«ՀՀԿ-ն տագնապում է ոչ թե Ծառուկյանի վերադարձից, այլ Սերժ Սարգսյանից». Մեկնաբան


«ՀՀԿ-ն տագնապում է ոչ թե Ծառուկյանի վերադարձից, այլ Սերժ Սարգսյանից». Մեկնաբան

  • 27-10-2016 18:09:46   | Հայաստան  |  Վերլուծություն

«Սաղ խաղերը պրծանք, մնաց սարի սմբուլը»: Այդպես է արձագանքել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի մասին հարցին պաշտոնաթող գեներալ եւ ներկայում ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը, երբ լրագրողները փորձել են իմանալ նրա կարծիքը:
 
Սեյրան Սարոյանը Գագիկ Ծառուկյանի դստրերից մեկի հարսանեկան արարողության քավորն է: Բայց Հայաստանի իշխող համակարգը ունի բազում օրինակներ, որոնք վկայում են` Հայաստանի համակարգում գերական շահն է, իսկ տարբեր հարազատ-բարեկամական կապերը ընդամենը դրա տրամաբանությունից բխող ենթակայություն են, ոչ թե թելադրող գործոն:
Ամենաթարմ վկայությունը հենց Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից հեռացումն էր եւ դրան նրա խնամի Հովիկ Աբրահամյանի հայտնի մասնակցությունը:
 
Գերական շահն է, եւ հենց դա էլ ընկած է Սեյրան Օհանյանի արձագանքի հիմքում, որը գուցե ավելի շատ բնազդային ինքնապաշտպանական է` ոչ թե լրագրողների հարցից, այլ Ծառուկյանի վերադարձի փաստից: Ընդ որում, դա միայն սարոյանական արձագանք չէ, այլ արտահայտում է թերեւս ՀՀԿ մեծամասնության մոտ տիրող տրամադրությունները:
Ու բանն այն չէ, որ այդ մեծամասնությունը մեկուկես տարի առաջ Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ գրոհել էր Գագիկ Ծառուկյանին եւ այժմ կարող է տագնապել նրա վերադարձից` նրա հեռացման ընթացքում արած հայտարարությունների պատճառով:
Ծառուկյանը հայտարարեց, թե ներողամիտ է, քեն չի պահում եւ քանի որ ուժեղ է, ներում է բոլորին: Այդ իմաստով ՀՀԿ-ականները կարող են իհարկե հանգիստ լինել, քանի որ Ծառուկյանի խոսքը գործ է` գիտեն:
 
Խնդիրն այլ է եւ թելադրվում է քաղաքական իրավիճակով: Ծառուկյանը կարող է ներել նրանց, սակայն ՀՀԿ-ն տագնապում է ոչ թե Ծառուկյանի վերադարձից, այլ Սերժ Սարգսյանից, որը վարչապետի փոփոխության մասին իր ՀՀԿ ԳՄ նիստի ելույթում միանգամայն պարզ ձեւով հայտարարել է ՀՀԿ ներկայիս մեծամասնությունն իր համար անցած փուլ դիտարկելու մասին: Սարգսյանը չի նշել որեւէ ժամկետ, երբ կփոխի այդ մեծամասնությունը, որեւէ ժամանակացույց կամ ճանապարհային քարտեզ: Նաեւ պարզ է, որ Սարգսյանի համար այդ խնդիրը լուծելը դյուրին չի լինելու, գուցե չստացվի ընդհանրապես: Դա զգալի կախված է լինելու նաեւ նոր վարչապետ Կարապետյանից: Բայց, Սարգսյանն արել է ամենակարեւորը, նա խոսել է ոչ թե ՀՀԿ մեծամասնության փոխվելու, այլ այդ մեծամասնությունը փոխարինելու մտադրության մասին:
Իսկ այդ մեծամասնությունը գիտե, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը հեռացել քաղաքականությունից: Նա հեռացել է 2015 թվականի փետրվարի 16-ին Հովիկ Աբրահամյանի տանը կնքված հաշտության համաձայնագրով, որը կնքվել է ՀՅԴ-ի եւ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի մասնակցությամ, ով, ի դեպ, ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի հետ սերտ հարաբերություն ունի թե մարդկային, թե գործընկերային առումով:
Կնքվել է մի հաշտություն, որի ոչ միայն բովանդակությունից, այլ նույնիսկ գործընթացից ՀՀԿ մեծամասնությունը տեղյակ չի եղել:
 
Եվ ով գիտե, թե այդ հաշտության համաձայնագրում ինչ է առկա, ինչ հեռանկարի համար, ինչ շրջանակում: Ով գիտե, արդյոք այդ համաձայնագրում չի եղել Գագիկ Ծառուկյանի վերադարձի տարբերակի քննարկում եւ դիտարկում, որոշակի զարգացումների կամ սցենարների պարագայում:
Համենայն դեպս, Հայաստանի ներիշխանական զարգացումներն այդ համաձայնագրի ֆոնին ունեցել են բավական հետաքրքիր ընթացք: Դրա մասնակից ՀՅԴ-ն, օրինակ, ստացավ կոալիցիոն պորտֆելներ, Սամվել Կարապետյանը ձեռք բերեց Հայաստանի էներգետիկ բաշխիչ ցանցերը, որոնք լինելով կարեւոր տնտեսական ենթակառուցվածք, անկասկած նաեւ ռազմավարական նշանակության քաղաքական, ցանցային ռեսուրս են: Սամվել Կարապետյանի մտերիմ եւ գործընկեր Կարեն Կարապետյանը հանկարծ նշանակվեց վարչապետ` Հովիկ Աբրահամյանի փոխարեն, ում տանը տեղի էր ունեցել հաշտության համաձայնությունը: Իսկ Հովիկ Աբրահամյանը հրաժեշտից առաջ կարծես թե մեղայական էր ներկայացնում ՀՀԿ մեծամասնությունը, հայտարարելով, թե ինչ արել է, արել է բոլորի միասնության համար, պարզապես չի ստացել համապատասխան աջակցություն:
Եվ այժմ ահա Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ կվերադառնա քաղաքականություն: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ նա վերադառնում է Կարեն Կարապետյանին աջակցություն հայտնելով, ասելով, թե ճանաչում է նրան, եւ նա գիտե իր գործը: Այլ կերպ ասած, Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն` հավանություն հայտնելով ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու Սերժ Սարգսյանի մտադրությանը:
 
Եթե նրա վերադարձն ի վերջո դառնա իրականություն, ապա ակնհայտ է, որ Ծառուկյանն ինչպես 2015 թվականի փետրվարից առաջ, ծածկելու է ընդդիմադիր տրամադրվածությամբ էլեկտորատի մեծամասնությունը, փաստացի իր վրա վերցնելով այդ մեծամասնությանը լիցքաթափելու եւ կառավարելու խնդիրը: Դրանով Ծառուկյանը թուլացնելու է Սերժ Սարգսյանի կախվածությունը ՀՀԿ ներկայիս մեծամասնությունից, քրեա-օլիգարխիկ սեգմենտից: Ընտրական արդյունքը կառավարելու հարցում այդ սեգմենտի դերն էապես կթուլանա, եթե խաղի մեջ մտնի Ծառուկյանը: Իսկ դա նշանակում է, որ Սարգսյանը այդ մեծամասնության դեմ իր մարտավարությունում կկարողանա լինել առավել ամուր:
Դա անշուշտ չի ենթադրում մեծամասնության փոփոխություն մեկ շաբաթում, կամ մեկ ցուցակով: Խնդիրը գործընթացում դիրքային զգալի առավելության հասնելն է, որ Սարգսյանի համար կապահովի Գագիկ Ծառուկյանն իր վերադարձի դեպքում:
ՀՀԿ ներկայիս մեծամասնության ինքնապաշտպանության բնազդը այդ իրավիճակում ունի արթնանալու եւ դրսեւորվելու բոլոր պատճառները, ինչն էլ տեղի է ունենում պաշտոնաթող գեներալի շուրթերով:
Ի դեպ, հատկանշական է նաեւ, որ դեռեւս Սարոյանից առաջ, երբ Ծառուկյանի վերադարձի մասին խոսում էր ընդամենը մամուլը, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այդ վերադարձի մասին խոսակցությունների վերաբերյալ մամուլին հայտնել էր, թե կարծում են, որ Ծառուկյանը հավատարիմ կմնա քաղաքականությունից հեռանալու իր խոսքին:
Ամբողջ խնդիրը այն է սակայն, որ քաղաքականությունից հեռանալու մասին Ծառուկյանը ամենավերջում խոսել է Սերժ Սարգսյանի հետ, վերը թվարկված վկաների ներկայությամբ հաշտության համաձայնագրի շրջանակում, որից Վահրամ Բաղդասարյանն ըստ ամենայնի տեղյակ չի եղել, այսինքն նա չգիտե, թե ինչ է ասել եւ խոսել Ծառուկյանը եւ ինչին պետք է մնա հավատարիմ: Բանն այն է, որ 2015 թվականի փետրվարի 16-ի երեկոյան Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հարցերին ի պատասխան հերքել էր, թե Հովիկ Աբրահամյանի տանը տեղի է ունենում այդպիսի արարողություն, ասելով, որ իրենք ոչինչ չգիտեն այդ մասին: Այն դեպքում, երբ ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը նույն ժամերին հակառակն էր հայտնել լրագրողներին: Ինչը, ի դեպ, բարկացրել էր Բաղդասարյանին:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն