Հալեպահայերին աջակցելը յուրաքանչյուր հայի պարտավորությունն է. (տեսանյութ)
17-10-2016 20:54:37 | Հայաստան | Հասարակություն
Հալեպահայությանը Հայաստան տեղափոխելու և այստեղ նրանց մշտական բնակություն հաստատելու խնդիրներն ավելի առարկայական պատկերացնելուն էր նվիրված օրերս Երևանում կայացած տեղեկատվական-խորհրդակցական ժողովը, որին մասնակցում էին հալեպահայության ճակատագրով մտահոգված մի շարք քաղաքացիներ:
Ժողովի նախաձեռնողները «Հալեպահայեր, մեզ բացակա չդնեք» նորաստեղծ ֆեյսբուքյան էջի ստեղծողներն են, ովքեր լինելով ժամանակին Հայաստան ներգաղթած սփյուռքահայերի զավակներ` շատ լավ գիտեն, թե ինչ է նշանակում հայտնվել պատերազմական դրության մեջ և փորձել հնարավորինս արագ ընտանիքի հետ միասին հեռանալ ավելի խաղաղ բնակավայրեր:
Ս. Հացպանյանը փաստում է, «Հալեպահայեր, մեզ բացակա չդնեք» համացանցային էջի օգնությանն ամեն օր դիմում են հարյուրավոր հայեր թե Հայաստանից ու Սփյուռքից, թե սիրիական Հալեպ քաղաքից: Առաջինները դիմում են օգնության ձեռք մեկնելու, իսկ երկրորդները` իրենց հայրենակիցներից որոշակի աջակցություն ստանալու համար:
Ժողովի ընթացքում առաջարկություններով հանդես գալու ցանկություն շատերը հայտնեցին. Ոմանք կոնկրետ նյութական առաջարկներ ներկայացրեցին, ոմանք գաղափարներ, թե ինչպես հնարավոր կլինի առանց պետական մարմինների աջակցության կազմակերպել հալեպահայերի հայրենադարձությունը:
Ավետիսյան Գուրգենը Երևանի բնակիչ է, սակայն հալեպահայերին առաջարկում է Հայաստան տեղափոխվելիս բնակություն հաստատել «Խարբերդի դաչաներ» կոչվող տարածքի երեք վագոն-տնակներում իրենց հողամասերով, իսկ «Վահագն» ռազմահայրենասիրական միության տնօրենն էլ վստահեցնում է. այսուհետ համագործակցելու են «Հալեպահայեր, մեզ բացակա չդնեք» նախաձեռնության հետ, իսկ ինքն անձամբ ինքը իր տանը կարող է մեկ սիրիահայ կնոջ ընդունել:
«Ամեն վայրկյան մահվան սպառնալիքի տակ գտնվող հալեպահայերի վիճակն օրհասական է»,- իրենց խոսքում ահազանգում են ամբիոնից ելույթ ունեցողները:
Վերջիններս խիստ անհրաժեշտություն համարելով հալեպահայերի վերադարձը հատկապես Հայաստան` ընդգծում են. այլևս ժամանակ չկա հապաղելու կամ պատկան մարմիններին փնովելու, պետք է շտապ գործի անցնել: «Հալեպահայերին օգնելն ամբողջ ազգի պարտավորությունն է` պետական իշխանություններից սկսած մինչև Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ»,- համոզված են նրանք:
Թերևս այս պարզ ճշմարտության մասին էր վկայում ժողովին ՀՀ Սփյուռքի նախարարի առաջին տեղակալ Սերժիկ Սրապիոնյանի ներկայությունը:
Ի դեպ` «Հալեպահայեր, մեզ բացակա չդնեք» ինքնաբուխ համացանցային էջի օգնությամբ արդեն լուծվել է Հայաստան տեղափոխված մեկ սիրիահայ ընտանիքի կացարանի հարցը, իսկ թե ինչպիսին կլինի այն հալեպահայերի ճակատագիրը, ովքեր ձգտում են տեղափոխվել Հայաստան, ցույց կտա ժամանակը: