1994 թվականից մինչ օրս ո՞վ է պատասխանատու 5 դրամանոց «կողոպուտի» համար


1994 թվականից մինչ օրս ո՞վ է պատասխանատու 5 դրամանոց «կողոպուտի» համար

  • 14-10-2016 17:39:28   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր բազմաթիվ խանութներում և սուպերմարկետներում 5 դրամ գումարն ուղղակի կլորացնում են ըստ հարմարության և հաճախ ոչ գնորդի օգտին:
 
Այդ պատճառով բիզնես թրեյներ, գործարար Գրիգոր Առաքելյանն առաջարկում է 5 դրամանոց մետաղադրամները վերադարձնել շրջանառության մեջ:hraparak.am-ի հետ զրույցում Առաքելյանը նշեց, որ այժմ շուկայում կան բազում գործարքներ, որոնց համար անհրաժեշտ է ունենալ 5 դրամանոց մետաղադրամ: «Քանի որ այժմ չկան 5 դրամանոցներ, շատ սուպերմարկետներ օգտվում են առիթից եւ 5-ի փոխարեն վերցնում են 10 դրամ,-ասում է Առաքելյանը, ապա հավելում է,- այդ իսկ պատճառով պետք է փորձենք նորանշանակ կառավարության ուշադրությունը հրավիրել այս հարցի շուրջ»: Առաքելյանը վստահեցնում է, որ օրենքով 5 դրամանոց մետաղադրամները շրջանառության մեջ են. «Կենտրոնական բանկի կայքում ես գտա որոշ նյութեր, որոնք վկայում են, որ 5 դրամները օրենքով շրջանառության մեջ են»: Ըստ Առաքելյանի՝ պետք է որոշակի քայլեր մշակել, որպեսզի մարդիկ եւս հասկանան, որ այդ 5 դրամանոցները իրենց պետք են: «Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է կրի սոցիալական պատասխանատվություն, եւ հենց այդ պատասխանատվության դրսեւորումներից մեկը նմանատիպ հարցերի բարձրացումն է, շատ այլ հարցեր եւս պետք է բարձրացվի, բայց դրանց մասին ավելի ուշ»,-ասում է Առաքելյանն:
 
hraparak.am-ը փորձեց  պարզել նաեւ, թե որքան ժամանակ է, ինչ 5 դրամանոց մետաղադրամները շրջանառությունից դուրս են եկել: Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ 1994 թվականի փետրվարի 21-ից առ այսօր 5 դրամանոցները շրջանառության մեջ են: Դիտարկմանը, թե ինչո՞ւ որեւէ խանութում չենք տեսնում այդ մետաղադրամը, Կենտրոնական բանկի աշխատակիցը պատասխանեց. «Կարող եք մոտենալ Կենտրոնական բանկ, մանրել Ձեր գումարը եւ վերցնել 5 դրամանոցներ»:
 
Հարց է առաջանում, ինչո՞ւ 1994 թվականից մինչեւ օրս մենք խանութում ենք թողնում մեր 5 դրամները, ով է պատասխանատու 5 դրամանոց «կողոպուտի» համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play