Մերձ.Արևելքում և ԱՀ-ում ապրող հայությանը պետք է դիտել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ. Տիգրան Փաշաբեզյան (տեսանյութ)


Մերձ.Արևելքում և ԱՀ-ում ապրող հայությանը պետք է դիտել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ. Տիգրան Փաշաբեզյան (տեսանյութ)

  • 21-10-2016 15:24:40   | Հայաստան  |  Հասարակություն



Մերձավորարևելյան տարածաշրջանում առկա ժամանակակից մարտահրավերների արդյունքում շարունակվում է կրճատվել Լիբանանի, Իրաքի և Սիրիայի հայկական բազմահազարանոց համայնքների անդամների թիվը, հետևաբար Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը պետք է գումարել Մերձավոր Արևելքի հայության կենսագործունեության նոր իրականությունը և Արևմտյան Հայաստանում ապրող հայերի գործոնը: Նման առաջարկով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ընթացքում հանդես եկավ Ֆրանսիայում գործող «Լուսավոր Ավետիս» էլեկտրոնային կյանքի Հիմնադիրների խորհրդի անդամ Տիգրան Փաշաբեզյանը: 
 
Ըստ նրա` Մերձավոր Արևելքում և հարակից տարածքներում առկա ժամանակակից մարտահրավերների պայմաններում տեղի հայ համայնքների կենսագործունեությունն այժմ էապես տարբերվում է ավանդական սփյուռք հասկացության կյանքի գործունեության բնականոն ընթացքից` ստանալով բոլորովին նոր սպառնալից իրողություն և հնչեղություն: 
«Մեզ` հայերիս համար իրավիճակը նոր չէ այն իմաստով, որ մերձավորարևելյան մարտահրավերները մեզ համար սկսվել են դեռևս 1975 թվականին լիբանանյան քաղաքացիական պատերազմի սզբնավորումից ի վեր, ինչի արդյունքում Լիբանանի երբեմնի բարգավաճ 300 հազարանոց հայ համայնքն այսօր նվազել է մինչև 60 հազարի, դրա բացասական բոլոր հետևանքներով»,- ասաց նա` հավելելով, որ վերջին տասնամյակների ընթացքում կրճատվել է նաև Իրաքի 20 հազարանոց և Սիրիայի 300 հազարանոց համայնքները մինչև մի քանի հազարի: 
Իրադարձությունների նման զարգացման պայմաններում Տ. Փաշաբեզյանի կարծիքով` հայտնի չէ, թե ի՞նչ ճակատագրի են արժանանալու ինչպես Մերձավոր Արևելքի մյուս հայ համայնքները, այնպես էլ Արևմտյան Հայաստանում ապրող հայերը: 
Հետևաբար բանախոսը գտնում է, որ Մերձավոր Արևելքում և Արևմտյան Հայաստանում ապրող հայությանը պետք է դիտել որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության չորրորդ բաղադրիչ:  
Տ. Փաշաբեզյանը նաև ուրախությամբ արձանագրեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք 25-ամյա համագործակցությունը լուրջ հաջողություններ է արձանագրել ՀՀ պետականության ամրապնդման, Արցախի հայության ազատ ապրելու և ինքնորոշման իրավունքի պաշտպանության, Արցախի ու ՀՀ անվտանգության պաշտպանության բաղադրիչի բարձրացման, տնտեսության, կրթության, առողջապահության և մշակույթի ոլորտներում կատարված կարևոր ներդրումների և աջակցության, երկու հայկական պետությունների ենթակառուցվածքների վերականգնման ու զարգացման, ներքի սոցիալական ճնշման թուլացման և այլ ոլորտներում: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն