Ալիեւի համար շրջանների վերադարձը ոչ միայն պատվի հարց է, այլ նաեւ նրա սահմանադրական միապետության հիմքը


Ալիեւի համար շրջանների վերադարձը ոչ միայն պատվի հարց է, այլ նաեւ նրա սահմանադրական միապետության հիմքը

  • 24-10-2016 13:12:35   | Հայաստան  |  Վերլուծություն

 
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելել են Բաքու, որտեղ փորձել են համոզել Իլհամ Ալիեւին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի խոսքով, քննարկվելու են Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:
Ալիեւը չի ցանկանում քննարկել դրանք եւ այլ օրակարգ է առաջ քաշում, որի հիմքում ղարաբաղյան շրջանների հանձնումն է Ադրբեջանին: Հայաստանն ապրիլյան պատերազմից հետո մտադիր չէ քննարկել այդ օրակարգը: Չնայած պաշտոնական Երեւանը դեռ չի հրաժարվում մադրիդյան սկզբունքներից, քաղաքական գործիչների ու պատասխանատու անձանց հայտարարությունները վկայում են, որ տարածքների հանձնման հարցը դուրս է գալիս օրակարգից, քանի որ Ալիեւը զիջումների չի գնում:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարություններն առ այն, որ այս փուլում ղարաբաղյան կարգավորումը հեռանկար չունի, գնահատվել են որպես համանախագահների համաձայնություն ստատուս-քվոյի պահպանման գաղափարին:
Դա բխում է բոլորի շահերից, բացի Ադրբեջանից, եւ պատահական չէ, որ Ալիեւն ամբողջ աշխարհին մեղադրում է Ադրբեջանի տարածքաին ամբողջականության դեմ դավադրության մեջ: Ավելին, եվրոպացի պաշտոնյաների հետ մասնավոր զրույցներում նա ասում է, որ եթե Հայաստանը մինչեւ տարեվերջ չհամաձայնվի տարածքները վերադարձնել, ապա պատերազմ կսկսի:
Հայաստանը չի պատրաստվում որեւէ բան հանձնել, չնայած դիվանագետները մասնակցում են բանակցություններին եւ ինչ-որ առաջարկներ առաջ քաշում: Ղարաբաղը հայերի համար անբաժանելի ռազմաքաղաքական միավոր է, որը միայն այս ձեւով ու այս կոնֆիգուրացիայով կարող է ապահովել տնտեսական կենսագործունեությունը, լոգիստիկան եւ անվտանգությունը:
Հանրապետության սահմաններն ինչ-որ մեկի քմահաճույքով չեն ձեւավորվել, այլ ելնելով բարդ ռազմաքաղաքական հաշվարկներից, որոնք չափվում են քառակուսի մետրերով՝ բազմապատկած մարդկային կյանքերով:
 
Ակնհայտ է, թե այդ հողերն ինչ նշանակություն ունեն հայերի համար: Ի՞նչ են նշանակում այդ հողերն Ալիեւի համար: Եվրոպացի պաշտոնյաները երբեմն չեն հասկանում, թե ինչու է Ալիեւն այդպես համառորեն պնդում, որ տարածքները վերադարձվեն, եթե այնտեղ չկա նավթ, գազ, եթե այն լոգիստիկ եւ այլ արժեք չի ներկայացնում: Փոխարենը ներկայիս սահմաններում Արցախի ճանաչումը կարող է Ալիեւին դիվիդենտներ բերել:
Իլհամ Ալիեւը փորձում է իր երկրում սահմանադրական միապետություն կառուցել: Պատահական չէ, որ նրա ողջ քաղաքականությունը կառուցվում է հոր պաշտամունքի վրա, որին անվանում են անկախ Ադրբեջանի հիմնադիր հայր: Այդ պաշտամունքի վրա Ալիեւը փորձում է միապետություն ստեղծել, որը ենթադրում է որեւէ տարածքի վրա մեկ ընտանիքի իշխանության ժառանգական իրավունք:
Ալիեւի հակառակորդները երկու կարեւոր փաստարկ են առաջ քաշում. 1993 թվականին իշխանության վերադարձած հայր Ալիեւը ոչ միայն չի կարողացել վերադարձնել այն, ինչ կորցրել են նախորդները, այլ նաեւ մի քանի շրջան է հանձնել: Ալիեւն ի՞նչն է համարում «տարածքային ամբողջականություն»: Նու՞յնը, ինչ նրա հայրը, որը գերադասել է հրաժարվել մասից, որ չկորցնի ամբողջը:
Ալիեւը կատարել է իր ընտրությունը եւ որոշել «ուղղել հոր սխալը»: Ալիեւի համար այդ շրջանների վերադարձը ոչ միայն պատվի հարց է, այլ նաեւ նրա սահմանադրական միապետության հիմքը: Առանց այդ շրջանների Ալիեւն իշխանության ժառանգական իրավունքը լիարժեք չի համարում:
Եվրոպայում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում բոլորը հիանալի հասկանում են դա: Այդ մասին հրապարակային չի խոսվում, սակայն Ալիեւին բազմիցս ակնարկել են, որ նրա իրավունքը կպաշտպանեն, եթե նա զիջումների գնա եւ հրաժարվի նրանից, ինչից ստիպված էր հրաժարվել նրա իմաստուն հայրը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն