Գագիկ Ծառուկյանին վտանգ է սպառնում.Ազատ Արշակյան


Գագիկ Ծառուկյանին վտանգ է սպառնում.Ազատ Արշակյան

  • 31-10-2016 18:31:41   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը։

 

Սերժ Սարգսյանը «Ալ ջազիրա»-ին տված հարցազրույցում չի հերքել, որ կարող է դառնալ ՀՀ վարչապետ, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի կամ ԱԺ նախագահի պաշտոններին։ Ի՞նչ տպավորություն ստացաք այդ հարցազրույցից։

 

Ես կարծում եմ, որ նրա այն հայտարարությունը, որ չի հավակնում երկրի ղեկավարի պաշտոնին, ուժի մեջ է։ Նա չի ասում, որ ես այն ժամանակ սխալ եմ արել, հիմա ճշտում եմ կարիերայի վերաբերյալ իմ մոտեցումը։ Նա միայն ասում է, որ այդ մասին խոսելը վաղ է։ Ընդհանրապես, ես կարծում եմ, որ երբ դեռ բավական երկար ճանապարհ կա անցնելու, ճիշտ չէ հայտարարել հետագայում պաշտոններ զբաղեցնելուց հրաժարվելու մասին։ Երբ ղեկավարը հրաժարվում է, թիմը դառնում է անկառավարելի, անհնազանդ։ Թիմն սկսում է փնտրել նոր առաջնորդ, նոր ղեկավար, նոր հենարան։

 

Ընդհանրապես, կանոնն է այդպես, երբ 2 տարի առաջ հայտարարում ես, որ ես չեմ լինելու, կողմնակիցների մեջ առաջանում է փնտրտուք, որն ինչ-որ իմաստով համակարգը դարձնում է անկառավարելի։ Կարծում եմ, այս դեպքում այդ գործոնն էլ կա, այսինքն՝ երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ դեռ շուտ է այդ մասին խոսելը, դրանով իր յուրայիններին ասում է՝ համբերեք։ Անձամբ ես կարծում եմ, որ իսկապես համբերելու բան կա, որովհետև շատ մեծ փոփոխությունների ժամանակներ են, ակնկալիքներ էլ կան այդպիսի։ 

 

Ոչ միայն Հայաստանը բաց է թողել լուրջ, արմատական փոփոխություններ իրականացնելու ժամանակը, այլև մետրոպոլիայում՝ Ռուսաստանում, ևս լճացում է, որտեղ ևս լուրջ փոփոխությունների կարիք կա։ Քանի որ մենք եվրասիական իմպերիայի վասալն ենք,  պատճենահանում ենք նրանց, փորձում ենք նմանվել նրանց, առաջ չընկնել, ստվերում մնալ, բայց նույնիսկ մետրոպոլիայում է լուրջ փոփոխություն լինելու։ 

 

Այդ իմաստով, կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը տվել է դրա մասին պատասխան, որ փոփոխություններ կլինեն, կերևա՝ ով ինչով է զբաղվելու։ Իսկ թե ինչպիսին կլինեն փոփոխությունները, դժվար է կռահել։

 

Բայց կարծեք թե Ռուսաստանում այնքան էլ լարված ներքաղաքական իրավիճակ չէ, որը կարող է բերել փոփոխությունների։

 

Ռուսաստանում շատ լարված է։ Ես մի օրինակ բերեմ, Մոսկվա քաղաքը 200 մլրդ ռուբլու բյուջեի դեֆիցիտ ունի, իսկ երկրի գավառների մասին տվյալներ նույնիսկ չեն էլ հրապարակում։ Բացի այդ, մի նրբություն էլ կա. որքան պակասում է քաղաքացիների վստահությունը պետության ու իշխանության նկատմամբ, մեծանում է վստահությունն անհատի նկատմամբ։ Այսինքն Ռուսաստանում կյանքն ակնհայտորեն վատանում է, լարվածությունը մեծացել է, նոր սառը պատերազմ է սկսվել, երկիրը շրջապատված է հակառակորդներով, ու հանկարծ ղեկավարի վարկանիշն աճում է։ Սա նշանակում է, որ նրանք այլևս չեն վստահում իրենց երկրին կամ կառավարման համակարգին, հույսը դրել են անհատի վրա։ Դա կոչվում է անհատի պաշտամունք։ Այդպես էր նաև ԽՍՀՄ-ի ժամանակ։ Ես կարծում եմ, որ շատ ծանր է վիճակը Ռուսաստանում։ ՌԴ 20 մլն քաղաքացի իրենց գնահատականով աղքատության շեմից ներքև են։ Այդ 20 մլն-ը ինչքան կմնա աղքատ, և արդյոք չի ավելանա։

 

ՌԴ էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ, մինչև 2030 թվականը ՌԴ-ում լինելու է լճացում, աճ չի լինելու, իսկ դա անպայման կանդրադառնա քաղաքական կյանքի վրա։ Իսկ այդ գլամուրային շքամուտքը՝ ֆասադը, խաբուսիկ է։ Այդ ամենը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա, բայց դա մեզ նաև բերելու է ազատություն։

 

Այսինքն՝ Հայաստանում փոփոխություն կլինի նաև ռուսական ազդեցությունը կրողների՞ առումով։

Այո, իհարկե, մեր գործիչները, որոնք ընդհանրապես Մոսկվայի դրածոն են, ոչ կոմպետենտ են, դուրս կթռչեն, կգնան իրենց տեղը։ Իսկ նրանք, որոնք պրոֆեսիոնալ են, բայց հարմարվել են իրավիճակին, նրանք բնականաբար կհայտարարեն իրենց ծպտված հայրենասեր, ծպտված պրոֆեսիոնալ լինելու մասին և կզբաղվեն մեր հայրենիքի վերակառուցմամբ։ Կամ այնքան թույլ կլինեն նրանք, որ փոփոխությունների հեղեղը կտանի, կգան նոր ուժեր, պահեստային ուժեր, որոնք կան Հայաստանում։ Միշտ օրինակ են բերելու նոր «Ղարաբաղ կոմիտե» արտահայտությունը, բայց դա շատ պայմանական է։ Իրականում կյանքը ցույց տվեց, որ նույնիսկ Խորհրդային ռեպրեսիվ համակարգի ժամանակ Հայաստանում կային ուժեր, որոնք կարող էին ղեկավարել փոփոխությունները և նույնիսկ իշխանությունը վերցնել։ Դա կարող է կրկնվել Հայաստանում, եթե ֆորս-մաժորային փոփոխություն չլինի, ասենք մեծ պատերազմ։

 

Ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ եթե անհրաժեշտ լինի, ինքը կվերադառնա քաղաքականություն։ Սրանք Սերժ Սարգսյանի հաշվարկնե՞րն են։

 

Մի քանի պատճառներ կան. նախ թիմակիցները, որոնք իշխանության են եկել Գագիկ Ծառուկյանի անձնական ջանքերի շնորհիվ, անհանգստացած են, որ առաջիկա ընտրությունների ժամանակ առանց այդ ջանքերի իրենք իշխանությունից դուրս կմնան, կարկանդակը կկորցնեն։ Հետևաբար, սա նրանց սարքած ներկայացումն է։

 

Երկրորդ՝ Գագիկ Ծառուկյանը հավանաբար հավանել է Կարեն Կարապետյանի ծրագիրը, որը կոչված է պայքարել կոռուպցիայի, օլիգարխիայի, չարաշահումների, հարկերից խուսափողների դեմ, և որոշել է միանալ օլիգարխիայի դեմ այդ պայքարին, պատկերացնում եք,  չէ՞։

 

Այսինքն ինքն իր դե՞մ պիտի պայքարի։

 

Այո, հարկերը ժամանակին չմուծողներին, մենաշնորհով գործողներին ուզում է բերել կարգապահության դաշտ։ Չպետք է բացառել այս տարբերակը, իսկ թե ինչքանով է տրամաբանական, խելքին մոտ, անհասկանալի է։ Երրորդ պատճառն էլ կա, թե ինչու Ծառուկյանին չեն հիշեցնում պատճառները, որի հետևանքով տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ հայտնի նիստը, որտեղ անգամ հարազատը՝ Պավլիկ Մորոզովը, պարտիայի կոչով «բամփեց» նրա գլխին։ Շատ հնարավոր է, որ լուրջ խնդիր կա, թե ով է ֆինանսավորելու այդ «պերեստրոյկան», հարկահավաքության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման արշավը։ Գուցե մարդիկ մտածում են՝ այո, պարոն Ծառուկյան, մոտեցեք ծանրաձողին։ Շատ հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանը, չիմանալով դրա մասին, ակամա կֆինանսավորի «պերեստրոյկան»։ Հնարավոր է՝ էլի նման միամիտներ լինեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, այսօր որևէ մեկն իշխող համակարգից դեմ խոսի Կարեն Կարապետյանի ծրագրին, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ հայտարարված պատերազմին, մենք գիտենք, դրանից հետո ինչ կարող է լինել։

 

Ովքե՞ր են Ծառուկյանի հիշատակած «կարկառունները», նրանք, որոնք կոչ են անում բարեփոխե՞լ Հայաստանը։ Ես անձամբ կարծում եմ, որ շտապում է պարոն Ծառուկյանը։ Հիմա զոհեր են պետք, փող է պետք, իսկ գանձարանը դատարկ է, բյուջեում մեծ ճեղքվածք կա։

 

Այսինքն՝ իշխանությունը պատրաստ է երկրորդ անգամ Ծառուկյանի հետ նույն խաղը խաղա՞լ։

 

Երկրորդ անգամ չէ, նրան նախազգուշացրել են։ Եթե նախորդ անգամ իշխանության հավակնություն էր պատճառը, քանի որ արդեն իրար մեջ իշխանություն էին կիսում, ապա հիմա ներկաներին «կարկառուն» անվանելը շատ վտանգավոր է։ Հայաստանը ծայրահեղ ծանր վիճակում է, ու ինչ-որ մեկն ասում է՝ այսպես լավ է, մի փոփոխեք, դուք «կարկառուն» եք։ Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանին վտանգ է սպառնում այդ իմաստով։ Նրա կողմնակիցները կարող են մասնակից լինել «պերեստրոյկային», և մարդիկ մատների արանքից կնայեն «բամփումներին»։ Այստեղ համապետական շահ կա, կառավարության ծրագիրը ֆինանսավորվում է, և կառգրավվի, կազգայնացվի Ծառուկյանի ունեցվածքը։ Ինչպես ասում են, չվճարված, թաքցված, հափշտակված գումարներ կգտնեն, նաև կգտնեն համապատասխան ձևակերպումներ։ Սա էլ է տարբերակ։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ