Հատուկ հայ հանդիսականի համար ներկայացվելու է սառցե շոուի նոր ձևաչափ «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» խորագրով

19-10-2016 17:03:26   | Հայաստան  |  Հասարակություն
Հարցազրույց «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոու-ծրագրի կազմակերպիչ, Forpostart production ընկերության նախագահ Զառա Մխեյանի հետ: 
 


Այս տարվա մարտին Դուք կազմակերպել էիք «Սառույցի արքաները» սառցե շոուն Եվգենի Պլյուշչենկոյի մասնակցությամբ, իսկ այժմ գովազդում եք «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» շոու-ծրագիրը:
 
Ի՞նչ ձևաչափով եք այն ներկայացնում:  
-  «Սառույցի արքաները» աննախադեպ շոու էր՝ Օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ, որը կայացավ 2016 թվականի մարտի 5-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Լույսի, ձայնի և աստղերի հեքիաթային և շլափայլ բեմադրություն մարզահամերգային համալիրի սառցե բեմում, որը պարզապես գերեց հանդիսատեսին իր տեսարժանությամբ, ճաշակով և պրոֆեսիոնալիզմով: Հայաստանցիները, ինչպես նաև մեր հանրապետության հյուրերը ականատես եղան աշխարհի լավագույն գեղասահորդների բարձրակարգ կատարումներին:
Նախագիծը միավորել էր համաշխարհային հռչակ են ունեցող, տարբեր ուղղությունների պրոֆեսիոնալ գեղասահորդների: Շոուի գլխավոր ներշնչողի՝ Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշները եղել էին սպորտսմենների տեխնիկական բարձր մակարդակը և արտիստիզմը: Պլյուշչենկոն հրավիրել էր լավագույններից լավագույններին, սառցե աշխարհի իր ընկերներին և գործընկերներին: Օլիմպիական չեմպիոնների դասական կատարումների և էքստրեմալ գեղասահորդների անսովոր կատարումների համադրումը, անկասկած, հետաքրքիր էին ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի երկրպագուներին, այնպես էլ՝ վտանգավոր հնարքների և նոր տպավորությունների սիրահարներին: 
Մարտին ծրագրում ընդգրկված էին նաև Դիմա Բիլանը և այլ երաժիշտներ
- Այո, մենք պրոդյուսերի հետ հատուկ Հայաստանի համար փոփոխություններ էինք կատարել և հրավիրել էինք Դիմա Բիլանին և Էդվին Մարտոնին, ովքեր կատարեցին հաղթական «Believe» երգը՝ Եվգենի Պլյուշչենկոյի կախարդիչ պարի ներքո: Ապա Բիլանը կատարեց ևս մի քանի երգ:  
Իսկ ի՞նչ է սպասվում հայ հանդիսատեսին այս անգամ:
- Սպասվում է գունեղ, կախարդիչ շոու սառույցի վրա, լուսավոր մի ներկայացում, որը միավորում է արվեստի տարբեր ժանրերը և … դեֆիլեն. Երիտասարդ տաղանդավոր հայ և նորաձևության աշխահահռչակ տների մոդելավորողների 2017 թվականի հավաքածուների ցուցադրություն: Օրինակ, AVTANDIL նորաձևության տան հավաքածուների հատուկ ցուցադրություն:
Ծրագրում հանդես կգան ռուսական էստրադայի հայտնի երգիչներ, երաժիշտներ, պարային խմբեր, կրկեսի և օրիգինալ ժանրի ներկայացուցիչներ, գեղասահքի աստղեր, մոդելավորողներ: 
Նրանց թվում են, օրինակ, ջազի թագուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և մեր սիրելի վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը:
Սա սառցե շոուի նոր ձևաչափ է, որն իրականացրել ենք հատուկ հայ հանդիսականի համար: Դրանք սովորական ցուցադրական ելույթներ չեն, այլ մի ամբոդջ բեմականացում, որ կրում է մի քանի ժանրերի տարրեր՝ մեկ կարգախոսով՝ «Ոճի շարժ». Սառույցի վրա ներկայացումը բաղկացած է պարային, գործիքային երաժշտության, վոկալ, էստրադային-կրկեսային, հետաքրքիր տեսաշարքի, նորաձևության ցուցադրության համարներից: Բեմականացված և արտասովոր կատարումներով հանդես կգան համաշխարհային մակարդակի գեղասահորդներ, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանից, այլև Եվրոպայից և Հայաստանից: Նրանց կազմը չի կրկնվում է և տարբեր է նախորդ շոուից, իսկ որպես գլխավոր մենակատարներ հանդես կգան Եվգենի Պլյուշչենկոն և Ադելինա Սոտնիկովան, ով առաջին և միակ օլիմպիական չեմպիոն հռչակված մենակատարուհին է Խորհրդային միության և Ռուսաստանի պատմության մեջ:
Ինչպե՞ս առաջացավ նման շոուի գաղափարը և ում մոտ այն ծագեց
-  «Սառույցի արքաները» շոուից հետո ես և Արի Զաքարյանը որոշեցինք նոր հայացքի ներքո ստեղծել սառցե շոուի նոր ձևաչափ: Շոուի բեմականացումն իրականացրել են հատուկ հրավիրված պարարվեստի մասնագետներ, ռեժիսորներ, սցենարիստներ, ձևավորողներ, գեղանկարիչներ: Նրանցից մեկը մեր հայրենակից, մոսկվայաբնակ հայտնի ռեժիսոր-բեմադրիչ Էմիլ Կարատն է: 
Մեր պատմությունը դուրս է ժամանակից և սահմաններից: «KINGS ON ICE PRESENTS - FASHION ON ICE» շոուն համաշխարհային մակարդակի աննախադեպ շոու է՝ սառույցի արքա Եվգենի Պլյուշչենկոյի և այլ օլիմպիական չեմպիոնների մասնակցությամբ: 
Այն Հայաստանում երբևիցե կայացած ամենավառ և փառահեղ շոուն է լինելու, որտեղ դասական և փոփ երաժշտությունը, գլամուրը և սահքը սառույցի վրա միավորվում են որպես կախարդիչ մի հեքիաթ: Սա շոու է, որտեղ միաձուլվում են հոյակապ երաժշտությունը, գեղեցկությունը, նորաձևությունը և պարը սառույցի վրա: Բեմում իրադարձությունները կզարգանան օպերային և փոփ կոմպոզիցիաների ներքո, որոնք ջերմ ու պայծառ հույզերով կպարուրեն ներկաներին:
Ինչպե՞ս եք տեսնում Դուք դեֆիլեն նման պրոյեկտում
- Ինչ վերաբերում է սառցե շոուի համադրությամբ նորաձևության ցուցադրությանը, ապա պետք է նշեմ, որ նման թատերականացված ձևաչափն ամբողջ աշխարհում հետզհետե մեծ մասսայականություն է ստանում և մեծ հաջողություն վայելում հանդիսատեսի շրջանում: Մենք բազմիցս կազմակերպել ենք ֆեյշն շոուներ: Ես Հայաստանի նորաձևության մասին «To see trees where the others see only poles» ֆիլմ-պրոյեկտի պրոդյուսերը և կազմակերպիչն եմ (F.TV հեռուստաընկերության համար), որի մտահղացման հեղինակը Ռուբեն Ջաղինյանն է:
Որպես պրոդյուսեր, «Շարմ» հոլդինգի աջակցությամբ 4 տարի շարունակ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպել եմ «Հայկական ուրվագիծ» մոդելավորողների մրցույթը՝ «տարվա նկարիչ-մոդելավորող» անվանակարգում: Մրցույթների պատվավոր ժյուրին գլխավորում էր Վյաչեսլավ Զայցևը: Իր գոյության չորս տարիների ընթացքում «Հայկական ուրվագիծ» ֆոնդը մեծ աշխատանք է տարել հայ տաղանդավոր մոդելավորողների առաջընթացի և հայրենական նորաձևության վերածննդին ուղղված երիտասարդական շարժման ակտիվացման գործում: 
«Հայկական ուրվագիծ» ֆոնդը ոչ առևտրային կազմակերպություն էր, որը գլխավորում էի ես, ինչպես նաև եղել եմ «Союз «Сервис» армянских модельеров» հասարակական կազմակերպության նախագահը: Այնպես որ շոուների կազմակերպման մեծ և հարուստ փորձ ունենք:
Իսկ Պլյուշչենկոն այսպիսի ձևաչափում աշխատե՞լ է
- Այո, ի դեպ Պլյուշչենկոն իր գործընկերների հետ հանդես է եկել այսպիսի թատերականացված ծրագրում Անդրեա Բոչելիի հետ, որտեղ սպորտը, երաժշտությունը և նորաձևությունը միահյուսված էին ընդհանուր ներդաշնակությամբ: Եվ այդ փառահեղ շոուն, որ անցկացվեց Վերոնա քաղաքում, դարձավ գեղեցկության նոր ձևերի անվերջ փնտրտուքների խորհրդանիշ, որտեղ բեմի երկու արքաները՝ փայլուն վոկալիստը և հռչակավոր գեղասահորդը իրենց տաղանդով զարդարեցին և լուսավորեցին վերոնյան Արենան՝ հին հռոմեական ամֆիթատրոնը, երբեմնի գլադիատորական մարտերի բեմահարթակը, որն այժմ վերոնյան մշակույթի սիրտն է և թատերական արվեստի անմար գեղեցկության խորհրդանիշը:
Իսկ հայրենական մոդելավորողներից ո՞վ է ընդգրկված
- Մեր ներկայացման գաղափարն է ներկայացնել ա՛յն հայ երիտասարդ մոդելավորողներին, ովքեր տաղանդավոր են, սակայն դեռևս այնքան էլ հայտնի չեն լայն հասարակությանը: Նրանց, ովքեր արդեն որոշակի ձեռքբերումներ ունեն այս ոլորտում և ովքեր ունեն հետաքրքիր հավաքածուներ: Բացի այդ, կցուցադրվեն համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշերի հավաքածուներ, որոնք Հայաստանում ունեն ներկայացուցչություններ: Դեֆիլեն իր մեջ ներառելու է 2017 թվականի սպորտային, գործնական և երեկոյան հավաքածուների ցուցադրություն:
Սպորտային պարերի, նորաձևության նոր միտումների, երաժշտության յուրօրինակ համադրումը նոր անկրկնելի շոուի գաղափարախոսությունն է՝ հատուկ երևանյան հանդիսատեսի համար:
Շոուի պրես-ռելիզում կարդում ենք «Ոճի շարժ» արտահայտությունը, պատմեք այդ մասին:
- Ծրագիրը կրում է որոշակի թաքնված դաստիարակչական գործառույթ: Քանի որ սպորտը դա շարժում է, իսկ մեր ծրագիրը կրում է նաև «Ոճի շարժ» անվանումը, մենք ցանկանում ենք հիմնական շեշտը դնել սպորտային հագուստի հավաքածուների վրա և դրանով ցույց տալ ինչպես և որտեղ են այն կրում, քանի որ մեզանում, ցավոք, այդ կանոնները պահպանում են ոչ բոլորը: Հասկանալի է, որ միայն այս ցուցադրությամբ հազիվ թե ինչ-որ բան փոխվի, սակայն աշխատել դրա վրա անհրաժեշտ է: Կարծում եմ, ցանկացած ներկայացում իր մեջ ոչ միայն կոնկրետ գաղափար է կրում, այլև ունի կրթական, դաստիարակչական և որպես օրինակ ծառայելու նպատակ: Հարկ է հասկանալ, որ սպորտային հագուստով պետք է զբաղվել սպորտով, ոչ թե հաճախել հասարակական վայրեր, քայլել փողոցով: Մենք պարզապես երջանիկ կլինենք, եթե մեր այս ուղերձը հասնի ոմանց և մարդիկ դա ի նկատի ունենան:
Իսկ հանդիսատեսն ինչպե՞ս է տեսնելու նորաձևության ցուցադրությունը և այն ամենը, ինչ կատարվում է սառցե բեմի շրջակայքում
- Հատկանշական է, որ դահլիճում տեղադրվելու են էկրաններ, որոնց վրա ուղիղ միացմամբ հանդիսականը տեսնելու է նաև այն ամենը, ինչ կատարվելու է ետնաբեմում. Ինչ աշխատանքներ են այնտեղ իրականացվում, ինչպես են արտիստները պատրաստվում բեմելին, ով և ինչպես է նրանց օգնում:
Իսկ շոուի վերջում, Մարիամ Մերաբովայի կատարմամբ «Ветер перемен» երգի ներքո բեմ դուրս կգան ոչ միայն շոուի բոլոր մասնակից արտիստները, այլև նրանց սպասարկող աշխատակիցները, որոնց հանդիսականը չի տեսնում, առանց որոնց, սակայն չէր կարող ստեղծվել այս գունեղ բեմականացումը. Պարուսույցներ, գրիմյորներ, ոճաբաններ, կոստյումերներ, ռեժիսորներ: Մի խոսքով «խոհանոցի» ներկայացուցիչները:
Պրիմիերային մնացել է շատ քիչ ժամանակ, աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և շոուի կազմակերպիչները երախտապարտ են բոլոր նրանց, ովքեր իրենց օգնությունն ու աջակցությունն են ցուցաբերում, մասնավորապես Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանին, ով ջանք չի խնայում ոչ մի, այդ թվում և տեխնիկական հագեցվածությունն ապահովելու հարցում, որպեսզի շոուն կայանա ամենաբարձր մակարդակով, Հանրային հեռուստաընկերության նախագահ Ռուբեն Ջաղինյանին, որպես գլխավոր տեղեկատվական գործընկեր:
Արդյո՞ք բոլոր տեխնիկական հարցերը լուծված են, ո՞ր փուլում եք այժմ:
-  Ուզում եմ ավելացնել, որ մեզ հետ համագործակցում են նաև «ՕՌԵՕ» իմիջ կենտրոնի ոճաբանները՝ ի դեմս Սերժ Հարությունյանի, ինչպես նաև՝ «ԱՏԵՔՍ» նորաձևության կենտրոնը:
Պրոյեկտի վրա աշխատում է մի ամբոջ թիմ Երևանից, Մոսկվայից և Սանկտ- Պետերբուրգից: Սառցե շոուն համապատասխանելու է եվրոպական բոլոր չափանիշներին: Այդ հարցում մեծ օգնություն է ցուցաբերում ՄՀՀ տնօրեն Վազգեն Ասատրյանը, ով արդեն իսկ հոգացել է, որ սառույցի մշակման համար նախատեսված տեխնիկան լինի կազմ ու պատրաստ:
Իրականացվում են բեմահարթակի պատրաստման աշխատանքներն՝ ըստ ներկայացված պահաջների, մոդելավորողներն աշխատում են նոր հանդերձների վրա, ապահովված են հատուկ էֆեկտների, էկրանների, լուսային ամենատարբեր սարքավորումների, ձայնի բարձրորակ հնչողության ապահովման համար նախատեսված սարքերի առկայությունը: Լուսանկարվելու համար տեղադրված կլինեն հատուկ կոնստրուկցիաներ:
Անկրկնելի և բացառիկ ներկայացման պրիմիերա, որտեղ սպորտը, երաժշտությունը և նորաձևությունը հանդես են գալիս որպես գեղագիտության անբաժանելի մաս՝ մարդկանց սրտերում թողնելով արվեստի ուժը զգալու և գնահատելու, կյանքում վեհ գաղափարներով առաջնորդվելու և բարություն սփռելու, գեղեցիկ ապրելու, սիրելու և սիրվելու ցանկություն:
Նվիրեք ինքներդ ձեզ թարմ հույզեր, նոր զգացողություններ և ադրենալինի հզոր չափաբաժին:
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից