«Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպություն»-ն առաջարկում է 400-500 դրամ նստելավարձ սահմանել բոլոր տաքսիների համար(տեսանյութ)
04-11-2016 17:18:13 | Հայաստան | Հասարակություն
Ճանապարհային երթևեկության կազմակերպման և կարգավորման ոլորտում սկզբունքային նոր գաղափար է ցանկանում ներդնել «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպություն»-ը. Այն է` անցնել սակագնի միասնական հաշվարկման համակարգի, որի պարագայում պետականորեն կսահմանվի նստելավարձի կոնկրետ չափ և բոլոր տաքսու վարորդները տաքսի ծառայությունների հետ մեկտեղ կանցնեն այդ համակարգին: Այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահ Սերգեյ Գյոզալյանը։
Ըստ նրա` իրենք առաջարկում են նստելավարձ սահմանել 400-500 դրամի սահամներում և առաջին իսկ կիլոմետրից սկսած գանձել գումար ըստ սահմանված սակագնի:
Ս. Գյոզալյանի խոսքերով` նշյալ առաջարկը մի քանի խնդիր է լուծում.
«Նախ և առաջ ոլորտի բոլոր ծառայություն մատուցողները գտնվում են մեկնարկային հավասար պայմաններում և չի ստեղծվում դեպինգի հնարավորություն, ինչպես որ կիրառեց «Յանդեքս»-ը. Այս պարագայում այդ դեմպինգի հնարավորությունը նվազում է»,- ասաց նա` հավելելով, որ ներկայիս ուղևարձի թանկացումը 200 կամ 300 դրամով չի ազդելու տաքսի ծառայություններից օգտվողների թվի կրճատման վրա, քանի որ ուղեվարձի թանկացման պարագայում տաքսու վարորդները հնարավորություն կունենան հավելյալ գումարներն ուղղել մեքենաների տեխնիկական վիճակի բարելավմանը, 16 ժամվա փոխարեն կաշխատեն 8 ժամ:
Ս. Գյոզալյանը նկատում է, որ վթարների մեծ մասը տաքսու վարորդների մասնակցությամբ լինում է այն պատճառով, որ վարորդը հոգնած է:
Բանախոսի համոզմամբ` կոնկրետ չափով նստելավարձի սահմանման դեպքում այլևս մարզերի վարորդները չեն գա և մայրաքաղաքում ծառայություն չեն մատուցի, քանի որ դա իրենց ձեռնտու չի լինի, իսկ սպառողական տեսանկյունից ներկայիս խայտաբղետ իրավիճակն այլևս կվերանա և սպառողը չի հայտնվի մոլորության մեջ տաքսուց օգտվելիս:
Անդրադառնալով տաքսիների սակավհաշվիչները պլանշետներով փոխարինելու խնդիրներին` «Անհատ տաքսու վարորդների անկախ արհեստակցական կազմակերպության» նախագահն ընդգծեց, որ տեխնոլոգիական զարգացումներից չպետք է հետ մնալ, սակայն փորձը ցույց է տվել, որ պլանշետերի միջոցով իրականացվող չափումները ոչ միշտ են ճշգրիտ:
Ս. Գյոզալյանի խոսքերով` այսօր Հայաստանում կան սակավհաշվիչներ արտադրող երկու ընկերություններ, որոնց արտադրանքը համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին և բավականին մատչելի է, հետևաբար եթե սակավհաշվիչները փոխարինվեն պլանշետերով, ապա հայրենական արտադրությանն էական վնաս կհասցվի:
Կազմակերպության կողմից առաջարկվող մյուս փոփոխություններին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ տեսանյութում: