Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում


Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում

  • 27-10-2016 19:38:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Արտակ Դավթյանն ընդունել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին եւ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Թոմաս Շրափելին:
 
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ հայ խորհրդարանականները խոսել են երկկողմ զարգացող հարաբերություններից, բարձր են գնահատել բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունը եւ ձեւավորված սերտ համագործակցությունը, կարեւորել են փոխայցերը: Նաեւ բարձր է գնահատվել գերմանացի գործընկերների հետ համագործակցությունը տարբեր խորհրդարանական հարթակներում:
 
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախդրից՝ Արտակ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային, ով ստանձնել է նախագահությունը ԵԱՀԿ-ում, հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար:
 
Անդրադառնալով «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի երեւանյան գրասենյակի գործունեությանը` Արտակ Զաքարյանը նշել է, որ կառույցն ակտիվ եւ տեսանելի գործունեություն է իրականացնում Հայաստանում՝ հատկապես ընդգծվել է երիտասարդության շրջանում իրականացվող աշխատանքների անհրաժեշտությունը: Հայ խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հիմնադրամի նախաձեռնություններում եւ ծրագրերում:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ինչպես նաեւ խորհրդարանական մակարդակում հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր եւ ծրագրեր: Նաեւ քննարկվել են նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի երկու խորհրդարանական պատվիրակությունների՝ Գերմանիա այցելություններին վերաբերող հարցեր:  Անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության տարածքում ստեղծված իրավիճակին եւ խաղաղ կարգավորումների անհրաժեշտությանը: 
 
Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը, խոսելով երկկողմ կապերից, նշել է, որ Գերմանիան մեծ ջանքեր է գործադրում խորացնելու հարաբերությունները Հայաստանի հետ: Պարոն Վայլերն իր ցավակցությունն է հայտնել տասնյոթ տարի առաջ` հոկտեմբերի 27-ին, ՀՀ Ազգային Ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ:
 
Հանդիպման ավարտին հյուրերն Արտակ Զաքարյանի եւ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել են ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող, հարգել նրանց հիշատակը: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն