Նախագահը մասնակցել է Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովին


Նախագահը մասնակցել է Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովին

  • 26-10-2016 16:07:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա է գտնվել Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովին, որին աշխարհի 25 երկրից ժամանած ոսկերչության և թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակների հետ միասին մասնակցել է ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին: Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել համաժողովի մասնակիցներին:
 
 
***
Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը ՍԻԲՋՕ-ի համաժողովում
 
 
Հարգելի՛ պարոն Կավալիերի,
Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,
 
Թույլ տվեք ջերմորեն ողջունել Ձեզ Հայաստանի Հանրապետությունում և բարի գալուստ մաղթել մեր երկիր: Մեզ համար հաճելի է հյուրընկալել ձեր ոլորտը կարգավորող յուրատեսակ համաշխարհային խորհրդարանի՝ Ոսկերիչների համաշխարհային համադաշնության (ՍԻԲՋՕ-ի) համաժողովը: Մենք կարևորություն ենք տալիս այս ժողովի անցկացմանը մեր երկրում: 
 
Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մեծ ավանդ են ներդրել ոսկերչության և ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղն ունեն այս ոլորտի տարեգրության մեջ: Հայ ոսկերիչների հաջողությամբ ստեղծված գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել են զարգացում, նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ ու վաճառատներ Նյու Յորքում ու Փարիզում, Մոսկվայում և Լոնդոնում, Կոստանդնուպոլսում ու Բեյրութում, Կահիրեում և բազմաթիվ այլ վայրերում: Նրանց ձեռքով կերտվել են ոսկերչական արվեստի փայլուն նմուշներ՝ ադամանդակուռ գահեր ու թագեր, խաչեր ու շքանշաններ, շքեղ զարդանախշեր ու գավաթներ:
 
Այսօր Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Մենք այդ ճյուղը հայտարարել ենք երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը: Խորհրդանշական է նաև, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է, որ նշվում է «Ոսկերչի ազգային օրը»: Երևանում կա Ոսկերիչների անունով փողոց և այն բերում է այստեղ՝ «Մերիդիան» ոսկերչական տնտեսական գոտի, որի նախաձեռնողը ձեր ոլորտի եռանդուն գործիչներից մեկն է՝ իմ խորհրդականն ու նաև Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը: 
 
Արտադրական համալիր լինելուց բացի «Մերիդիանը» հսկայական ցուցահանդեսային կենտրոն է, որն արդեն 6-րդ անգամ ընդունում է «Երևան շոու» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը: Վերջինս անց է կացվում Հայաստանի Նախագահի հովանու ներքո: Դրանով մեր պետությունը ընդգծում է այն կարևորությունը, որ մենք տալիս ենք ոսկերչության զարգացմանը, այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխշահավետ փոխանակմանը, նոր գաղափարների հղացմանը, մասնագիտական ու առևտրային հարաբերությունների հաստատմանը: Պետությունը շարունակելու է քաջալերել այս գոտու գործունեությունը:
 
Մենք ուրախ ենք, որ ոսկերիչների բազմազգ ընտանիքում իր ակտիվ ներգրավվածությունն ունի և իր արժանի ավանդն է ներդնում Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերությունը (Էյ-Ջեյ-Էյ):
 
Այժմ կուզենայի իմ խոսքը ուղղել Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի նախագահին: 
 
Պարո՛ն Կավալիերի, 
 
Մենք բարձր ենք գնահատում Ձեր ավանդն այս ոլորտի կազմակերպման, կանոնակարգման ու զարգացման մեջ: Դրվատանքի են արժանի անձամբ Ձեր և ՍԻԲՋՕ-ի ջանքերը հայ ոսկերիչների ավանդույթների և ակնառու նվաճումների տարածման և հանրահռչակման գործում: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ ես ստորագրել եմ համապատասխան հրամանագիր, որով պարգևատրել եմ Ձեզ և հիմա հաճելի պարտականություն ունեմ այդ պարգևը Ձեզ հանձնելու։ Լիահույս եմ, որ Ձեր կազմակերպության գործունեությունն, ընդհանրապես, և համագործակցությունը հայ ոսկերիչների հետ, մասնավորապես, նոր հաջողություններ են արձանագրելու, արձանագրելու են տեսանելի ձեռքբերումներ:
 
Հարգելի՛ բարեկամներ,
 
Համաժողովին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, մասնակիցներին՝ նշանակալի հաջողություններ, ՍԻԲՋՕ-ին՝ նորանոր նվաճումներ:
 
***
 
Ելույթի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Համաշխարհային ոսկերչական համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերիին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում Համաշխարհային ոսկերչական համադաշնության ծավալած գործունեության, ինչպես նաև հայ ոսկերչական ու ոսկեգործական ավանդույթներն աշխարհում արժանվույնս ներկայացնելու համար:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play