«Յելլ էքսթրիմ Պարկ» հանգստի գոտին իր մեկամայակը նշել է տոնական մթնոլորտում` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հյուրընկալությամբ


«Յելլ էքսթրիմ Պարկ» հանգստի գոտին իր մեկամայակը նշել է տոնական մթնոլորտում` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հյուրընկալությամբ

  • 25-10-2016 17:38:41   | Հայաստան  |  Հասարակություն

Տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի «Յելլ էքսթրիմ Պարկ» հանգստի գոտին մեկ տարեկան է: Էքսթրեմալ նախագիծն իր մեկամայակը նշել է տոնական մթնոլորտում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հյուրընկալությամբ: Նպատակն է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ծանոթացնել Հայաստանում արկածային և էքսթրեմալ զբոսաշրջության առանձնհատկություններին, ներկայացնել տարածաշրջանում նախատիպը չունեցող էքսթրեմալ գոտու հնարավորությունները, խթանել հասարակական ընկալումներում էքսթրեմալ սպորտի, առողջ ապրելակերպի, համայնքային կյանքի կազմակերպման վերաբերյալ պատկերացումների վերափոխումը, նպաստել համապատասխան համագործակցության հարթակների ստեղծմանը ԶԼՄ-ների ներկայացուցիչների  և «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի միջև:
 
Արդյունքում մասնակից լրագրողները ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գտնվող «Յելլ էքսթրիմ Պարկ» հանգստի գոտում անցկացրել են աշնանային աննախադեպ և անմոռանալի արկածային թեժ օր: 
«Յելլ Էքսթրիմ միայն մեդիաների համար» տոնական շրջայցի ընթացքում՝ չնայած  ցուրտ և մառախլապատ եղանակին, էքսթրիմի սիրահար ԶԼՄ-ների ներկայացուցիչները վայելել են տաք ռիթմերով և ադրենալինով լի հագեցած ժամանակ, անձամբ փորձելով «Յելլ էքսթրիմ Պարկի» ամենաէքսթրեմալ ու խելահեղ զվարճանք պարգևող զիփլայն թռիչքը: 
Արկածային և էքսթրեմալ զբոսանքից հետո միջոցառման հյուրերը նշել են «Յելլ էքսթրիմ Պարկի» ծննդյան տարեդարձը և համտեսել տոնական տորթը: 
Նախագծի հեղինակները անմիջական շփման մթնոլորտում պատասխանել են լրագրողների հարցերին և ներկայացրել նախագծի գաղափարի առաջացման,  ծրագրերի ու հեռանկարների մասին:
Մասնավորապես, նախագծի հեղինակ և համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն անդրադառնալով «Յելլ էքսթրիմ Պարկ» նախագծի նպատակների մասին՝ իր խոսքում նշել է.
««Յելլ էքսթրիմ Պարկը» սոցիալական ձեռներեցության վառ օրինակ է: Ի սկզբանե նպատակ ունեինք մշակել նախագիծ, որը կտեղավորվեր սոցիալական ձեռներեցության հայեցակարգի մեջ և ուղղված կլիներ համայնքային կարիքների լուծմանը, սոցիալական և շրջակա միջավայրի փոփոխությունների իրականացմանը:   
Մեր նախաձեռնության սոցիալական նպատակներն են համայնքում ակտիվ հանգստի հնարավորությունների ստեղծումը, զբաղվածության իրավիճակի բարելավումը, համայնքային կյանքի աշխուժացումը և տարածքային համաչափ զարգացումը»:
Տ. Չիբուխչյանի գնահատմամբ` ռելիեֆի հարցում հայերը հաջողակ են, քանի որ Հայաստանը շատ մեծ ներուժ ունի էքսթրեմալ զբոսաշրջության տեսանկյունից և անպայման պետք է օգտվել այդ հնարավորությունից: Նրա փոխանցմամբ` գործունեության  մեկ տարվա ընթացքում «Յելլ էքսթրիմ Պարկն» ունեցել է ավելի քան 12 հազար այցելու, իսկ  ամենամեծ ձեռքբերումներից մեկը նա համարում է այն, որ այսօր Ենոքավան համայնքի բնակիչն իր սեփական բնակավայրում կարող է զբաղվել սիրած աշխատանքով և վարել ակտիվ կյանք:
Տիգրան Չիբուխչյանը նշել է, որ նախագծի մեկնարկը եղել է զիփլայնով, բայց  «Յելլ էքսթրիմ Պարկում» հիմա հնարավոր է նաև օգտվել պարագլայդինգի, ռոփպարկի, քառանիվ մեքենայով արտաճանապարհային երթևեկության, լեռնահեծանվավազքի, փեյնթբոլի և այլ ծառայություններից:  
«Այս բոլոր ակտիվությունները համակարգվում են մեր մասնագիտական թիմի կողմից, որը պարբերական վերապատրաստումներ և փորձի փոխանակում է անցնում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, իսկ տեխնոլոգիական մասով  համագործակցում ենք Ֆրանսիայի և Ավստրիայի մեր գործընկերների հետ»,- ասել է նա` հավելելով, որ մի շարք նոր ծրագրերի գաղափարներ ունեն, որոնց իրականացման համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն