Նոյեմբերի վերջից ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կիրականացնի Գյումրի-Մոսկվա ուղիղ ավիաչվերթներ` ընդամենը 10 հազար դրամով


Նոյեմբերի վերջից ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կիրականացնի Գյումրի-Մոսկվա ուղիղ ավիաչվերթներ` ընդամենը 10 հազար դրամով

  • 27-10-2016 13:30:53   | Հայաստան  |  Հասարակություն

2016 թվականի նոյեմբերի վերջից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը կիրականացնի Գյումրի-Մոսկվա ուղիղ ավիաչվերթներ` ընդամենը 10 հազար դրամով: Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: 
 
Վերջինս ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար հորդորեց լրագրողներին դիմել Քաղավիացիայի գլխավոր վարչության պետին: 
Անդրադառնալով «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շահագործման հանձնված հատվածում` Արարատից մինչև Նորագավիթ ընկած տարածքում կամուրջների շինարարական աշխատանքներին, Վ. Մարտիրոսյանը նշեց, որ դրանք վերանորոգման կարիք ունեին, ուստի աշխատանքներ են տարվում կամրուջները վերակագնգնելու ուղղությամբ:  
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն իր հերթին նշեց, որ սա նախադեպ է, երբ հայկական ավիաշուկա է մուտք գործում բյուջետային ավիաընկերություն: 
«Սա շատ կարևոր իրադարձություն է հենց այն պատճառով, որ «Շիրակ» օդանավակայանը մեր կողմից նախատեսված և նախագծված ձևաչափով է սկսելու աշխատել»,- ասաց նա: 
Նշենք, որ ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016-ի նոյեմբերի վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները սկսվելու են 10 հազար դրամից:  
Ս. Ավետիսյանի խոսքերով` բյուջետային ավիաընկերությունները, ինչպիսին է նաև «Պոբեդա»-ն, աշխատում են «սկսած… մինչև» տրամաբանությամբ. «Վերին շեմը, պարզ է, շատ բարձր չի լինի, որովհետև «Շիրակ» օդանավակայանի մրցակցային առավելությունը պետք է լինի դրա ցածր գինը»,- ասաց նա` հավելելով, որ նախատեսվում է զարգացնել Գյումրու «Շիրակ»-ը՝ որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան: 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն