Հայ բնապահպանները պահանջում են կասեցնել Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը (տեսանյութ)
27-10-2016 18:10:43 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ Կառավարության նիստին զուգահեռ դրսում բողոքի ակցիա էին իրականացնում Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները: Վերջիններս պատկան մարմիններից պահանջում են կասեցնել Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, ինչն ըստ նրանց` կունենա անդառնալի բացասական հետևանքներ շրջական միջավայրի և բնակիչների վրա:
Բնապահպաններն ակցիայի ընթացքում իրազեկող թերթիկներ էին բաժանում լրագրողներին ու անցորդներին, որոնցում հանգամանորեն տեղեկացվում է, թե ի՞նչ է Ամուլսարի ծրագիրը, ո՞վ է այն իրականացնում և ո՞վ է Ֆինանսավորում, ինչու՞ չպետք է շահագործվի Ամուլսարը: Տեղեկատվական թերթիկում, մասնավորպաես, նշվում է, որ Ամուլսարում իբր հայտնաբերել են ոսկու արդյունաբերական պաշարներ, որոնք ՀՀ վարչակզմն անխոհեմաբար և ապօրինաբար շահագործման է հանձնել բրիտանական օֆշորում գրանցված անհայտ ծագման «Լիդիան Ինթերնեշընըլ» ընկերությանը: Հանքավայրի ենթակառուցվածքների շինարարությունը սկսվել է 2016 թվականի օգոստոսին, իսկ Ամուլսարի «հոշոտումը» կսկսվի մոտ 2 տարի անց և կտևի 10 տարի: Տարեկան վերամշակվելու է 10 մլն տոննա հանքաքար, իսկ ոսկու կորզումն իրականացվելու է խիստ թունավորբ և վտանգավոր նատիրումի ցիանիդի միջոցով, որից տարեկան ներկրվելու և օգտագործվելու է 1000 տոննա: Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ թունավորման վտանգի առաջ են կանգնում Հայաստանի ջրային պաշարները` ռազմավարական նշանակություն ունեցող Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ավազանների բնական միջավայրը, Որոտան-Արփա-Սևան ջրատար թունելն ու տարածաշրջանի քաղցրահամ ջրերի գլխավոր շտեմարան համարվող Սևանա լիճը: