Սասնա Ծռեր.Ճանապարհային քարտեզ


Սասնա Ծռեր.Ճանապարհային քարտեզ

  • 01-11-2016 14:00:02   | Հայաստան  |  Վերլուծություն

ՆՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ    ՀԻՄՆԱԴՐՄԱՆ

«ՍԱՍՆԱ  ԾՌԵՐ» ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ

«Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը մշակել են Հիմնադիր խորհրդարանի,  «Սասնա Ծռեր» խմբավորման և «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի ներկայացուցիչները:

Ճանապարհային քարտեզը մտահղացված է որպես  ազգային-ազատագրական շարժման գաղափարական-ծրագրային հիմնարար փաստաթուղթ, որը նախատեսում է համախմբել հայությանը և Հայաստանի քաղաքացիներին և նրանց կամքի արտահայտմամբ ու իրագործմամբ սկիզբ դնել մարդկային երջանկության ապահովմանը և ազգային իղձերի կատարմանը կոչված հայրենի պետականության:

«Սասնա Ծռեր» անվանումը հուշում է, որ Ճանապարհային քարտեզի արժեհամակարգը, ռազմավարական ուղենիշները և ապագայի տեսլականը բխում են «Սասնա Ծռեր» հայոց էպոսի իմացաբանական ու հոգևոր-մշակութային համակարգից, իսկ նրա մեթոդի էությունն է հանուն ազատության ու արժանապատվության զոհաբերական պատրաստակամությամբ ընդվզումը:

Ճանապարհային քարտեզը Նոր Հանրապետության հիմնադրման տեսական հիմնավորումների, նպատակների նախանշման և խնդիրների առաջադրման համատեքստում ներկայացնում է Հայաստանի ապագաղութացման ու ինքնիշխանության հաստատման, Արցախը Հայաստանին դե յուրե միավորման և Հայաստանում ժողովրդի իշխանության վերականգնման ծրագիրը:

Ճանապարհային քարտեզը կենդանի և ապրող փաստաթուղթ է, ուստի ենթակա է մշտական լրամշակման ու կատարելագործման:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Նոր Հանրապետություն. ինչու և ինչպես

2. Նպատակներ և խնդիրներ

3. Սուբյեկտներ

4. Միջոցներ

5. Ժամկետ

6. Հավելվածներ

Նոր Հանրապետություն. ինչու և ինչպես

Ինչու

 

Իրավաքաղաքական հիմքերի պրոբլեմ

 

Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը լեգիտիմ չեն: Նրա հիմնադրման փուլում խախտվել և ոտնահարվել է հայության, որպես մարդու իրավունքների ամբողջական և անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտի, ինքնորոշման իրավունքը, երբ ՀՀ անկախության հանրաքվեն անցկացվել է առանց հայության մասնակցության և Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու վերաբերյալ արդեն առկա և համայն հայության կամքն արտահայտող իրավական ակտերի՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի §Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին¦ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման  և Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներին հակառակ, իսկ այնուհետև նախաձեռնվել է Արցախի անկախացման գործընթաց՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմամբ և 1991թ. դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեի անցկացմամբ և դրանց հաջորդող համապատասխան արտաքին և ներքին քաղաքականությամբ: Այս գործողություններով արցախաբնակ հայությունը և նրա իրավունքը զատվել են համայն հայությունից և նրա իրավունքից ու հակադրվել են դրանց, մինչդեռ հայությունը մեկ միասնական և անբաժանելի ամբողջություն է որպես մարդու իրավունքների կոլեկտիվ իրավունքի սուբյեկտ:

Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը լեգիտիմ չեն նաև, քանի որ նրա իրավաքաղաքական կերպափոխումների բոլոր փուլերի իրավական արձանագրումներն արտահայտող սահմանադրական հանրաքվեների (1995թ., 2005թ. և 2015թ.)արդյունքների կեղծմամբ ոտնահարվել է հայության ինքնորոշման իրավունքն ու սահմանադրաիրավական կամքը:

Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերը դրանց ժառանգորդության (այդ թվում՝ իրավահաջորդության) մասով թույլ և հեռանկարի առումով փակուղային են, ինչպես նաև հակասում են հայության և նրա պետականության շահերին: Ներկա Հանրապետությունն իր ծնունդն ազդարարել և իրեն դիրքավորել է ոչ թե որպես համայն հայությանը պատկանող Հայրենիքի իրավունքի և դրա իրականացման ճանապարհին ստեղծված նրա իրավաքաղաքական-կազմակերպական գրավականի՝ 1-ին Հանրապետության, այլ այդ իրավունքը չճանաչող ու ոտնահարող և 1-ին Հանրապետությունը զավթած, մասնատած ու ինքնիշխանությունից զրկած ռուս-թուրքական գործակցության մնացորդային արդյունք Հայկական ԽՍՀ-ի ժառանգորդ: Դրա հետևանքով ներկա Հանրապետությունը փաստացի ճանաչում է հայության Հայրենիքի իրավունքի ժխտումը և այդ գործակցությամբ ձևավորված ու հայկական պետականության գործոնը բացառող, ասել է թե՝ հայկական պետականության հեռանկարը խափանող տարածաշրջանային ճարտարապետությունը, հաշտվում այդ հանգամանքի հետ և հրաժարվելով Հայրենիքի իրավունքի ու 1-ին Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության ներուժից՝ ինքն իրեն զրկում է գործոն դառնալու և պետականությունը պահպանելու կարողությունից:

Բացի այդ՝ ներկա Հանրապետությունը որպես 3-րդ Հանրապետություն համարելը հակասում է նաև միջազգային իրավունքին, քանի որ Հայկական ԽՍՀ-ն իրավասուբյեկտություն չի ունեցել և չի համարվել միջազգային իրավունքի սուբյեկտ-պետություն:

Այս համատեքստում 1-ին Հանրապետության խորհրդանիշերի (դրոշ, հիմն, զինանշան) փոխառումը ծառայում է իմիտացիոն նպատակների և մոլորեցնող ազդեցություն ունի:

Հակապետության պրոբլեմ

Ներկա Հանրապետության քանակական և որակական հիմնական հատկանիշների համախումբը վկայում է, որ այն հակապետություն է: Այն ի սկզբանե ձևավորվել է հակապետության վերածվելու նպատակադրման համատեքստում և արդեն ամբողջանում է որպես այդպիսին:

Այսպես, նրա պետական կառավարման համակարգը, արտաքին հարաբերությունները և տնտեսությունը ի սկզբանե ձևավորվել են հիմնական պարամետրներով Ռուսաստանի Դաշնության առանցքի շուրջ կառուցվող նորգաղութային ձևաչափերի մեջ՝ որոշակի փուլում վերստին գաղութի վերածվելու և Ռուսաստանի մաս կազմելու հեռանկարով: Ներպետական, ներազգային և միջազգային չափումներում տեղի ունեցող բոլոր մյուս գործընթացներն ու գործողությունները այս ծրագրի տեսակետից ժամանակավոր, իմիտացիոն, հարկադրված, երկրորդական և/կամ այլ ածանցյալ նշանակություն ունեն:

Այս հիմնական պատճառով ներկա Հանրապետությունը պետությանը բնորոշ՝ ազգի քաղաքական-տնտեսական ու հոգևոր-մշակութային զարգացման, նրա և ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և պետության ինքնիշխանության, տարածքի ու բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման գործառույթն իրականացնելու փոխարեն վերածվել է այդ արժեքների հաշվին օտար գաղութարարի և իր կառավարման համակարգի ղեկավար շերտի շահերն ապահովելու գործառույթ իրականացնող հակապետության՝ ըստ էության աշխատելով որպես ցեղասպանության, պետականազրկման և հայրենազրկման յուրօրինակ գործիք:

Նրա բազմաթիվ արատներն ու հիվանդությունները՝ ժողովրդի իշխանության յուրացում, պետության իրավասուբյեկտայնության, ուստի նաև՝ ինքնիշխանության բացակայություն, կոռուպցիա, ոստիկանաքրեական ռեժիմ, մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների համակարգված խախտումներ, մենաշնորհներ, քաղաքական դաշտի անզորություն, կուսակցությունների խամաճիկություն և/կամ չկայացածություն, վերնախավի գերակշիռ մասի գործակալացում, գաճաճություն և եսակենտրոնություն, առհասարակ պետության՝ որպես համակարգի, ձախողվածություն և չկայացածություն, վատ կառավարում և այլն, պայմանավորված են ներկա Հանրապետության հակապետություն լինելու հանգամանքով:

Եզրակացություն

Ներկա Հանրապետության իրավաքաղաքական հիմքերի և հակապետություն լինելու պրոբլեմները համակարգային են, ուստի հնարավոր չէ այդ պրոբլեմները լուծել դրանց ծնող համակարգի ներսում և նրա միջոցով: Դրանք հնարավոր է լուծել միայն նոր համակարգ, տվյալ դեպքում՝ Նոր Հանրապետություն ստեղծելով, որը պետք է հիմնվի Հայրենիքի իրավունքի և 1-ին Հանրապետության իրավաքաղաքական ժառանգության վրա, ինչպես նաև իր մեկնարկը տա և հետագա ընթացքն ապահովի հայության, որպես ամբողջական և անբաժանելի կոլեկտիվ սուբյեկտի, ինքնորոշման իրավունքով ու սահմանադրական կամքով:

Ինչպես

§Ինչպես¦ հարցի պատասխանը հիմնականում տրված է Ճանապարհային քարտեզի նպատակների, խնդիրների և, համապատասխանաբար, դրանք իրագործելու ու լուծելու համար մշակված փաստաթղթերի միջոցով:

Միևնույն ժամանակ՝ Ճանապարհային քարտեզի մշակման տրամաբանությունը ամբողջական կերպով ըմբռնելու և առավել արդյունավետ կերպով կյանքի կոչելու համար կարիք կա ներկայացնելու Ճանապարհային քարտեզի մշակման հետևյալ մեթոդական մոտեցումները

Շարժվել նվազագույն դիմադրության և հնարավորինս քիչ ջանքեր գործադրելու սկզբունքով՝ առավելագույնս օգտագործելով եղածի ռեսուրսը և հենվելով նրա արդեն առկա §ռելիեֆի¦ վրա:

Գտնել և կիրառել այն օպտիմումը, որը հնարավորություն է տալիս հավատարիմ մնալ նպատակներին և պահպանել ուղենիշերը, սակայն տալիս է նաև հետագայում ռազմավարական որոշումներ կայացնելու ազատություն:

Ընտրել հիմնական նպատակները և դրանց լուծման համար անհրաժեշտ խնդիրների այն 20 տոկոսը, որոնց լուծմամբ կլուծվեն առկա պրոբլեմների 80 տոկոսը:

Նպատակների և խնդիրների համակարգը կազմելիս և, համապատասխանաբար, դրանք իրագործելիս ու լուծելիս նկատի ունենալ, որ հարկավոր է շարժվել հակառակ հերթականությամբ: Ժողովրդի իշխանության յուրացումը և առկա պրոբլեմների հիմնական մասը գաղութացման հետևանք է, սակայն ապագաղութացման առաջին քայլը պետք է լինի ժողովրդի իշխանության հաստատումը, քանի որ առանց գաղութային վարչակազմի հեռացման, դրա առաջին քայլով՝ ազգային կամքի գերակայության հաստատման ու այն իրականացնող ազգային կառավարության ձևավորման Հայաստանը չի կարող հանդես գալ որպես սուբյեկտ և անհրաժեշտ քայլեր կատարել իր ազատագրման համար:

Հաշվի առնել, որ մինչ վարչախմբի հեռացումը և ժողովրդի վստահության կառավարության ձևավորումը Ճանապարհային քարտեզի իրականացման համար մարդկային, այդ թվում՝ առաջնորդային-ռազմավարական և կադրային-մասնագիտական, ինչպես նաև տեղեկութային, նյութատեխնիկական և այլ ռեսուրսները խիստ սակավ են լինելու, ուստի այդ ժամանակահատվածում անհրաժեշտ է շարժվել քանակի նկատմամբ որակի գերակայության և ակնկալվող արդյունքների հիմնական մասը վարչախմբին հեռացնելուց հետո ընկած ժամանակահատվածի համար պլանավորելու տրամաբանությամբ:

Նկատի ունենալ, որ պետության իրավասուբյեկտային կամքի ու իրավունքի և ինքնիշխանության միավորը քաղաքացին է, ուստի Նոր Հանրապետության հիմնադրման իրավաքաղաքական մեկնարկը անհրաժեշտ է տալ քաղաքացու կամքի և իրավունքի գործադրումն արտահայտող համապատասխան որոշմամբ:

Ամբողջական հոդվածն այստեղ

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play