Ծայր աղքատության մեջ մահացած ազատամարտիկի դին վերադարձնելու համար գումար են պահանջել նրա անվճարունակ հարազատներից (տեսանյութ)


Ծայր աղքատության մեջ մահացած ազատամարտիկի դին վերադարձնելու համար գումար են պահանջել նրա անվճարունակ հարազատներից (տեսանյութ)

  • 17-10-2016 18:03:31   | Հայաստան  |  Հասարակություն



Օրերս մահացած ազատամարտիկ Ռոմիկ Արզումանյանի դին դիահերձարան տեղափոխելու համար Շտապ օգնության բժիշկը 5000 դրամ գումար է պահանջել նրա հարազատներից, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատության մեջ: Ինչպես հոկտեմբերի 17-ին` Աղքատության վերացման միջազգային օրվա կապակցությամբ կայացած մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սիսիանի ջոկատի ազատամարտիկ, Ռոմիկ Արզումանյանի խնամքով և բուժմամբ  զբաղվող Մայիս Արզնավուրյանը, աղքատության մեջ մահացած ազատամարտիկն ապրել է մորաքրոջ հետ, ով ստիպված դիմել է թաղապետարան, որպեսզի դիակի տեղափոխման հարցը լուծվի: 
 
Ըստ նրա` դիահերձարանում Ռ. Արզումանյանի դին դիահերձելու և հետ վերադարձնելու համար դարձյալ գումար են պահանջել այն դեպքում, երբ ընտանիքը փաստացի թաղապետարանի կողմից համարվել է անվճարունակ:
«Երբ դիահերձարանից դին հետ վերադարձնելու համար գումար պահանջեցին, բազմաթիվ ազատամարտիկ ընկերներ էին հավաքվել այնտեղ և պատրաստվում էինք գրոհել շենքը, սակայն մեր շնորհակալությունը պետք է հայտնենք Մաշտոցի ոստիկանապետին ու ամբողջ անձնակազմին հայկական հողում արյունահեղությունը կանխելու համար»,- ասաց Մ. Ազնավուրյանը` հավելելով, որ շնորհակալության արժանի է նաև Էրեբունի վարչական շրջանի թաղման բյուրոյի տնօրեն թաղման բոլոր ծախսերը հոգալու համար: 
Վերջինս  անհասկանալի է համարում Շտապ օգնության բժշկի գումար պահանջելու հանգամանքը, քանի որ Հայաստանում այդ ծառայությունն անվճար է. «Ո՞նց հասկանանք, բժիշկն ասում է 5000 դրամ տվեք կտանենք, չեք տալիս, զանգեք տնօրենին, ստացվում է, որ տնօրենը Շտապ օգնությունից պահանջում է 5000 դրամ` առանց հաշվի առնելու տվյալ մարդու վճարունակ կամ անվճարունակ լինելու փաստը»: 
Սիսիանի ջոկատի ազատամարտիկը հարցնում է. «Միթե 1990-ական թվականներին վիրավորված ազատամարտիկը մեղավոր է, որ ողջ է մնացել: Չէ որ մենք` ազատամարտիկներս, ողորմություն չենք խնդրում, այլ պահանջում ենք օրենքով սահմանված մեր հասանելիք օգնությունը»,- նշեց Մ. Ազնավուրյանը:
Վերջինիս խոսքերով` Ռ. Արզումանյանը տանջվելով մահացավ աղքատության, սովի ու անտարբերության մեջ: Ի դեպ` Ռ. Արզումանյանն իր ոչ բավարար առողջական վիճակով ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ դարձյալ մեկնել էր դիրքեր: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play