Հունաստանում կայացած «Ինտերնացիոնալ ֆոլկլյոր» փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է հայ-հունական «Խարիտոնի» համույթին (տեսանյութ)


Հունաստանում կայացած «Ինտերնացիոնալ ֆոլկլյոր» փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է հայ-հունական «Խարիտոնի» համույթին (տեսանյութ)

  • 18-10-2016 19:14:21   | Հայաստան  |  Մշակույթ



«Ինտերնացիոնալ ֆոլկլյոր» փառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է հայ-հունական  «Խարիտոնի» վոկալ-գործիքային համույթին: Ինչպես հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց համույթի ղեկավար, ՀՀ  ժող.արտիստ, քանոնահարուհի, երաժշտագետ, արվեստագետ Անժելա Աթաբեկյանը, փառատոնը կայացել է սեպտեմբերի 26-28-ը Հունաստանի Սալոնիկի-Պեֆկոխորի քաղաքում, որին մասնակցել են 12 երկրների մեկական նվագախմբեր: 
 
Ըստ նրա` փառատոնի ընթացքում «Խարիտոնի» համույթին բացառության կարգով թույլ են տվել երկու անգամ ելույթ ունենալ` կատարելով և հայկական, և հունական երգեր:   
«Մենք երկու անգամ բեմ բարձրացանք և կատարեցինք հայկական ու հունական ազգային համարներ, որոնք բավականին լավ ընդունվեցին հանդիսատեսի կողմից»,- ասաց նա` հավելելով, որ իրենց կատարումների ընթացքում հանդիսատեսը պարել և ուրախացել է: 
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երգիչ, Համաշխարհային ֆոլկլյոր միության նախագահության անդամ Սամվել Գալստյանի փոխանցմամբ` արդեն 7-8 տարի է, ինչ համագործակցում է նշյալ միության հետ և բազմիցս Հայաստանից տարբեր փառատոնների շրջանակներում ներկայացրել են նվագախմբեր, մեներգիչներ, երաժիշտներ ու ստեղծագործական խմբեր:
«Տեսնելով, որ մեր ժողովուրդը բավականին շնորհաշատ է, պարբերաբար մեզ ընդգրկում են իրենց ծրագրերի մեջ»,- նշեց նա և հավելեց, որ տարվա ընթացքում 20-30 հրավեր են ստանում նմանատիպ միջոցառումների մասնակցելու համար:
Բոլոր հրավերները Ս. Գալստյանի փոխանցմամբ` չեն կարողանում ընդունել, քանի որ ֆինանսավորման խնդիր ունեն, իսկ ՀՀ Մշակույթի նախարարությունը ոչ միշտ է կարողանում տրամադրել անհրաժեշտ գումարները: 
Նրա խոսքերով` հայերը և հույները շատ նման են ինչպես մշակույթով, այնպես էլ ճակատագրով. «Եթե ուսումնասիրեք հունական ֆոլկլյորը, կտեսնեք, որ հատկապես համշենահայերի և Պոնտոսի հույների մշակույթների նմանությունն այն աստիճան է, որ դրանք կարելի է շփոթել, անգամ գործիքների և պարային շարժումների նմանություններ կան»:
«Խարիտոնի» հաջողության գրավականն ըստ Համաշխարհային ֆոլկլյոր միության նախագահության անդամի` համույթում ընդգրկված երաժիշտների ու երգիչների պրոֆեսիոնալիզմն է ու հունական լեզվի վարժ տիրապետումը: 
Ի դեպ` ՀՀ Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը շատ  ջերմ  է ընդունել համույթին ու բարձր գնահատել Ա. Աթաբեկյանի կատարած աշխատանքը: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play