Ինքն իրեն հավատարիմ էր ամենուր. կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը սերունդներին թողեց ուրույն ձեռագիր (Ֆիլմ «Մրցույթի են գալիս խոհարարները»)


Ինքն իրեն հավատարիմ էր ամենուր. կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանը սերունդներին թողեց ուրույն ձեռագիր (Ֆիլմ «Մրցույթի են գալիս խոհարարները»)

  • 24-10-2016 14:04:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1987), Հայաստանի ժողովրդական արտիստ Ներսես Հովհաննիսյանը:

Նա վախճանվել է հոկտեմբերի 23­ին` 78 տարեկանում:

«Արմենպրես»­ը ներկայացնում է «+Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հոդվածը Ներսես Հովհաննիսյանի կյանքի ու գործունեության վերաբերյալ:

«Բավական է մեկ անգամ թաթախվել կինոյով, իսկ դա նշանակում է ամբողջ կյանքում կապվել կինոյին: Այս առումով բացառություն չէ նաև Ներսես Հովհաննիսյանը: Դպրոցական տարիքում նա նկարահանվեց իրենց տան հարևանությամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծվող Ալեքսանդր Ռոուի «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.) ֆիլմում: Վախթանգ Անանյանի այդ գործի էկրանավորման շրջանից կարծես ձևավորվեց և ապագա ռեժիսորը, և դերասանը: Հետագայում նա իր կարճամետրաժներով լուրջ հայտ ներկայացրեց կինոռեժիսուրայում:

Թվարկենք այդ կարճամետրաժները. «Զգուշացիր կենդանաշունչ է» (1969թ.), «Ձախորդ Փանոսը» (1970թ.), «Հանդիպում ցուցահանդեսում» (1968թ.): Այս երեք ֆիլմերն էլ նկարահանված են ռեժիսորական բարձր վարպետությամբ` թեմաներին բնորոշ ասելիքով ու արտահայտչականությամբ: Դիցուք «Զգուշացիր կենդանաշունչ է» կարճամետրաժը: Սյուժեն թվում է շատ պարզ ու հասարակ: Վովա փղին կայարանից տանում են կենդանաբանական այգի: Մոտոցիկլիստների շարասյունը կարծես կառավարական բարձրաստիճան պաշտոնատար անձանց է ուղեկցում: Փողոցի երկու կողմի բարձրահարկերից ժողովուրդը ողջունում է շքախմբին: Իսկ շղթայակապ փիղը, գլուխը թափահարելով, ասես ողջունում է ամբոխին: Ռեժիսորն այնպես է մոնտաժել ոչ խաղարկային այս սյուժեն, որ այն գեղարվեստական այլաբանության տեսք է ստացել: Այս կարճամետրաժից հետո Ներսես Հովհաննիսյանը Կենտրոնական հեռուստատեսության պատվերով «Երևան» ստուդիայում նկարահանեց «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.) ֆիլմը: Կինոնկարը բոլոր ժամանակների քննությանը դիմացել է, ավելին, մինչև այսօր էլ ցուցադրվում է դրսի ու ներսի ամենատարբեր հեռուստաընկերությունների կողմից: Երբ փորձում ես վերլուծել Արմեն Ջիգարխանյանի, Մուրադ Կոստանյանի, Երվանդ Մանարյանի, Վերջալույս Միրիջանյանի, դեբյուտանտ Արայիկ Բաբաջանյանի ստեղծած կերպարները, նրանց խաղում առաջին հերթին աչքի է զարնում կինոռեժիսոր­դերասան Ներսես Հովհաննիսյանին բնորոշ ինքնատիպ ձեռագիրը: Ստեղծված են ճշմարիտ, գործին ու ժամանակին համահունչ լիարժեք կերպարներ: 1977­ին «Հայֆիլմ»­ում նա նկարահանեց «Մրցույթի են գալիս խոհարարները» նուրբ հումորով հագեցած կատակերգությունը, որը նույնպես հանդիսականների կողմից ընդունվեց ջերմորեն: Կարծում եմ, Ներսես Հովհաննիսյան կինոռեժիսորի լավագույն աշխատանքներից մեկը «Երջանկության մեխանիկան է» (1982թ.), որը դեռևս ինչպես հարկն է քննադատության կողմից արժևորված չէ: Ուշադրություն դարձրեք, թե ինչպիսի համոզիչ ու ինքնատիպ կերպարներ են ստեղծել Ազատ Գասպարյանն ու Ալլա Թումանյանը:

Էվերտ Պայազատյանի սցենարով նկարահանած նրա «Օտար խաղեր»­ը (1986թ.) յուրօրինակ հրապարակախոսական շունչ ունեցող ֆիլմ է: Մեծ է Ներսես Հովհաննիսյանի դերը «Հայֆիլմ»­ում «Բումերանգ» երգիծական ալմանախի ստեղծման ու կայացման գործում: Եթե մի պահ հնարավորություն տրվի մտովի մոնտաժել Ներսես Հովհաննիսյանի կինոդերակատարումները` «Ապրեցեք երկար», «Գործուղում առողջարան», «Մենավոր ընկուզենի» և այլ ֆիլմերում, կտեսնենք, որ գործ ունենք նաև տաղանդավոր դերասանի, արտիստի հետ Նա հայկական կինոյում այնպիսի մի տեղ է զբաղեցրել, որը միայն իրեն է պատկանում` հումոր, գրոտեսկ, իրեն բնորոշ հետաքրքիր պատմելաձև և բազմաթիվ այլ արժանիքներ:Եվ կարևոր չէ, թե նա հայկական թեմա էր նկարահանում, թե ոչ: Նա ինքն իրեն հավատարիմ էր ամենուր… Ներսես Հովհաննիսյանը (1938թ. հոկտեմբերի 12­, 2016թ. հոկտեմբերի 23) Հայաստանի ժողովրդական արտիստ է, պետական մրցանակի դափնեկիր»:

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը