Ինչ պետք է անի ընդդիմությունը հավերժ ընդդիմություն չմնալու համար


Ինչ պետք է անի ընդդիմությունը հավերժ ընդդիմություն չմնալու համար

  • 01-11-2016 16:55:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի 6 մարզերում կայացան ՏԻՄ ընտրություններ։ Ի տարբերություն Կապանի, որտեղ քաղաքացիները առանձին ընտրում էին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, մյուս երկու խոշոր քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում, ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ անցկացվեցին նոր կարգով. կուսակցությունները քաղաքապետի և ավագանու թեկնածուների համամասնական ցուցակներ էին ներկայացրել, ուստի քաղաքացիներն այս անգամ ընտրեցին ոչ թե անհատների, այլ քաղաքական ուժերի միջև: Կապանում նախընտրական քարոզարշավ, ըստ էության, իրականացրին միայն «Քաղաքացիական պայմանագրի» կողմից առաջադրված ավագանու թեկնածուները. նրանք, մասնավորապես, իրենց ընտրողներին ներկայացրին նախընտրական համապարփակ ծրագիր, այցելեցին քաղաքի գրեթե բոլոր տները, փողոցներում ու բակերում հանրային իրազեկման ակցիաներ իրականացրին։ Սակայն այս կուսակցության 5 թեկնածուներից միայն մեկը` Նարեկ Բաբայանը, ընտրվեց ավագանու անդամ: Ստացվում է` Կապանի բնակիչներն ընտրեցին իրենց թաղամասերում հայտնի, տեղային իշխանությունների, իսկ որոշները՝ նաև մարզպետի աջակցությունը վայելող, որոշակի լծակներ և ֆինանսներ ունեցող թեկնածուներին: Այս մարդիկ, այո, գործի դնելով ծանոթ-բարեկամ-հարազատ սկզբունքը, փող բաժանելով, տարատեսակ ճնշումներ գործադրելով և, վերջապես, ապաքաղաքականացնելող ՏԻՄ ընտրությունները, ստացան հանրության վստահության քվեն։ Պատկերը Գյումրիում և Վանաձորում գրեթե նույնն էր։ Շատ էր խոսվում բաժանված գումարների, պետական կառույցների աշխատողների նկատմամբ գործադրված ճնշումների, վարչական ռեսուրսների և «թաղային բդեշխների» ինստիտուտի լիուլի օգտագործման վերաբերյալ վկայող փաստերի մասին։ Եվ հենց սա է միակ բացատրությունն այն բանի, թե այդ ինչպես ստացվեց, որ 80-90 տոկոս ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հասարակությունը կրկին քվեարկեց իշխանությունների օգտին, կամ ինչպես ստացվեց, որ թե՛ Գյումրիում, թե՛ Վանաձորում, օրինակ, ՀՎ («Օրինաց երկիր») կուսակցությունը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
 
Ծանր պարտությունից ընդդիմությունն արդեն իսկ համապատասխան հետևություններն արել է և այժմ լրջորեն մտածում է մարդկային ու ֆինանսական համապատասխան ռեսուրսների կենտրոնացման, այն առավելապես արդյունավետ և թիրախային օգտագործելու, նոր մարտավարություն, ընթացակարգ մշակելու ուղղությամբ: Ռազմավարության առումով, կարծես, ընդդիմությունն այդ ընթացքում նշանակալից բացթողումներ չի արել, սակայն այստեղ չափազանց կարևոր մի բաղադրիչ կա, որը, ըստ ամենայնի, դեռևս չի հայտնվել ընդդիմության «խոշորացույցի» տակ: Խոսքը գեղեցիկ մի գաղափարի` անհատի կամ անձի վերափոխման` որպես հանրային վերափոխման կարևորագույն գործոնի մասին է: Վաղուց է հայտնի, որ իշխանական ուժերը ընտրությունները կեղծել են ընտրատեղամասերի ներսում և դրանից դուրս. առաջին դեպքում՝ «կարուսելներ», կրկնա/բազմաքվեարկություններ, լցոնումներ, իսկ երկրորդ դեպքում ընտրակեղծարարները տարատեսակ ապօրինի մեթոդներով աշխատել են քաղաքացիների հետ և ստացել նրանց ձայները։ Այն բանից հետո, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարեց «6000 վստահված անձ» նախագիծը կյանքի կոչելու և այդ գործիքի միջոցով ընտրությունները տոտալ վերահսկելու մտադրության մասին, իշխանությունները, հաշվի առնելով տեղամասերում ընդդիմության պրոֆեսիոնալ թիմի ներկայացվածության փաստը, արագորեն փոխեցին իրենց մարտավարությունը։ Մասնավորապես, սույն տարվա ընթացքում կայացած 3 ընտրություններում (Հրազդան՝ ապրիլի 17, Նոր կյանք, Իրինդ, Ոսկեվազ՝ սեպտեմբերի 18, Կապան, Գյումրի, Վանաձոր, Նորատուս՝ հոկտեմբերի 2), որոնցում այս ընդդիմադիր ուժը վերահսկողություն սահմանեց ընտրատեղամասերում, իշխանությունները հիմնական շեշտը դրեցին ընտրությունները «դրսում» կեղծելու վրա։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ընդդիմության կողմից առաջ քաշված այս յուրօրինակ փորձությունը իշխանությունները հաջողությամբ հաղթահարեցին, և ուրեմն, այժմ ընդդիմությանը հարկավոր է շեշտադրումն անել ոչ թե լոկ ընտրության օրը ընտրական տեղամասերի ներսում վերահսկողության վրա, այլ հավասարապես բաշխել ուժերը՝ վերահսկողության շրջանակներում արգասավոր պայքարելու նաև նախընտրական շրջանում ու հենց ընտրության օրը կիրարկվող համատարած ընտրակաշառքների, ուղղորդումների, շանտաժի և ճնշումների դեմ։
 
Եվ հենց այս համատեքստում անհրաժեշտ է կարևորել քաղաքացիական կրթության միջոցով քաղաքացու ինքնագիտակցությունը բարձրացնելու՝ ընդդիմության տեսլականը։ Անհատի զարգացման, իմա՝ հմտությունների, գիտելիքների, իմացության ձեռքբերման ու կատարելագործման միջոցով հանրային բարեփոխումների, զարգացման, ինչպես նաև քաղաքացիական ինքնագիտակցության նոր` առավել բարձր մակարդակ ձևավորելու գաղափարն ինքնին շատ գեղեցիկ է: Այո, անձի վերափոխման միջոցով երկրում իշխանափոխության հասնելը երազանքի պես մի բան է, չէ՞ որ բոլորս էլ ցանկանում ենք լինել մի այնպիսի հասարակության մասնիկ, որն արմատապես կգիտակցի ոչ միայն իր պարտականությունները, այլ նաև իր իրավունքները, որի հետ հաշվի կնստի և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Սակայն բանն այն է, որ այս ամենը կյանքի կոչելու համար հարկավոր են տարիներ, տասնյակ տարիներ: 
 
Քավ լիցի, սրանով կասկածի տակ չի դրվում սույն գաղափարի նպատակահարմար լինելու հանգամանքը, ընդհակառակը, ընդդիմությունը, հարկավ, պետք է շարունակի կարևոր այս առաքելությունը, ավելին` էլ ավելի մեծ ռեսուրսներ ներդնի սույն գործում, միայն թե ժողովրդի կողմից պետության կառավարման մանդատը մոտ ապագայում ստանալու համար ընդդիմությունը պարտավոր է ի գիտություն ընդունել հետևյալ փաստը. այո, դուք գործ ունեք մի հասարակության հետ, որն ասում է՝ «որքան երջանիկ եմ, որ ձեզ նման մարդիկ, երիտասարդներ կան, հպարտանում եմ ձեզնով, ձեր տեսակով», սակայն վերցնում է փողն ու ընտրում այն տեսակին, որով ոչ միայն չի հպարտանում, այլև որի համար ամաչում է: Եթե ընդդիմության կատարած աշխատանքը քաղաքացին, դիցուք, գնահատում է մեկ միլիոն դրամ, նա, այդուամենայնիվ, կվերցնի այդ 10 հազար դրամը, քանի որ մեկ միլիոն դրամ գնահատվող աշխատանքը նյութական չէ, այն չի բերում փոփոխություն «այստեղ և հիմա», մինչդեռ քաղաքացին կարող է օգտագործել 10 հազար դրամն «այստեղ և հիմա», քանի որ այն շոշափելի է, նյութական։ Ընդդիմության առաջարկով քաղաքացին չի կարող կոշիկ գնել իր դպրոցական երեխայի համար, որն այդ կոշիկը չունենալու պատճառով զրկված է դպրոց գնալու, և, ըստ այդմ, կրթություն ստանալու հնարավորությունից։ Այստեղ տեղին է հիշել Գանդիի խոսքերը. «Սոված մարդկանց Աստված միայն հացի տեսքով է գալիս»: Այսպիսով, ընդդիմությունը մեկընդմիշտ պետք է հաշվի նստի այս դառը իրականության հետ և հրաժարվի ընտրակաշառք վերցնող քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ) հայտարարելու մտքից։ Եթե ընդդիմությունն իսկապես ցանկանում է հաղթել ընտրություններում, ապա պետք է փորձի առաջիկա մի քանի ընտրություններին այսպես թե այնպես կաշառք վերցնող հազարավոր քաղաքացիների ձայնը «կորզել»։
 
Ինչ վերաբերում է իշխանությանը, ապա վերջինս ունի իր տված գումարի դիմաց ակնկալվող ձայնը ամեն կերպ «պահելու» խնդիր ու կիրառում է այն «ապահովագրելու» տարբեր մեխանիզմներ,և որպես պատկերավոր օրինակ բերենք հետևյալ դեպքը: Իշխանական ուժերից մեկի շտաբում ընտրակաշառք վերցրած քաղաքացուն տրվում էր «հատուկ» գրիչ, որի ծայրին փակցված էր ընդամենը մի քանի դրամ արժողությամբ միկրոլամպ։ Սակայն ընտրակեղծարարներին հաջողվել էր փողը վերցրած, ինչպես նաև այս կամ այն պետական հաստատությունում աշխատող քաղաքացիներին համոզել, որ դա տեսախցիկ է և որի միջոցով իրենք տեսնելու են, թե ընտրողն ում է տալու իր ձայնը։ Քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը հավատացել և ձայնը տվել էր ընտրակեղծարարներին։ 
 
Այսպիսով, հավերժ ընդդիմություն չմնալու համար ընդդիմությունը, շարունակելով քաղաքացուն կրթելու միջոցով անձի վերափոխմանը հասնելու, իրավագիտակից քաղաքացի ձևավորելու իր առաքելությունը, միևնույն ժամանակ, պետք է գիտակցի, որ սերունդների մտածելակերպի փոփոխությունը հնարավոր կլինի իրականություն դարձնել միայն երկարաժամկետ միջակայքում, ասել է թե` տասնյակ տարիների ընթացքում: Մինչդեռ սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական խորը ճգնաժամից դուրս գալու ու այլևայլ բազմաթիվ խնդիրների լուծման երկարաժամկետ հետաձգումը Հայաստանի համար կարող է ճակատագրական լինել: Եվ ուրեմն, ընդդիմությունը երկարաժամկետ նախագծերին զուգահեռ պետք է իրականացնի իրավիճակային աշխատանք` փորձելով ստանալ  անգամ արդեն իսկ ընտրակաշառք վերցրած քաղաքացու քվեն` տալով նրան երաշխիքներ, որ առնվազն ընտրության օրը քվեախցիկում քվեարկությունը լինելու է փակ ու գաղտնի, կամ ապացուցելով, որ ոչ մի «հատուկ» գրիչ էլ գոյություն չունի, և իր կատարած ընտրության մասին իմանալու է բացառապես ինքը` ընտրողը: Իսկ հավակնելով ստանալ միայն իրավագիտակից, ընտրակեղծիքը մերժող քաղաքացու քվեն` ընդդիմությունը ստիպված կլինի յուրաքանչյուր ընտրությունից հետո արդարանալ հերթական ձախողման համար:
 
Մխիթար Հայրապետյան
Քաղաքացիական կրթության կենտրոն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն