«Գողթ» խմբի տղաները լուրջ հայտ են ներկայացրել` ազգային նվագարաններով


«Գողթ» խմբի տղաները լուրջ հայտ են ներկայացրել` ազգային նվագարաններով

  • 26-10-2016 16:01:35   | Հայաստան  |  Վերլուծություն
«Գողթ» խմբի տղաները լուրջ հայտ են ներկայացրել` ազգային նվագարաններով։
 
Շուրջ մեկ տարի է՝ գործում է «Գողթ» խումբը, որն արդեն հասցրել է ճանաչում եւ կայուն լսարան ձեռք բերել: Կազմում շնորհալի եւ ստեղծարար երիտասարդ երաժիշտներ են՝ Արման Փեշտմալջյանը (դաշնամուր), Նարեկ Գասպարյանը (թավջութակ), Զարեհ Գալստյանը (թառ), Ստեփան Տեր-Ղեւոնդյանը (հարվածային գործիքներ) եւ Հայկ Կարապետյանը (ազգային փողային գործիքներ): «Առավոտի» հետ զրույցում տղաները նշեցին, որ հանդես գալով հիմնականում ակումբներում եւ փաբերում՝ իրենք կարողացել են ստեղծել ծրագիր, որը ներառում է ե՛ւ հայկական ժողովրդական մեղեդիների մշակումներ, ե՛ւ սեփական ստեղծագործությունները: Պատասխանելով մեր հարցին, թե ինչու չնախընտրեցին՝ ավելի մոդայիկ կերպով հանդես գալը, եւ արդյոք ժողովրդականով հնարավո՞ր է հասնել ճանաչման, երաժշտական ընտանիքում մեծացած Նարեկ Գասպարյանը նշեց, որ շատ են տարատեսակ խմբերը, եւ լավ է, որ այդ խմբերը կան, իսկ իրենց նպատակը հենց ժողովրդական երաժշտությունը մոդայիկ դարձնելն է: «Մենք նվագում ենք ե՛ւ ժողովրդական երաժշտություն, ե՛ւ մեր ստեղծած երաժշտությունը, մարդիկ էլ հաճույքով գալիս են ունկնդրելու»,- ասաց նա: Հարցրինք՝ ի՞նչ միջոցների են դիմում ժողովրդական երաժշտությունը քարոզելու համար: Թառահար Զարեհ Գալստյանը թվարկեց իրենց գործադրած բոլոր միջոցները՝ համերգներից սկսած մինչեւ տեսահոլովակներ: Տեղեկացրեց, որ առաջին տեսահոլովակը` Home խորագրով, արդեն պատրաստ է, երկրորդը՝ «Իշխանապարը», պատրաստ կլինի առաջիկայում, շնորհանդեսն էլ կկայանա նոյեմբերի 13-ին: «Իշխանապարը» հայտնի ժողովրդական գործն է, ուղղակի մենք յուրովի ենք մատուցելու»,- հավելեց Նարեկը: Տղաներին խնդրեցինք որեւէ հետաքրքիր դրվագ հիշել, ասացին, որ ամեն հանդիպմանը որեւէ զավեշտալի դեպք պատահում է: Զարեհն էլ հիշեց, որ մի անգամ այնքան էին պարապել, ու տղաներից Արմանն այնքան հոգնած էր, որ իր մենաելույթի ժամանակ համարյա քնում էր բեմի վրա: Տղաները պատմեցին, որ միմյանց վաղուց են ճանաչում, օրինակ՝ Ստեփանը, Նարեկը ու Զարեհը 14 տարեկանից տարբեր խմբերում ժողովրդական ստեղծագործություններ են նվագել, հետագայում Հայկի ու Արմանի հետ են ծանոթացել: Յուրաքանչյուրն իր հիմնական աշխատանքն ունի, բայց համատեղ «Գողթում» նախագծերն են իրականացնում: Պատահում է, որ հարսանիքներում էլ են նվագում, բայց մի ցանկությամբ՝ ցույց տալու համար, որ հայկական ժողովրդական երաժշտությունը մաքուր է եւ գեղեցիկ:
 
Խոսելով ժողովրդական նվագարանների հնարավորությունների մասին, ասում են, որ դրանք միշտ պետք է կիրառել: Զարեհն ասում է, որ մի քանի տարի առաջ զարմանալի կթվար, բայց այսօր սովորական բան է, որ երեխան թառը ուսին գցած՝ երաժշտական դպրոց է գնում: Ստեփանն էլ փաստում է, որ կոնսերվատորիայում թառ եւ քամանչա նվագողները քիչ են, ճիշտ է՝ երիտասարդությունը սկսել է սիրել այդ գործիքները, բայց լավ կլիներ, որ ավելի մեծ առաջխաղացում լիներ այդ ուղղությամբ: Նրա ձեւակերպմամբ, ամեն ինչ կախված է դասախոսից, նրան վճարող աշխատավարձից, ազգային նվագարանների քարոզչությունից: Երաժիշտը գտնում է, որ հեռուստատեսությամբ քիչ է քարոզվում ժողովրդական երաժշտությունը, մինչդեռ երեխայի ականջը մանկուց պետք է վարժեցնել դրան:
 
Հարցրինք, թե ինչպե՞ս է ծնվել խմբի «Գողթ» անունը, որը պարզվում է՝ Գողթան գավառի հետ կապ ունի: Նարեկը պատմեց, որ սովորականի նման համերգ էր նախատեսված, սակայն խումբը անուն չուներ, ինքն էլ մորաքրոջ տանն էր, երբ Հայկը զանգել ու հարցրել է` ի՞նչ անուն դնեն խմբին: Մորաքույրն էլ Գողթն է առաջարկել: Տղաները ժպտալով հավելեցին, որ «շեֆ», «ջղային դիրիժոր» կամ գեղարվեստական ղեկավար, որպես այդպիսին՝ չունեն, ամեն ինչ անում են միասնաբար, իրար հետ խորհրդակցելով:
 
Նպատակներ շատ ունեն, որոշ երգիչների հետ վաղուց համագործակցում են: Ուզում են նախ Հայաստանում ճանաչել ու սիրվել, հետո «դրսում» ներկայացնել հայկական ժողովրդական եւ իրենց հեղինակային երաժշտությունը: Տղաները խոսեցին PlayBack Production-ի հետ արված մի նախագծից, երբ հայտնի համաշխարհային հիթերը ժողովրդական նվագարաններով են մատուցում: Այժմ նաեւ CD են պատրաստում ե՛ւ «Գողթով», ե՛ւ PlayBack -ի հետ:
 
«Ակտիվ ստեղծագործական աշխատանքի մեջ ենք, ամենակարեւորն այն է, որ ժողովրդական երաժշտությունն ավելի շատ սիրեն Հայաստանում, մոտ լինեն ժողովրդականին, թե չէ ժամանակակիցը կա ու կա»,- նշում է Ստեփանը Տղաները շեշտում են, որ տեղի չեն տալիս ունկնդրի ճաշակի առաջ, իրենց համար կարեւորը որակյալ երաժշտություն հրամցնելն է: Առողջ մրցակցությանն էլ լավ են վերաբերվում, ասում են՝ միայն այդ պարագայում կարող են «աճել»: Նաեւ ցանկանում են, որ երաժշտությամբ գումար վաստակեն: «Թե չէ չլինի այնպես, որ օրվա կեսը տաքսի քշենք, մյուս կեսը՝ նվագենք»,- ժպտում է Զարեհը:   
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play