Մամուլի ազատություն ասվածը շատերի համար դարձել է չարաշահումների միջոց. Ահարոն Շխրտմյան (տեսանյութ)


Մամուլի ազատություն ասվածը շատերի համար դարձել է չարաշահումների միջոց. Ահարոն Շխրտմյան (տեսանյութ)

  • 21-10-2016 16:50:45   | Հայաստան  |  Հասարակություն



«Սփյուռքահայ  մամուլը կորցրել է հայ հասարակությանն առաջնորդելու ավանդական դերակատարությունը, պատճառներից մեկը համացանցն է, որը կտրուկ փոխել է հայ մամուլի դերն ու բովանդակությունը»,- համոզված է Լիբանանում գործող «Էրեբունի» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը:
 
Ըստ նրա, եթե նախկինում սփյուռքահայ մամուլն ուներ հայ ինքնության վերականգնման առաքելություն, ապա այսօր այն մեծ տեղ է հատկացնում միայն լրատվությանը: 
Ա. Շխրտմյանի խոսքերով` հայ մամուլը շեղվելով Սփյուռքի մեջ իր ուրույն դերից` դարձել է քարոզչական մեքենա, այն էլ ոչ ազգային բնույթի: 
«Մամուլը պարտավոր է առավելագույն առարկայական փաստերով ներկայացնել իրադարձությունները հայ ժողովրդի միտքը չշփոթեցնելու համար»,- ասան նա` հավելելով, որ հայ լրագրողը կամ խմբագիրը միայն Սփյուռքի նախարարության կազմակերպած խորհրդաժողովների ընթացքում չէ որ պետք է բարձրաձայնի հայ մամուլի մասին իր մտահոգությունները: 
Բանախոսի համոզմամբ` ամենօրյա ահազանգ պետք է հնչեցվի և պայքար մղվի հայ մամուլի նահանջի դեմ: 
Ա. Շխրտմյանը ցավով նկատում է, որ հայ ընթերցողների թիվը սկսել է նվազել, իսկ նրանց մեծ մասը նախընտրում է օտար լեզվով կարդալ որևէ լուր: 
Նրան անհանգստացնում է նաև այն, որ տպագիր մամուլը սկսել է իր տեղը զիջել էլեկտրոնային մամուլին` ժամանակակից պահանջներին գոհացում տալու պատրվակով: 
«Մամուլի ազատություն ասվածը շատերի համար դարձել է չարաշահումների միջոց. Շատ հաճախ կարծիքի և տեսակետի ազատության համար մարտնչողները չգիտեն իրենց պահանջած իրավունքի սահմանները»,- ընդգծեց լիբանանահայ լրագրողը` հավելելով, որ հայ մամուլի էջերում գրեթե բացակայում է ինքնաքննադատությունը: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Մանրամասները` «Նոյյան Տապան»-ի տեսանյութում
 
Նոյյան տապան  -   Հասարակություն