Պուտինի խորհրդականը մերժել է Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին


Պուտինի խորհրդականը մերժել է Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին

  • 19-10-2016 17:52:30   | Հայաստան  |  Վերլուծություն

Նոր նշանակված վարչապետ Կարեն Կարապետյանը անցնող օրերին փաստացի առաջին բացասական ազդակը ստացավ Ռուսաստանից, թեեւ նույն օրերին հայտարարեց, որ հայ-ռուսական տնտեսական գործակցությունն ունի մեծ ներուժ:
 
Հայաստանում ՀԱՊԿ Վեհաժողովին զուգահեռ անցկացվեցին Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի միջազգային համաժողով եւ հայ-ռուսական ռեգիոնալ գործակցության հավաք:
Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի համաժողովին ներկա էր նաեւ ՌԴ նախագահ Պուտինի խորհրդական Գլազեւը, ով հայտարարեց, որ Հայաստանը տպավորիչ արդյունքներ է արձանագրում ԵՏՄ անդամակցության շրջանակում եւ կարող է դառնալ ինտեգրացիայի կենտրոն:
Փաստացի նա արտահայտում էր այն, ինչ մոտ երկու ամիս առաջ Սոչիում Սերժ Սարգսյանին ասել էր Պուտինը` ԵՏՄ անդամությունից հետո Հայաստանի ՀՆԱ 10 տոկոս աճի մասին:
Գլազեւի հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ հնչում է Հայաստանում կառավարության փոփոխությունից հետո: Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը, որ եկավ ռուսական Գազպրոմի համակարգից, Հայաստանում ընկալվեց եւ առ այսօր շատ հանրային-քաղաքական շրջանակներում ընկալվում է որպես Ռուսաստանից գործուղված վարչապետ:
Ինչ խոսք, շատ դժվար է ասել, այդպես է դա, թե ոչ: Բայց, հատկանշական է այն, որ Հայաստանում կառավարության փոփոխությունից մոտավորապես մեկ ամիս առաջ ՌԴ նախագահ Պուտինը փաստացի բավական բարձր գնահատական տվեց Հայաստանի տնտեսական վիճակին: Եթե Ռուսաստանը մտադիր լիներ փոխել Հայաստանի վարչապետին եւ նշանակել իր ներկայացուցչին, ապա մինչ այդ թերեւս ոչ թե երկնիշ աճի մասին կհայտարարեր, այլ կխոսեր Հայաստանի տնտեսական ծանր վիճակի ու խնդիրների մասին, այդպիսով նախապատրաստելով փոփոխության հողը:
Դա կարող է վկայել, որ Ռուսաստանը չուներ այդպիսի փոփոխության մտադրություն: Ավելին, Պուտինի հայտարարությունը փաստացի Հայաստանի տնտեսական «հայցերի» մերժում էր, որով Հայաստանին ասվում էր, թե այն, ինչ տալիս է Ռուսաստանը կամ ԵՏՄ-ն, բավարար է եւ ավելին պետք չէ սպասել:
Դրանից մեկ ամիս անց Սերժ Սարգսյանը փոխեց կառավարությունը, վարչապետ նշանակելով Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը թերեւս դեմ չէր լինի, որ Կարապետյանն ընկալվեր իբրեւ Ռուսաստանից նշանակված կամ պարտադրված վարչապետ: Այդպիսով, նրա գործունեության պատասխանատվությունը Սարգսյանի վրայից կտեղափոխվեր Ռուսաստանի վրա: Չի բացառվում նաեւ, որ Կարեն Կարապետյանի նշանակումով Սերժ Սարգսյանն ակնկալում էր սիրաշահել Ռուսաստանին, դրա դիմաց ստանալով տնտեսական այդքան անհրաժեշտ աջակցությունը:
Ահա այդ իմաստով, ՌԴ նախագահի խորհրդականի Հայաստանում արտահայտած մտքերը` ԵՏՄ անդամությունից հետո Հայաստանի տնտեսության տպավորիչ արդյունքների եւ հեռանկարների մասին, որոնք Պուտինի օգոստոսյան դիրքորոշման կրկնությունն էին, դառնում են բավական ուշագրավ:
Գլազեւի ակնարկը փաստացի Ռուսաստանի հրաժարումն էր Կարեն Կարապետյանից,  Ռուսաստանի արձագանքը, որ Հայաստանի կառավարության փոփոխությամբ Մոսկվայի մոտեցումը Հայաստանի տնտեսական իրավիճակի հանդեպ չի փոխվում եւ Հայաստանը չպետք է ակնկալի Ռուսաստանից հավելյալ օժանդակություն:
Մոսկվայի դիրքորոշումը հասկանալի է` Ռուսաստանը չունի ավելորդ փողեր, Հայաստանի մասով չունի նաեւ քաղաքական էական մոտիվացիա: Ռուսաստանի համար Հայաստանն ու Հայաստանի վարչապետի անունը շատ փոքր խնդիր է, հատկապես ներկայիս աշխարաքաղաքական դինամիկայի համատեքստում:
Այդպիսով, Պուտինի խորհրդականը Երեւանում փաստացի մերժել է Սերժ Սարգսյանին ու Կարեն Կարապետյանին:
Ի դեպ, այդ ֆոնին հետաքրքրական է, որ դրանից կարճ ժամանակ անց գործնականում տնտեսական մերժումով հանդես եկավ նաեւ Ֆորբսի ցանկում աշխարհի ամենահարուստ հայը՝ Սամվել Կարապետյանը, հայտարարելով, որ Հայաստանում հարյուր միլիոնավոր դոլարների ներդրում կատարելու իր մտադրության մասին մամուլի հրապարակումները անհիմն են եւ միտված են «արհեստական սպասում» առաջացնելուն:
Արդյոք Սամվել Կարապետյանն էլ սպասում էր Ռուսաստանի վերաբերմունքին:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն