Երևանում անցկացվելու է «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովը, որի առանցքում հայաստանյան տուրիզմի զարգացումն է


Երևանում անցկացվելու է «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովը, որի առանցքում հայաստանյան տուրիզմի զարգացումն է

  • 27-10-2016 14:40:38   | Հայաստան  |  Հասարակություն

BPA ընկերությունը, որն արդեն երկու տարի է իրականացնում է «Invest Armenia» խորագրով ներդրումային համաժողովներ, այս տարի նախաձեռնել է «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովը: Այն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում: Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց BPA ընկերության նախագահ, «Welcome to Armenia» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը: 
 
Ըստ նրա` «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովի նպատակն է նախևառաջ տեղի պատկան մարմինների օգնությամբ գնահատել Հայաստանի ներուժը, հնարավորությունները, բացթողումներն ու անելիքները զբոսաշրջության զարգացման ոլորտում, որպեսզի կոնկրետ ուղղություններով աշխատանքներ տարվեն և հաջորդ տարի մեծ փառատոն իրականացվի` ներգրավվելով օտարերկրյա զբոսաշրջիկներին: 
Վ. Փենեսյանի տեղեկացմամբ` համաժողովի ընթացքում մասնակիցներն անդրադառնալու են մշակութային, սպորտային, էքստրեմալ, կրոնական տուրիզմին, ինչպես նաև ներկայացված կլինեն մինչ օրս լայն տարածում չունեցող տուր-փաթեթներ:
««Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովի մյուս նպատակն էլ այն է, որպեսզի ստեղծենք «Տուրիզմի աջակցման խորհուրդ», որն իրականացնելու է Հայաստանում տուրիզմի զարգացմանն աջակցող գործառույթ»,- ասաց նա` հավելելով, որ նախատեսում են ստեղծել նաև «Հայաստան» կատալոգը, որտեղ ներկայացված կլինեն Հայաստանի բոլոր զբոսաշրջային վայրերը, հյուրանոցները և այլ ծառայությունները: 
Վ. Փենեսյանի խոսքերով` համաժողովին այս տարի հրավիրված հյուրերը բացառապես հայեր են, նրանց թվում են նաև նախարարներ, նախարարությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
««Welcome to Armenia» ծրագրի համակարգողի խոսքերով` համաժողովի ընթացքում մանրամասն խոսվելու է հատկապես կրոնական տուրիզմի մասին, որի զարգացումը թույլ կտա ուխտագնացություններ կազմակեպել դեպի Հայաստան: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն