտնի, որ Բելառուսի նախագահը Գագիկ Ծառուկյանի ընկերն է: Համենայն դեպս Ծառուկյանն այդպես է ներկայացնում Լուկաշենկոյին, որին հրավիրել էր նույնիսկ Աբովյանում իր նորակառույց եկեղեցու բացմանը:
Ընդ որում, այդ եկեղեցու բացումը դարձել էր «ազգային համաձայնության» յուրօրինակ խորհրդանիշ, որովհետեւ Գագիկ Ծառուկյանին հաջողվել էր նորակառույց տաճարի գմբեթի ներքո մեկտեղել ոչ միայն իր ընկերոջը Բելառուսից, այլ նաեւ տվյալ ժամանակի գործնականում ամբողջ քաղաքական ակտիվ ներկապնակը` Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, օլիգարխիայի առանցքային դեմքերին: Բացակայում էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն այդ օրերին հանդիսանում էր Ծառուկյանի քաղաքագիտական դաշնակիցը, բայց եկեղեցու բացմանը ներկա էին Տեր-Պետրոսյանի երկու ներկայացուցիչները` Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը:
Այդ ժամանակաշրջանը ԲՀԿ նախագահի քաղաքական գործունեության աշխուժության թերեւս գագաթնակետն էր, որից հետո սկսվեց նվազումը կամ անկումը, իսկ հետո հեռացումը քաղաքականությունից: Իսկ այդ «ազգային համաձայնությունից» մնաց միայն Գագիկ Ծառուկյանի նորակառույց շքեղ ու տպավորիչ եկեղեցին եւ Հայաստանի Եվրասիական անդամատոմսը:
Եթե մնար միայն եկեղեցին, ամեն ինչ գործնականում կլիներ իդեալական, եւ Գագիկ Ծառուկյանը փաստացի կատարած կլիներ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում կարեւորագույն մի առաքելություն` փաթեթով մաքրելով քաղաքական դաշտը: Իհարկե որեւէ կերպ երաշխավորված չէր, որ դրա փոխարեն ձեւավորվելիք նորը կամ լցվող վակուումը աներկբայորեն լինելու էր գոնե մեկ մակարդակ ավելի բարձր, քան քառորդ դարի հայաստանյան քաղաքականությունը: Բայց, դա արդեն Ծառուկյանի խնդիրը չէր` պատմության առաջ իր խնդիրը նա կատարած կլիներ լիարժեք:
Բայց, մնաց նաեւ Եվրասիական անդամատոմսը, ինչը սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի համակարգային փոփոխությունների արգելակի տեսանկյունից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում ոչինչ չի մաքրվում եւ քաղաքական գործընթացը ընթանում է ցիրկուլյատիվ տրամաբանությամբ (բառի արմատը ցիրկը չէ, թեեւ դա է հայաստանյան քաղաքականության էությունը):
Այս պայմաններում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ձեւավորվել է աշխույժ քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի վերադարձի միջավայր, եւ խորհրդանշական է, որ ՀԱՊԿ Վեհաժողովին մասնակցելու համար աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լուկաշենկոյին օդանավակայանում դիմավորում է ԲՀԿ նախկին եւ ՀԱՕԿ ներկայիս նախագահը:
Ծառուկյանը գուցե դրանով ցույց է տալիս, որ խոշոր հաշվով չի էլ հեռացել հայաստանյան քաղաքականությունից, ինչը գուցե իրավիճակի առավել ճշգրիտ նկարագրությունն է, քանի որ հայաստանյան քաղաքականության բնույթն այնպիսին է, որ չի կարող ենթադրել առանձին գործիչների հեռացում: Կամ բոլորն են այդ քաղաքականության մեջ, կամ պետք է հեռանան բոլորը: Ավելին, մեկի հեռացումը կարող է բոլորի համար ստեղծել որոշակի դիսկոմֆորտ եւ վնասել «արտադրական շղթան»:
Ընդ որում, այդ շղթան ներառում է նաեւ ներիշխանական ներկայիս վերադասավորումները, եւ նաեւ հենց դրանց ամբողջացման համար առաջանում է կարեւոր օղակներից մեկի աշխուժացման խնդիրը, քանի որ առանց Ծառուկյանի աշխուժացման, նոր կառավարության թիկունքը կարծես թե հնարավոր չի լինելու լավ ծածկել:
Միեւնույն ժամանակ, ներկայիս վերադասավորումները ենթադրում են նաեւ որոշակի սեգմենտների հեռացում: Եվ այստեղ իհարկե «արտադրական շղթայի» ամբողջացման հակասություն չկա, քանի որ հեռացումն առայժմ խիստ պայմանական է, քանի դեռ չկա ամբողջական համակարգային շրջադարձ: Եթե չապահովվի այդ շրջադարձը, վաղ թե ուշ միջավայրը բերելու է ներկայում հեռացողների վերադարձի անհրաժեշտության:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play