Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում մտցնում է որոշակի ուժային կառավարում


Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում մտցնում է որոշակի ուժային կառավարում

  • 20-10-2016 18:14:34   | Սյունիքի մարզ  |  Վերլուծություն

Ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրամանով փոխվել են Կապանի եւ Մեղրիի ոստիկանապետերը: Այդօրինակ փոփոխությունները ոստիկանությունում պրակտիկա են, կիրառվում են տարբեր մարզերում ու քաղաքներում, բայց Սյունիքի երկու քաղաքներում կատարված փոփոխությունը ուշագրավ է մարզում վերջին շաբաթներին տեղի ունեցող այլ փոփոխությունների ֆոնին:
 
Նոր վարչապետի նշանակումից հետո պաշտոնից հեռացվեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, թեեւ հենց նա էր բավական խրոխտ հայտարարել, թե ինչ փոխվի-չփոխվի` ինքը չի պատրաստվում փոխվել: Հետո Սուրիկ Խաչատրյանը փորձեց ուղղվել, բայց ուշ էր:
Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Վահե Հակոբյանը: Սյունիքի մարզպետի նշանակումից օրեր անց տեղի ունեցավ մարզի ոստիկանապետի փոփոխություն: Այժմ ահա փոխվում են Կապանի եւ Մեղրու ոստիկանապետերը:
Հետաքրքիր է, կհասնի՞ արդյոք հերթը Գորիսի Ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանին, որը նշանակվել է 2015 թվականին, իսկ 2016 թվականի մարտին հայտնվել աղմկոտ պատմության մեջ: Ըստ մամուլի հրապարակումների, նա ծեծել էր մի երիտասարդի, տեղի ռեստորաններից մեկում: Սակայն Գորիսի ոստիկանապետը շարունակում է դեռ պաշտոնավարել:
Սյունիքում մարզպետի դե յուրե փոփոխությունը անկասկած չի լուծում նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի դե ֆակտո ազդեցության հաղթահարման խնդիրը: Իսկ առանց այդ խնդիրը լուծելու գործնականում հնարավոր չէ լուծել մարզի կառավարման նոր որակի հարցը, ինչը նոր վարչապետ Կարեն Կարապետյանը հրապարակավ ակնկալեց նոր մարզպետ Վահե Հակոբյանից:
Նկատի ունենալով Սյունիքի մարզում Լիսկայի եւ նրա ընտանիքի ազդեցության բնույթը, այդ ազդեցությունը դե ֆակտո չեզոքացնելու հարցում իրավապահ համակարգն ունի առանցքային նշանակություն: Նոր մարզպետ Վահե Հակոբյանն էլ փաստացի իրավապահ համակարգի կադր է, նա իր կարիերան սկսել է ԱԱԾ-ում, երբ նախարար է եղել Սերժ Սարգսյանը: Հետո Հակոբյանը տեղափոխվել է Գլխավոր դատախազություն: Մամուլը գրում է, որ նա Սերժ Սարգսյանի վստահելի կադրերից է: Այդ համատեքստում տրամաբանական է, որ Սարգսյանը «մենակ» չի թողնում իր կադրին, եւ նրա նշանակմանը հաջորդում են մարզի ոստիկանության առանցքային պաշտոնյաների փոփոխություններ:
Այլ կերպ ասած, փաստացի Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզում մտցնում է որոշակի ուժային կառավարում: Մարզը նախկին մարզպետ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի ազդեցությունից դուրս էապես դուրս բերելու առավել գործուն մեխանիզմ Սերժ Սարգսյանը թերեւս չէր էլ կարող տնօրինել:
Սյունիքի մարզը Հայաստանի համար ունի ռազմավարական, տնտեսա-քաղաքական առանձնահատուկ նշանակություն, քանի որ այն Իրանին սահմանակից մարզն է: Այդ առումով Սյունիքն ունի ահռելի ներուժ, որը բացելու համար անհրաժեշտ է մարզի կառավարման արդյունավետության եւ ընդհանրապես մոտեցումների հարցում խորքային փոփոխություն:
Թե որքանով այդ փոփոխության նախադրյալներ կստեղծվի ուժային կառավարման ներդրումը, անորոշ է, սակայն աներկբա է, որ դա առաջին անհրաժեշտ նախադրյալն է մարզում նախկին մարզպետի ազդեցությունը նաեւ դե ֆակտո նվազեցնելու համար` ինչը ոչ բավարար, սակայն նվազագույն անհրաժեշտ պայման է նոր իրավիճակի համար:
Միեւնույն ժամանակ, Սյունիքի մարզում փաստացի դրսեւորվում է մի օրինակ, որն ընդհանրապես բնորոշ է Հայաստանում կենտրոնական իշխանության մակարդակում տեղի ունեցող տրանսֆորմացիաներին, որոնք միտված են նոր համակարգային ստատուս-քվոյի հաստատմանը:
Բանն այն է, որ այստեղ էլ Սերժ Սարգսյանի ամենակենսունակ եւ «անվրեպ» թվացող միջոցը հանդիսանում է իրավապահ համակարգը, թեեւ հուլիսին այն կարծես թե վրիպեց: Այդուհանդերձ, այդ վրիպումը նաեւ Սերժ Սարգսյանի համար առիթ դարձավ նույն համակարգում մի քանի էական կադրային փոփոխություն կատարելու, նաեւ իշխանության վերադասավորումների գործընթացը արագացնելու եւ առավել ինքնավստահ դիրքի դուրս գալու համար:
Նոր կառավարության նշանակումով Սարգսյանը փաստացի մարտահրավեր է նետել ՀՀԿ ներկայիս մեծամասնությանը, ներկայացնելով այն փոխելու հրապարակային հայտ: Այստեղ արդեն, իր նախաձեռնած փոփոխություններն ու փաստացի քաղաքական հենարանից զուրկ նոր կառավարության գործունեությունը առաջ մղելու համար Սարգսյանը չունի այդ ամենի ուժային հենարան ապահովելու այլընտրանք:
Վարելով նոր կառավարության առաջին նիստը, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Կարեն Կարապետյանին վստահեցնում է` բոլոր պետական օղակները սատարելու են եւ աջակցելու են կառավարությանը: Այդ հայտարարությունն անկասկած տողատակում նկատի էր առնում առավելապես ուժային կառույցները, քանի որ խորքային առումով բոլոր պետական օղակներն այսպես թե այնպես գտնվում են կառավարության ենթակայության ներքո, եւ ուժային կառույցներն են, որ նախագահական ազդեցության ներքո են: Եվ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին փաստացի հայտնում էր հենց ուժային աջակցությունը, որն իհարկե նրան անհրաժեշտ է լինելու ՀՀԿ մեծամասնության հետ շահերի բախման դեպքում: Շահեր, որոնք այս թե այն դեպքում, Կարապետյանը միեւնույն է չի կարող չոտնահարել եւ չդնել ռիսկի տակ, եթե իսկապես ձգտելու է փոխել իրավիճակն անկախ թե որ շահի գերակայությամբ` հանրության եւ պետության, թե պարզապես համակարգի ձեւավորվելիք նոր մեծամասնության:
Եվ այդ իմաստով, Սյունիքի մարզում տեղի է ունենում կենտրոնական իշխանության մակարդակում ծավալված գործընթացի որոշակի մանրակերտային դրսեւորում: Եվ թերեւս պատահական չէ, որ ընտրվեց հենց Սյունիքը, որի նախկին մարզպետը իր համակարգային նշանակությամբ գործնականում չէր զիջում այն անձանց, որոնք հեռացվեցին կենտրոնական իշխանության մակարդակում: Եվ մարզն էլ իր առանձնահատկություններով գործնականում արտացոլում է այն ռազմավարական խնդիրները, որոնց առաջ կանգնած է Հայաստանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play