Մեկնարկել է «Շիրակ կենտրոնի» կողմից անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի բաժանման ծրագիրը


Մեկնարկել է «Շիրակ կենտրոնի» կողմից անօթևան ընտանիքներին ձմռան վառելափայտի բաժանման ծրագիրը

  • 27-10-2016 18:31:01   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

Ձմռան ամիսներին տնակային ավաններում բնակվող հարյուրավոր ընտանիքների համար վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել:
 
Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկը:
 
Այս տարի  սոցիալապես անապահով ընտանիքներին վառելափայտի տրամադրման ամենամյա բարեգործական ձեռնարկը կրում է՝  «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող1000 ընտանիքներին»   խորագիրը: «Շիրակ կենտրոնի» գործընկերներն ու հովանավորները  արդեն իսկ  սկսել են աջակցություն ցուցաբերում բարեգործական ձեռնարկին,  իսկ ՀՀ կառավարության բարեգործական հանձնաժողովը այն ճանաչել է որպես  բարեգործական ծրագիր:
 
Վերջում  նշենք, որ թեև ամբողջ ամռան ընթացքում  «Շիրակ կենտրոնը» տասնյակ քանդված դոմիկներից առաջացած զգալի քանակության փայտանյութը բաժանեց տնակներում բնակվող  ընտանիքներին, սակայն  գրեթե բոլոր ընտանիքները այն օգտագործել են ամռան ընթացքում՝ կերակուր և պահածոներ պատրաստելու նպատակով:
 
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն