Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում (տեսանյութ)


Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում (տեսանյութ)

  • 04-11-2016 17:46:19   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն



Նոյեմբերի 4-ին Բեռլինում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամում հանդիպում ունեցավ Գերմանիայի Բունդեսթագի անդամների, առաջատար վերլուծաբանների և քաղաքագետների հետ: Հանդիպմանը ներկա էր Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմանը:
 
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը, արժևորելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, բարձր գնահատեց Գերմանիայի օրենսդիր մարմնի սկզբունքային դիրքորոշումը։
 
Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց հայ-գերմանական փոխգործակցության և դրա հետագա ամրապնդման և խորացման հեռանկարների շուրջ։
 
Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակիցներին ներկայացրեց ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերած լայնածավալ ռազմական գործողությունների մանրամասները, այդ թվում միջազգային մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումները, ադրբեջանական ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովների արդյունքները, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Նախարարը նշեց, որ Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել այս կապակցությամբ գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները և, շարունակելով սրել իրավիճակը շփման գծում, լուրջ վնաս է հասցնում խաղաղ հանգուցալուծման այդ ջանքերին:
 
Նախարար Նալբանդյանը շեշտեց. «Նման հերթական սադրիչ դրսևորումներից է մեկ շաբաթից Ադրբեջանում նախատեսված լայնածավալ զորավարժությունների անցկացումը, որոնցում, ըստ Բաքվի, ներգրավված են լինելու ադրբեջանական գրեթե ողջ զինուժը ու ռազմական տեխնիկան, ինչը սպառազինությունների վերահսկման միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է։ Սա է Ադրբեջանի ղեկավարութան արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացն առաջ մղելու կոչերին»։
 
ՀՀ ԱԳՆ ղեկավարը գերմանացի օրենսդիրներին և փորձագետներին տեղեկացրեց Հայաստանում ընթացող բարեփոխումների մասին, կարևորելով այդ գործընթացում գործընկեր երկրների և միջազգային կազմակերպությունների օժանդակությունը։
 
Անդրադարձ եղավ մի շարք հրատապ տարածաշրջանային խնդիրներին և դրանց հանգուցալուծման հնարավորություններին։
 
Հանդիպմանը ծավալված շահագրգիռ քննարկման ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play