«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն կշարունակի աջակցել սիրիահայերին IDeA հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով


«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն կշարունակի աջակցել սիրիահայերին IDeA հիմնադրամի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցներով

  • 27-10-2016 13:51:28   | Հայաստան  |  Հասարակություն

Հաշվի առնելով վերջին ժամանակներում Սիրիայում՝ մասնավորապես Հալեպ քաղաքում, հակամարտության սրացումը, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDеA) հիմնադրամը ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության հետ համակարգելով, լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն անհապաղ աջակցության ծրագրեր է իրականացնում` ուղղված Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստան փնտրող ընտանիքներին: 
 
Ի լրումն այն ջանքերի, որոնք ձեռնարկվում են պետական, հանրային և միջազգային մակարդակներում IDeA հիմնադրամն այս փուլում կհատկացնի $250.000, որը կբաշխվի հակամարտության առաջին իսկ օրվանից օգնության ջանքեր ծավալած ռազմավարական գործընկեր` Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ), ինչպես նաև Հայաստանում սիրիահայերի աջակցության ծրագրեր իրագործող «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, «Վերադարձ Հայաստան» Հիմնադրամ, «ՀԱԼԷՊ» ԲՀԿ կազմակերպություններին: 
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ թիմը իր երախտագիտությունն է հայտնում IDeA հիմնադրամին՝ ցուցաբերած վստահության և նման կարևոր հիմնախնդրի լուծմանն ուղղված աջակցություն նախաձեռնելու համար: Համատեղ ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան-ը» կաջակցի Սիրիայի սահմաններից դուրս ժամանակավոր ապաստան փնտրողներին: 
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը միանում է նաև IDeA հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքին՝ կոչ անելով բոլոր ցանկացողներին միանալ  վերոնշյալ կազմակերպություններին ուղիղ նվիրատվության կամ   IDeA-ի հատուկ հաշվեհամարների միջոցով: 
Այն անհատներն ու ընկերությունները, որոնք ցանկանում են աջակցել ՀԲԸՄ-ին, «Առաքելություն Հայաստան», «ՀԱԼԷՊ» և Repat Armenia կազմակերպություններին՝ կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման միջոցով, կարող են իրենց առաջարկներն ուղղել sai@idea.am էլ. փոստով կամ (+37460) 700801 հեռախոսահամարով:
Սիրիական պատերազմի ողջ ընթացքում «Առաքելություն Հայաստանը» պատրաստակամորեն աջակցություն է տրամադրում և ընդունում հազարավոր տեղահանվածների ու այսօր էլ                ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ գործընկերների աջակցությամբ օգնում է Սիրիայից տեղահանված և Հայաստանում ապաստան գտած անձանց` տրամադրելով սոցիալ-առողջապահական մի շարք ծառայություններ:
«Առաքելություն Հայաստանը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որը խոցելի խմբերին ծառայություններ մատուցելու երկար տարիների փորձառություն ունի, և իր գործունեության 28 տարիների ընթացքում ստեղծել է մի համակարգ, որով ամենատարբեր սոցիալական ծառայություններ է մատուցում խոցելի խմբերին ՀՀ 7 մարզերի 19 քաղաքներում: Կազմակերպության գործունեությանը և ծրագրերին ծանոթանալու կամ նվիրատվության համար կարող եք այցելել  www.mission.am : 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն