Աբրահամյանը նպաստեց Գագիկ Ծառուկյանի անվնաս հեռացմանը


Աբրահամյանը նպաստեց Գագիկ Ծառուկյանի անվնաս հեռացմանը

  • 26-10-2016 18:41:39   | Հայաստան  |  Վերլուծություն
Հրապարակ թերթի տեղեկությամբ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, փորձելով ճշտել իր հետագա քաղաքական ճակատագրի հարցը, սակայն այդպես էլ չի ստացվել ոչինչ: Ըստ թերթի ՀՀԿ-ական աղբյուրի, Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին հորդորել է «բզբզալ», մինչեւ կլինեն նրա վերաբերյալ որոշակի հեռանկարներ:
 
Ընդամենը մեկուկես տարի առաջ Հովիկ Աբրահամյանը «բամփում» էր, իր խնամի Ծառուկյանին, հայտարարելով, թե մի քանի անգամ ասել են, իսկ նա չի հասկացել: Փաստացի, բամփելուց մինչեւ բզբզալ մեկ քայլ է, եւ Հովիկ Աբրահամյանը կատարել է այդ քայլը:
Ընդ որում, հետաքրքիր է, արդյոք Հովիկ Աբրահամյանը զղջում է, որ մեկ քայլ առաջ «բամփել» է Ծառուկյանին: Խոսքը մարդկային զղջման մասին չէ: Մարդկային առումով կասկած չկա, որ նա այդ քայլը կատարել է մեծ զղջումով, խղճի մեծ խայթով, անհարմարությամբ: Պարզապես համոզված է եղել, որ դա պահանջում է քաղաքական նպատակահարմարությունը:
Բայց իրավիճակն իհարկե եղել է լրիվ հակառակը, եւ «բամփելը» նրա քայլի մարդկային կողմն էր, որովհետեւ քաղաքական իմաստով այդ քայլը հանդիսացավ Հովիկ Աբրահամյանի սեփական ձեռքով կախված կողպեքը սեփական քաղաքական-իշխանական հեռանկարի վրա:
Մարդկայինը եղել է այն, որ Աբրահամյանը փաստորեն նպաստեց Գագիկ Ծառուկյանի անվնաս հեռացմանը քաղաքականությունից, որտեղ նրան ինտենսիվ մղում էին դեպի մի մեծ շրջապտույտ, որին նա անկարող էր լինելու դիմադրել, չնայած իր ֆիզիկական ահռելի ուժին:
Փոխվե՞լ է Հովիկ Աբրահամյանի պատկերացումը տեղի ունեցածի վերաբերյալ, թե ոչ:
Դրանից կախված կլինի այն, թե ինչով կամ ինչպես է նա «բզբզալու», կամ որտեղ է նա «բզբզում»` միայն ՀՀԿ գրասենյակո՞ւմ, թե նաեւ այլ տեղ:
Օրինակ, թվում է, որ ինչ որ մեկն էլ «բզբզում» է Գագիկ Ծառուկյանի տան դիմաց, փորձելով ձեւակերպել քաղաքականություն նրա վերադարձի ժողովրդական պահանջը: Օրերս ԲՀԿ կուսակցական լիդերների ներկայությամբ մի քանի հարյուր մարդ փորձում էր համոզել, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն: ԲՀԿ առաջնորդները արդեն բավական բաց ձեռնամուխ են եղել այդ գործին:
Ծառուկյանը հորդորել էր, որ մարդիկ գնան տուն, ակնարկելով, որ իր վերադարձը նրանց գործը չէ:
Երբ Գագիկ Ծառուկյանը հեռացավ ԲՀԿ նախագահի պաշտոնից, մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ կուսակցության դե ֆակտո ղեկավարումը անցնում է Հովիկ Աբրահամյանին:
Աբրահամյանի համար Բարգավաճ Հայաստանը կարող էր լինել հարմար խաղաքարտ ՀՀԿ ներսում իր խնդիրները լուծելու համար: Բայց, վարչապետի պաշտոնից հեռացումից հետո Աբրահամյանը հայտնվել է օդից կախված վիճակում, ինչպես այն լուրերը, որոնց հիմքով Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին էր հեռացնում քաղաքականությունից:
Արդյոք Աբրահամյանը ներկայում «բզբզում» է նաեւ Գագիկ Ծառուկյանի առանձնատան դիմաց, թե՞ պարզապես Հովիկ Աբրահամյանի ներկայիս վիճակը Բարգավաճ Հայաստան կուսակցությանն է մղել առավել հուսալի հենարանի փնտրտուքի, որպիսին դիտվում է նախկին նախագահ Ծառուկյանը:
Ընդհանուր առմամբ, ներկայում Հայաստանի այսպես ասած քաղաքական դաշտում առաջացել է համակարգային մեծ վակուում: Այն ձեւակերպել է Սերժ Սարգսյանը, հայտարարելով ՀՀԿ «նոր ոգու» անհրաժեշտության մասին: Փաստորեն, Սերժ Սարգսյանը «անվավեր» է հռչակել ներկայիս ՀՀԿ-ն, բայց նորը դեռեւս ամբողջական ձեւակերպում չունի, չունի կազմավորում:
Այդ պայմաններում առաջանում է «թթվածնի» պահանջարկ: Իսկ Հայաստանի ներքաղաքական կամ ներհամակարգային դաշտի ամենատարողունակ «թթվածնային բարձը» հանդիսացել ու հանդիսանում է Գագիկ Ծառուկյանը, մի շարք առումներով:
Այլ կերպ ասած, Ծառուկյանի պահանջարկը համակարգի համար ներկայում խոշոր հաշվով թթվածնային է, անկախ այն բանից, թե ով է կոնկրետ «բզբզում» այդ ուղղությամբ: Այդ «բզբզոցը» դուրեկան է բոլորին, համենայն դեպս որպես երեւույթ, այդ թվում Սերժ Սարգսյանին:
Բանն այն է, որ քանի դեռ ՀՀԿ «հին ոգին» հայտարարվել է անվավեր, սակայն նոր ոգին փաստացի գոյություն չունի, չունի «միս ու արյուն», Սարգսյանի համար շահեկան է, որ առաջացած վակուումը լցվի որեւէ տարողունակ գործընթացով, ինչպիսին կարող է լինել հենց Ծառուկյանի վերադարձի գործընթաց-բզբզոցը: Սարգսյանի համար դա կարող է լինել ՀՀԿ «հին ոգու» հնարավոր ընդվզումը կանխող կամ զսպող կարեւոր գործոն:
Ընդ որում, առավել եւս շահեկան կլինի այն դեպքում, երբ այդ «բզբզոցով» զբաղվի հենց Հովիկ Աբրահամյանը, այսինքն «հին ոգու» խորհրդանիշն ու առաջնորդության հավակնորդը: Դրանով փաստացի կարող է կանխվել նաեւ «հին ոգու» համախմբումը Աբրահամյանի շուրջ, ինչի հույսը նա փայփայում էր իր հրաժեշտի ելույթում:
Այդպիսով, «Ծառուկյանի վերադարձի» գործընթացը ներկայում թթվածնային սնուցում է ապահովում այն դատարկության համար, որը ստեղծվել է Հայաստանի իշխող համակարգում կառավարության փոփոխությունից հետո:
Ծառուկյանն ըստ ամենայնի գիտակցում է իր «վերադարձի գործընթացի» կարճաժամկետ մոտիվը, ինչն ակնհայտ է առանձնատան դիմաց ժողովրդական «կանչի» հանդեպ նրա վերաբերմունքից եւ արձագանքից: Նա առավել որոշակի արձագանքի համար թերեւս փորձում է հասկանալ, թե կոնկրետ ով է «բզբզոցի» նախագծողը եւ ինչ երկարաժամկետ հեռանկար եւ նպատակ կա դրա տակ:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն