Կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության համար Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում հոկտեմբերին գրանցվածները կվճարեն 25 տոկոս իջեցված գներով (Տեսանյութ)


Կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության համար Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում հոկտեմբերին գրանցվածները կվճարեն 25 տոկոս իջեցված գներով (Տեսանյութ)

  • 18-10-2016 14:45:26   | Հայաստան  |  Հասարակություն



Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնը հայտարարել է 25 տոկոս զեղչ կրծքագեղձի քաղցկեղի հետազոտության համար: Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ նրա` կենտրոնի հոկտեմբեր ամսվա ընթացքում գրանցված բոլոր այցելուները հնարավորություն կունենան անցնել սոնոգրաֆիկ և մամոգրաֆիկ հետազոտություն` առաջինի համար վճարելով 7500, իսկ երկրորդի համար` 15000 դրամ: 
 
Խ. Հակոբյանի խոսքերով` պրակտիկան ցույց է տվել, որ հասարակության իրազեկվածության դեպքում հաջողվում է կրծքագեղձի քաղցկեղից ձերբազատվել ամբողջությամբ, քանի որ այդ դեպքում կանանց մեծամասնությունը հաղաթահարելով հոգեբանական վաղը, ժամանակին դիմում է բժշկի և հնարավորություն տալիս մասնագետներին հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում:
«Կենտրոնում բոլոր գրանցվածները, անկախ նրանից կհասցնեն հոկտեմբերին գալ թե ոչ, մինչև դեկտեմբեր կհետազոտվեն զեղչերով. Մենք սիրով սպասում ենք մեր այցելուներին, մեզ համար շատ կարևոր է նրանց առողջությունը, քանի որ հիվանդ կնոջ պարագայում մենք ունենում ենք հիվանդ ընտանիք և հասարակություն»,- ընդգծեց նա` հորդորելով կանանց չվախենալ և չնչին մտահոգության դեպքում դիմել համապատասխան մասնագետներին: 
Խ. Հակոբյանի վստահեցմամբ` նախաքաղցկեղային փուլում հիվանդացության հայտանբերումը հնարավոր է բուժել ամբողոջությամբ` առանց մեծ ֆինանսական և հոգեբանական խոչընդոտների:  
Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի ղեկավարի տեղեկացմամբ` իրենց բուժհաստատության բացման օրվանից մինչ այժմ հետազոտության համար դիմել է 500 հազար այցելու, որից 300 հազարն անցել է կրծքագեղձի քաղկեղի հետազոտություն և նրանցից 11 հազարի մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: 
Խ. Հակոբյանի փոխանցմամբ` առանձնակի անհանգստություն են պատճառում գյուղաբնակ կանայք, ուստի կենտրոնի մասնագետներն արդեն 320 այց են ունեցել ՀՀ մարզեր և գյուղեր, ինչպես նաև Արցախ: Այս այցերի ընթացքում անվճար հետազոտել են շուրջ 25 հազար կանանց. «Մենք կատարել ենք վահանաձև գեղձի, կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղների կանխարգելման թեստեր, որի արդյունքում հայտանաբերում ենք կանանց ռիսկային խմբեր, ովքեր լուրջ խնդիրներ են ունենում և հրավիրավում են կենտրոն` տեղում ավելի մանրակրկիտ զննություն կատարելու համար»,- նշեց նա:  
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ ուռուցքաբան Արմեն Քոչարյանն էլ ընդգծեց, որ հիվանդացությունը բավականին երիտասարդացել է: 
Նրա փոխանցմամբ` եթե կրծքագեղձի քաղցկեղը մի քանի տարի առաջ հայտնաբերվում էր 50-ից բարձր տարիքի կանանց մոտ, ապա այժմ հիվանդացության դեպքեր են հանդիպում նաև 20 տարեկանից բարձր չամուսնացած աղջիկների մոտ: 
Մասնագետը շեշտում է. «Քաղցկեղի բուժման կարևորագույն նախապայման է համարվում ճիշտ ախտորոշումը. Պետք է սկսել մամոգրաֆիկ քննությունից, օրգանիզմի ամբողջական հետազոտությունից»:
Կարևորելով քաղցկեղի բուժման հարցում նաև համապատասխան մասնագետների թիմային աշխատանքը` Ա. Քոչարյանը հավելեց, որ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում ուռուցքաբանները, ճառագայթաբանը, հյուսվածքաբանը և քիմիաթերապիայի մասնագետն աշխատում են համատեղ, ինչը նպաստում է բուժման ընթացքում առավելագույն դրական արդյունքի հասնելուն: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play