Գյումրու Մանկավարժական ինստիտուտի ռեկտորը պատրաստվում է դիմավորել վարչապետի վերահսկողական ծառայությանը.Tert.am


Գյումրու Մանկավարժական ինստիտուտի ռեկտորը պատրաստվում է դիմավորել վարչապետի վերահսկողական ծառայությանը.Tert.am

  • 27-10-2016 18:44:42   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

Հուլիսից Գյումրու Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր նշանակված Սահակ Մինասյանը պատրաստվում է վարչապետ Կարեն Կարապետյանի վերահսկողական ծառայությանը բուհում դիմավորել  «համապատասխան փաստաթղթերով» ու դեկանների հայտարարությամբ:  
 
«Շահարկվել է, որ մագիստրատուրայի ընդունելության քննությունները խախտումներով են իրականացվել, և, բացի այդ, անտեսվել են դեկանները: Իրականում մագիստրատուրայի ընդունելության քննություններ չեն եղել որպես այդպիսին ընդհանրապես: Ընդունելություն եղել է առանց քննությունների: Կարգը սահմանված է ԿԳ նախարարության վաղուցվա կարգի համաձայն: Հրապարակվել է արդեն դեկաննների հայտարարությունը, որ իրենք տեղյակ չեն, որ նման բողոք կա և իրենք բացառապես պնդում են, որ ամեն ինչ եղել է ըստ գործող կարգի և իրենց նախնական գիտությամբ՝ առանց ընդունելության քննությունների»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Մինասյանը:
 
Հարցին, թե ի՞նքն է հրահանգել ինստիտուտի դեկաններին, որ նման հայտարարություն անեն, Մինասյանն ասաց. «Դեկանների անունն են շահարկել, ես ինչի՞ պետք է հրահանգեի»: 
 
Նշենք, որ ԱԺ-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարդաց Գյումրու մի խումբ մանկավարժների նամակ-բողոքը՝ ուղղված կառավարությանը, որում ասվում է, որ վարչապետի կադրային առաջին որոշումը վերաբերել է իրենց բուհին՝ Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտին: 
 
Նամակում ասվում է, որ Սահակ Մինասյանը, որը շուրջ  տասնամյակ լինելով Շիրակի կրթության վարչության պետ, կոռումպացված չինովնիկի համբավ է ձեռք բերել մարզում, կյանքում բուհական կյանքին առնչություն չի ունեցել, անգամ մեկ անգամ լսարան չի մտել. «Այս ընթացքում բուհում իրականացվել են մագիստրատուրայի ընդունելության քննություններ, բուհի ոչ մի դեկան, ոչ մի աշխատող չի մասնակցել ընդունելության քննությանը»: 
 
Նամակում ասվում է, որ միայն ռեկտորն է մասնակցել և իր պաշտոնակատարը, դեկաններին էլ ընդունելության քննության արդյունքները ներկայացվել են ի գիտություն: Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ ասել է, որ իր վերահսկողական ծառայությանը կհանձնարարի՝ զննել նամակը:
 
Սահակ Մինասյանը պնդում է, որ կոռուպցիոների համբավ չունի Շիրակի մարզում, ինչպես գրել են նամակում: «Ամեն մարդ ինչ ասես կարող է զազրախոսել: Իմ համբավը գիտեն մարզում, վկա՝ վերջին քննությունները, որ անցկացվել են: Կարող եք հետաքրքրվել, իմանալ»,-ասաց ռեկտորը:
 
Հարցին, թե ինչո՞ւ են բուհի աշխատողները նման նամակ ուղարկել ԱԺ, Մինասյանն ասաց. «Առանձին «շահառուների» ձեռք չի տալիս, որ կոռուպցիոն ռիսկերը բացառում ենք: Բոլորս միասին գնացել ենք այն ճանապարհով, որ բացառվի կոռուպցիոն ռիսկերը»:  
 
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է պատրաստվում շարունակել վերոնշյալ «շահառուների» հետ իր աշխատանքը, պատրաստվո՞ւմ է բացահայտել, պատժել նամակ գրողներին: 
 
«Նամակ գրողը կարող է փողոցից պատահական մարդ է, ես չեմ պատրաստվում որևէ բացահայտում իրականացնել կամ պատժել: Ես ավելի կարևոր գործերով եմ զբաղված»,-հայտարարեց Մինասյանը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play