Խաբված լենուղցիներն Արմավիրի մարզպետին մեղադրում են իրենց նոր բնակարանների համար փոխհատուցված գումարները շորթելու մեջ (տեսանյութ)
03-11-2016 16:27:09 | Հայաստան | Հասարակություն
Արմավիրի մարզի Լենուղի գյուղի վթարային շենքերից մեկի բնակիչներն այսօր իրենց մանկահասակ երեխաների հետ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի առջև` վարչապետ Կարեն Կարապետյանից պահանջելով լուծել իրենց բնակարանային հարցերը:
Բնակիչներից մեկի` Քնքուշ Սահարյանի փոխանցմամբ` 1988 թվականից պատկան մարմիններից պահանջում են իրենց նոր բնակարաններ տրամադրել, քանի որ իրենք ապրում են վթարային շենքում:
Նրա պնդմամբ` Արմավիրի մարզպետը խոստացել է լուծել խնդիրը մինչև սույն տարվա մայիս ամիս, սակայն խաբել է:
Բնակչուհու խոսքերով` նպաստի համար դիմելիս, իրենց պատասխանել են, որ նոր բնակարանների համար փոխհատուցվող գումարները հաշվեհամարի վրա են, մինչդեռ իրենք ոչ մի գումար չեն ստացել:
Լենուղցիների համոզմամբ` նոր բնակարանների համար փոխհատուցված գումարները մարզպետը «կերել» է: