Ադրբեջանում չեն հասկանում, թե ինչու է աշխարհը ստիպում Բաքվին ճանաչել Ղարաբաղի անկախությունը


Ադրբեջանում չեն հասկանում, թե ինչու է աշխարհը ստիպում Բաքվին ճանաչել Ղարաբաղի անկախությունը

  • 24-10-2016 19:18:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն միացել են Իլհամ Ալիեւի հայտարարած արշավին, ով անցյալ շաբաթ հայտարարել է, որ համաշխարհային հանրությունն Ադրբեջանի ստիպում է ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանական մամուլը փորձում է հասկանալ, թե ինչու է աշխարհն Ադրբեջանի հանդեպ ընդծված ամբարտավան: Խոսքը ոչ միայն Արեւմուտքի, այլ նաեւ Թուրքիայի եւ Իրանի մասին է:

 

Բաքվի լրատվամիջոցները չեն հասկանում, թե ինչու Իրանն ու Թուրքիան համառորեն չեն ավարտում Ադրբեջանով երկաթուղու կառուցումը: Մասնավորապես, խոսքը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու մասին է, որը գրեթե կառուցված է, եւ մնացել է միայն թուրքական հատվածը: Երկաթուղու շահագործումն արդեն մի քանի անգամ հետաձգվել է, եւ Բաքուն չի կարողանում հասկանալ, թե ինչու է Անկարան ձգձգում:

 

Բաքուն նույն հարցն ունի նաեւ Իրանին, որը չի ցանկանում կառուցել Ռեշտ-Աստարա երկաթուղու իր հատվածը: Բաքուն պատրաստ է Իրանին ու Թուրքիային վարկեր տալ շինարարությունն ավարտին հասցնելու համար, սակայն երկու երկրներն ինչ-ինչ պատճառով չեն ցանկանում երկաթուղով կապվել Բաքվի հետ:

 

Ադրբեջանի վերլուծական շրջանակներում անկեղծորեն փորձում են հասկանալ, թե ինչի հետ է կապված այդ վերաբերմունքը: Ի՞նչն է խանգարում Իրանին ու Թուրքիային ավարտել շինարարությունը: Իսկ միգուցե այդ ճանապարհները պե՞տք չեն Իրանին եւ Թուրքիային, եւ առավել օպտիմալ ճանապարհ են համարում Հայաստանը եւ Վրաստանը: Թե՞ Թուրքիայում եւ Իրանում հեռանկար չեն տեսնում Ադրբեջանի համար՝ ենթադրելով, որ տարածաշրջանում կարող են փոփոխություններ տեղի ունենալ:

 

Ադրբեջանում ամենաշատը չեն հասկանում, թե ինչու է աշխարհը ստիպում Բաքվին ճանաչել Ղարաբաղի անկախությունը: «Էխո Կավկազա»-ի հետ զրույցում հայտնի քաղաքագետ, այժմ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հարց է տալիս, թե ինչու աշխարհը սահմանների վերաձեւում չի ցանկանում օրինակ Մերձավոր Արեւելքում, ինչու չի ստիպում Իրաքին ճանաչել Քուրդիստանը, իսկ Ադրբեջանին չգիտես ինչու «դրդում են» ճանաչել Ղարաբաղը:

 

Հնարավոր է, Բաքուն հասել է մի կետի, երբ պետք է պատասխաններ ստանա այս հարցերի վերաբերյալ: Ինչպես է աշխարհը վերաբերվում Ադրբեջանին՝ որպես պետական միավորի, որքանով է այդ պետության ստեղծման պլատֆորմը հուսալի եւ ինչպես է աշխարհը պատկերացնում այդ պետության ապագան, տարածքները:

 

Ի տարբերություն այլ պետությունների՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն արդեն երկար տարիներ բանավոր ճանաչվում է, սակայն իրականում համաշխարհային հանրությունը խրախուսում է բանակցությունները, որոնց էությունն Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» փոփոխությունն է:

 

Ինչու՞ անգամ հարեւան երկրներ Իրանն ու Թուրքիան լուրջ չեն վերաբերվում Ադրբեջանով լոգիստիկ նախագծերին: Ինչ-որ բա՞ն գիտեն, ինչը կասկածի տակ է դնում լոգիստիկան ապահովելու Ադրբեջանի ունակությունը:

 

Ադրբեջանը կանգնել է իրապես էքզիստենցիալ հարցերի առաջ: Քարոզչության վրա ծախսված միլիոնավոր դոլարները, հայր-Ալիեւի հուշարձանները եւ անգամ միլիարդավոր դոլարների սպառազինությունը չեն օգնել Ադրբեջանին որոշակի տարածքի վրա պետականության անվերապահ իրավունք ստանալ: Անտեր հող չի լինում:

lragir.am

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն