Կարեն Կարապետյանը բանավոր նկատողություն է արել Սարգսյանին ու ՀՀԿ-ին


Կարեն Կարապետյանը բանավոր նկատողություն է արել Սարգսյանին ու ՀՀԿ-ին

  • 25-10-2016 18:26:47   | Հայաստան  |  Վերլուծություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ եթե իր մոտ ոչինչ չստացվի, ապա մեկ օր անգամ չի մնա կառավարության ղեկավարի պաշտոնում: Միաժամանակ, նա չի մատնանշել որեւէ ժամկետ, որեւէ ցուցանիշ, որ հասարակությունը կարողանա գնահատել` ստացվե՞ց, թե ոչ:
 
Պատճառը թերեւս այն է, որ վարչապետի հայտարարությունն արված չէր հանրության համար: Նրա հայտարարությունն ուղղված էր Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանը: Ու այդ հայտարարության համատեքստում անկասկած վիճակագրական ցուցանիշների խնդիր չէր, այլ քաղաքականության` մարտավարության եւ ռազմավարության:
Կարեն Կարապետյանը պարզապես հայտարարեց, որ եթե Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չցուցաբերեն անհրաժեշտ աջակցությունը, ապա ինքը պարզապես կհեռանա:
Կարապետյանը, Սարգսյանն ու ՀՀԿ-ն անկասկած լավ գիտեն, թե ինչ աջակցության մասին է խոսքը: Կամ գուցե գիտեն Կարապետյանն ու Սարգսյանը, ՀՀԿ-ն գուցե քիչ բան գիտե:
Առաջին հայացքից թվում է, որ Կարապետյանի հայտարարությունը տրիվիալ է: Եվ նույնիսկ թվում է, որ եթե ոչինչ չստացվի, նա ոչ թե կհեռանա, այլ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն կհեռացնեն նրան: Միաժամանակ, այն, որ պաշտոնից կառչածություն չկա, կարծես թե քարոզչական տեսանկյունից այն նվազագույնն է, որ հրապարակային իմաստով տիրապետում է որեւէ հայաստանցի գործիչ:
Բայց, Կարեն Կարապետյանի հայտարարությունն անկասկած այդ քարոզչական տրիվիալության շրջանակից չէ: Հայտարարելով, որ ոչինչ չստացվելու դեպքում ինքը կհեռանա, Կարապետյանը հստակ ակնարկում է, որ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին կդնի փաստի առաջ:
 
Ընդ որում, խոսքը նույնիսկ այն մասին էլ չէ, որ հեռանալուց կտա անուններ: Չի տա, անկասկած: Ոչ թե համարձակության բացակայության, այլ պարզապես անիմաստության պատճառով: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի հեռանալու դեպքում, Սերժ Սարգսյանի համար խնդիրը բացարձակապես այն չի լինի, որ Կարապետյանը կտա իր անունը: Ամբողջ հանրապետությունը տալիս է, Կարապետյանի ավելանալու դեպքում նրա համար չի փոխվի ոչինչ:
Սարգսյանի համար խնդիրը կլինի այն, թե ում նշանակել վարչապետ` նրա փոխարեն: Անփոխարինելի մարդ իհարկե չկա, բայց Կարեն Կարապետյանն իշխող համակարգի, Սերժ Սարգսյանի համար իսկապես անփոխարինելի է:
Ընդ որում խնդրի լրջությունը լոկ այն չէ, որ Սարգսյանը չի գտնի մեկին, ով կհամաձայնի ներկայիս ծանրագույն պայմաններում դառնալ վարչապետ: Իրավիճակը լուրջ է նաեւ այն առումով, որ Սարգսյանը գործնականում չի գտնի մեկին, որի դեմքով հնարավոր կլինի թեկուզ քարոզչական մակարդակում որոշակի հաջողությամբ հանրության մոտ ձեւավորել փոփոխության թեկուզ թույլ շոշափվող հույս:
Եվ եթե դրան գումարվի այն, որ Կարեն Կարապետյանը հեռանա «չպլանավորված», ապա Սերժ Սարգսյանի համար դա կլինի իսկապես ցայտնոտային իրավիճակ: Կարեն Կարապետյանի հայտարարության հաղորդագրությունը հենց այդ էր. այն, որ ինքն իհարկե չունի քաղաքական մեծամասնություն թիմ, որպես այդպիսին, եւ փաստացի կախված է Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից, սակայն ունի հեռանալու ինքնուրույն որոշում կայացնելու կարողություն եւ պայմանավորվածությունը խախտելու, սաբոտաժի, չաջակցելու դեպքում կօգտվի իր այդ հնարավորությունից, Սարգսյանին ու նաեւ ՀՀԿ-ին դնելով բավականին բարդ դրության մեջ:
 
Այդ տեսանկյունից, Կարապետյանն ինչ որ իմաստով նախազգուշացրել է Սարգսյանին ու ՀՀԿ-ին, կամ այսպես ասած բանավոր նկատողություն է արել: Դժվար է ասել, Կարեն Կարապետյանը դա անհրաժեշտ է համարել զուտ պրոֆիլակտի՞կ նկատառումով, թե՞ արդեն խիստ կոնկրետ մտահոգիչ իրողությունների հիմքով: Բայց, հատկանշական է, որ նախազգուշացումը հնչում է կառավարության ծրագրի ընդունումից անմիջապես հետո:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն