Ժամանակն է, որ Երեւանն ու Ստեփանակերտը ջնջեն Ղարաբաղ-Հայաստան սահմանագիծը.Նարինե Մկրտչյան


Ժամանակն է, որ Երեւանն ու Ստեփանակերտը ջնջեն Ղարաբաղ-Հայաստան սահմանագիծը.Նարինե Մկրտչյան

  • 02-11-2016 14:17:33   | Հայաստան  |  Վերլուծություն

«Ինչո՞ւ Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ բջջային կապը սպասարկվում է որպես միջազգային կապ՝ ռոումինգ ծառայությամբ»,-Ղարաբաղ մեկնելու նախորդ օրը հարցնում եմ ՀՀ բջջային կապը կառավարող Beeline Armenia եւ VivaCellMTS օպերատորների աշխատակիցներին:
 
Beeline-ի աշխատակիցն ի պատասխան մեղավոր ժպտում է: VivaCell-ի աշխատակցուհին պարզաբանում է՝ տարբեր պետություններ են. Ղարաբաղն ունի սեփական իշխանություն, Սահմանադրություն: «Ղարաբաղը Հայաստանի մասն է»,-հակադարձում եմ: Սպասասրահում գտնվող հաճախորդներն ուշադիր հետեւում են մեր զրույցին: «Ակտիվացնե՞մ ձեր ռոումինգը»,-հարցնում է աշխատակցուհին: «Ո՛չ,-հրաժարվում եմ,-ես Ստեփանակերտից Երեւան ռոումինգով չեմ խոսի»: Ստեփանակերտում էլ հրաժարվում եմ վերցնել Լրագրողների համահայկական համաժողովի մասնակիցներին բաժանվող «Ղ. Տելեկոմի» բջջային քարտը: 
 
Իմ բողոքն ուղղված է Beeline Armenia-ի եւ VivaCellMTS-ի ղեկավարություններին: Վաղուց ժամանակն է Հայաստան-Ղարաբաղ բջջային կապը սպասարկել որպես տեղական կապ: Այնպես, ինչպես վաղուց ժամանակն է ՀՀ հեռուստաընկերությունների եղանակային քարտեզներին ավելացնել Ղարաբաղը: Քաղաքական այս թվացյալ մանրուքներից է ծնվում մեծ քաղաքականությունը՝ Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման քաղաքականությունը:
 
ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնած Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի 2-րդ մասը հոկտեմբերի 22-24-ը կայացավ Ստեփանակերտում: Համաժողովի իմ ելույթում ես երեք խնդրի անդրադարձա: Առաջինը վերաբերում էր տեղեկատվության անվտանգության հայկական ընկալումներին: Իմ համոզմամբ, ազատ եւ տեղեկացված հասարակությունը, տեղեկատվության ազատությունն ու մատչելիությունն են իրականում ապահովում տեղեկատվական անվտանգությունը: Մեղադրելով Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ նշեցի, որ ապրիլյան պատերազմի եւ հուլիսյան ճգնաժամի օրերին Հ1-ը կամ տեղեկատվություն չէր հաղորդում, կամ ապատեղեկատվությունն էր հաղորդում: Երկրորդ խնդիրը, որին անդրադարձա, Ադրբեջանի հետ համեմատվելու մեր ձգտումն է. մինչդեռ անհրաժեշտ է բարձրացնել ժողովրդավարական ազատությունների, հասարակության եւ պետության զարգացման մեր նշաձողը՝ դադարելով համեմատվել Ադրբեջանի հետ եւ ձգտելով համեմատվել առաջադեմ Եվրոպայի հետ: Երրորդ խնդիրը, որն առանձնացրեցի, հետեւյալն էր՝ պահպանելով բազմակարծության եւ հանրային քննարկումների կարեւոր սկզբունքները՝ փոխել մթնոլորտը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ՝ դադարելով մեր հասարակությանը հաշտեցնել-վարժեցնել նախ փոխզիջումների, ապա եւ՝ ազատագրված տարածքների վերադարձի հետ:
 
Ղարաբաղում ոչ ոք չի խոսում ազատագրված տարածքների վերադարձի մասին: Համաժողովի մասնակցիների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահը, ի պատասխան փոխզիջումների մասին հարցին, ընդգծեց. «Փոխզիջումների իրավունքը վերապահված է հայ ժողովրդին: Իսկ մենք շարունակելու ենք մեր խոնարհ կեցվածքը հայ ժողովրդի նկատմամբ»:
 
Համաժողովի ավարտից հետո մեկնում ենք առաջնագիծ: Մեր մեքենայի վարորդը՝ Էրիկը, քչախոս է: «Երբ խոսում են հողերի վերադարձի մասին, դուք Ղարաբաղում ի՞նչ եք մտածում»,-հարցնում եմ նրան: «Ի՞նչ հող, ի՞նչ բան»,-կարճ ու հատու պատասխանում է Էրիկը:
 
Ստեփանակերտից ամենամոտ ռազմաճակատային առաջնագիծն անցնում է Աղդամ-Ասկերանով. այն պատերազմի ճանապարհ չէ, բայց եւ՝ խաղաղության ճանապարհ էլ չէ: Ճանապարհի աջ կողմում երեւում է Ուղտասարը՝ սապատավոր ուղտի նման կիսապառկած, որը թվում է՝ հիմա կբարձրանա ու կմիանա դեպի առաջնագիծ ընթացող հայ լրագրողների մեր ավտոշարասյանը: Ճանապարհի երկու կողմերում տեղ-տեղ կարմրին են տալիս լքված նռենիները՝ կարծես կանչում են մեզ: Երկար ձգվող տարածքն ավելի շուտ ռազմական գոտի է հիշեցնում, քան բնակավայր: Վերաբնակեցման խնդիրն այսօր Ղարաբաղի ազատության եւ անվտանգության ապահովման հիմնական պայմաններից է, մինչդեռ ավելի քան երկու տասնամյակ այն չի լուծվում: Դատարկվող Հայաստանի հետ Ղարաբաղի՝ երկարաձիգ տարածքի ամայությունից մղկտում է սիրտդ, եւ դարձյալ առաջ է գալիս Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքական պատասխանատվության խնդիրը: Երեւանում հարստացած եւ այնտեղ հաստատված ղարաբաղյան ծագմամբ ՀՀ նախկին եւ ներկա իշխանությունների՝ պաշտոնավարումից հետո Ղարաբաղ վերադարձը վերաբնակեցման ծրագրի կարեւոր քայլը կարող է դառնալ:
Մենք ընթանում ենք Աղդամ-Ասկերանի ուղղությամբ, եւ ես վերհիշում եմ 1993-ի ամռան այս ճանապարհը, ականապատված, հրկիզված արտերով Աղդամը, «Աղդամի պոլկի» տղաներին, ռմբակոծված Ստեփանակերտը, վիրավորներին, զոհվածների դագաղները. այն ամենը, ինչ պատերազմ է կոչվում, երբ ցերեկները քայլում էի պատերազմի միջով, իսկ երեկոները՝ վերադառնում հյուրանոցի կիսավեր իմ համարը: Հիմա Ստեփանակերտում եւ Շուշիիում բարձրակարգ հյուրանոցներ եւ հարուստ առանձնատներ կան, մաքուր փողոցներ. սա կյանքի օրենքն է՝ պատերազմից հետո բուժել վերքերը եւ ոտքի կանգնել: Սա նաեւ Ղարաբաղի կյանքն է:
 
Լրագրողների մեր ավտոշարասյունն անցնում է խորդուբորդ, անձրեւաջրերով լի ճանապարհով: Մոտենում ենք առաջնագծին: Քիչ այն կողմ ադրբեջանական դիրքերն են: Սաղավարտը դնում եմ եւ մոտենում դիտակետին: «Գլուխդ չբարձրացնես, որ տեսնեն՝ կարող է կրակեն»,-ասում է 31-ամյա հրամանատարը՝ Արսենը: Նա մանրամասնորեն ինձ ցույց է տալիս այն ամենը, ինչը կազմում է առաջնագծի զինվորների կյանքը:
 
Ներկայացնում է զինտեխնիկան, բացատրում հայկական այդ դիրքերի առանձնահատկությունը, պատմում զինվորների մարտական պատրաստվածության մասին, վստահեցնելով՝ հարձակման դեպքում ադրբեջանցիներն ուժեղ հակահարված կստանան: Նա պատմում է ապրիլյան պատերազմի, կռվելու համար միմյանց հերթ չտվող զինվորների եւ առաջնագիծ եկած կամավորների մասին:
 
Մեզ «հրավիրում են» առաջնագծի զինվորների «տուն»՝ սեղանին դրված են փայլուն թղթերով կոնֆետներ եւ թխվածքաբլիթ՝ մեզ հյուրասիրելու համար: Այդ հյուրասիրությունից սիրտս կծկվում է. ուզում եմ լաց լինել, բայց շուրջս կանգնած են առաջնագծի քաջ հայ զինվորները, եւ ես էլ պիտի ուժեղ լինեմ: Փորձում եմ զրուցել նրանց հետ՝ Իջեւանից են, Գորիսից, Երեւանից, Ստեփանակերտից: Դուրս եմ գալիս «տնից», նայում եմ պահակակետում կանգնած գրեթե պատանեկան դեմքով զինվորին, որն անգամ հայացքը չի շրջում մեր կողմը: Մտածում եմ, որ այսպես ոչ միայն հայրենիքի զինվոր, այլեւ տղամարդ են դառնում: Հրամանատար Արսենը պատմում է Ստեփանակերտում ապրող իր ընտանիքի՝ կնոջ եւ փոքրահասակ երեխայի մասին: Նրա հանգստությունն ինձ է փոխանցվում. ես հավատում եմ՝ հայկական այդ դիրքերն ամուր են: Հեռանալիս լրագրողները նրանց բարի ծառայություն եւ խաղաղություն են մաղթում, ես ավելացնում եմ՝ եւ հաղթանակ:
 
Արդեն Տիգրանակերտում ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի հետ բացօթյա հանդիպման ժամանակ հարցնում եմ նրան. «Ե՞րբ եք վերադարձնելու 800 հա գրավյալ տարածքը»: Լեւոն Մնացականյանը հազիվ նկատելի շփոթվում է. «Ժամանակին»,-ասում է նա: «Իսկ կարո՞ղ եք հերքել կամ հաստատել այն լուրերը, համաձայն որոնց հայկական կողմին ապրիլյան պատերազմի սկզբում բավականին ուշ է տրվել կրակելու հրամանը»,-ի պատասխան իմ այս հարցին նախարարը գրեթե կրկնում է. «Հրամանը ժամանակին է տրվել»,-առանց հստակեցնելու «ժամանակինը»:
 
Երեկոյան ԼՂՀ նախագահի կազմակերպված հրաժեշտի ընդունելությանը «Մանկական Նոր ալիք-2016» երգի մրցույթում 2-րդ տեղը գրաված, Հայաստանը ներկայացնող 8-ամյա Միշա Գրիգորյանը նախ երգում է մրցույթի երգը՝ «Փոքրիկ ղարաբաղցին», ապա փոքրիկ թաթիկը բռունցք արած՝ մանկական ձայնով երգում է «Մեր անունն է հայկական բանակ»: Միշայի վերնաշապիկին մուգ կապույտ թիթեռնիկ է ամրացված: Նա երգում է՝ երկար դահլիճի մի ծայրից մյուս ծայրը քայլելով, ու ինձ թվում է, որ այդպես նա առաջնագիծ է գնում: Ես լուռ արտասվում եմ, մտածում եմ, որ փոքրիկ ղարաբաղցու երգը թեւածում է աշնանային Ստեփանակերտի երկնքում եւ երեւի հասնում է առաջնագծի հայ զինվորներին, նրանց, ովքեր հայկական բանակն ու դիրքերն են պահում անհաստատ խաղաղության ու չհեռացող պատերազմի մեջ:
 
Հաջորդ օրը վաղ առավոտյան վերադառնում ենք Երեւան: Օդերեւութաբանները գրեթե փոթորիկ են կանխատեսել: Ոչ միայն փոթորիկ չբարձրացավ, այլեւ սիրտս եւ մտքերս առաջին անգամ խաղաղվեցին ապրիլյան պատերազմից հետո: 
Վերադառնում ենք Երեւան, եւ ամեն անգամ որոշում եմ Ղարաբաղ-Հայաստան «սահմանին» իջնել մեքենայից եւ այդ հատվածը ոտքով անցնել, որ հասկանամ, թե ինչ եմ զգում: Ամեն անգամ մոռանում եմ: Նաեւ այն պատճառով, որ այդ սահմանագիծը ես ջնջել եմ իմ մտքերում: Վաղուց ժամանակն է, եր Երեւանն ու Ստեփանակերտն էլ ջնջեն այդ սահմանագիծը: Հայ լրագրողներին տեղափոխող մեր ավտոբուսները հոկտեմբերի 24-ին վերադառնում էին Հայաստան՝ Հայաստանից:
 
Նարինե ՄԿՐՏՉՅԱՆ
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն